Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թե ինչպես հայագետ Ադոնցը փրկեց մի քանի հայ երիտասարդների Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

Հունիս 16,2022 14:00

Գեղամ Եգորի Սարգսյանը 1908թ.-ին Երեւանի հայոց հոգեւոր Թեմական դպրոցի հոգաբարձու Կանտուրալյանի անմիջական միջնորդությամբ ընդունվել է Երեւանի թեմական դպրոց: 1916 թ.-ին ավարտելով Երեւանի թեմական դպրոցը՝ Պետերբուրգից գիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով ժամանած պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցի անմիջական միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարան: 1918-ին մասնակցել է Սարդարապատի պաշտպանական կռիվներին, իսկ 1920թ.-ի ամռանը՝ Հայաստանի ազգային կառավարության նախաձեռնած՝ դեպի Իգդիրի գավառ հարձակմանը: 1920-ական թվականներին իր անմիջական ջանքերով հիմնադրվել են մի շարք դպրոցներ։ 1937 թ.-ին կեղծ մատնագրի հիման վրա կալանավորվել է եւ աքսորվել Հեռավոր Արեւելքի, Մագադանի աքսորականների ճամբարներ։ 1952 թ.-ին Գեղամ Ե. Սարգսյանի վերաբերյալ պաշտոնապես որոշում է կայացվել, որ նրա դատվածությունն ապօրինի է եղել, ներկայացված մեղադրանքը չեղյալ է համարվել, եւ նա լիովին արդարացվել է: Մահացել է 1987 թվականին՝ 92 տարեկանում՝ մինչեւ վերջ պահպանելով պայծառ միտքը եւ աշխարհին ուղղված լուսավոր հայացքը: Իր ուսումնառության տարիների եւ 1916թ. Ծաղկաձորում հայտնի հայագետ, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի հետ հանդիպման մասին է նրա թողած հուշագրության այս հատվածը։ Այն անտիպ է, տպագրվում է առաջին անգամ:

«Որպես հոգեւոր դպրոց՝ Երեւանի թեմական դպրոցում առաջին տեղը տրվում էր կրոնական առարկաներին: Ժանդարմերիան հետեւում էր ուսման ծրագրի իրագործմանը: Երբ ժանդարմերիայից գալիս էին դպրոց խուզարկության, կասկածելի ուսուցիչները թեմական դպրոցի փոքր բակի դռնով հեռանում էին, մինչեւ վտանգն անցնում էր: Դպրոցն ուներ առաջինից տասներորդ դասարաններ: Այն ժամանակ ուսուցումը շատ խիստ էր. մի հասարակ սխալի համար աշակերտը վերաքննություն պետք է հանձներ եւ աշնանը քննությունը չբռնելու դեպքում մնում էր նույն դասարանում: Երկրորդ տարին նույն դասարանում մնալու դեպքում հեռացվում էր դպրոցից: Չնայած դպրոցի հոգեւոր լինելուն՝ իմ ուսման ժամանակահատվածում դպրոցն ուներ աչքի ընկնող բարձրագույն կրթություն ստացած մանկավարժական կազմ եւ հմուտ մանկավարժ հոգեբան տեսուչ (տնօրեն): Մեր տեսչին շատ էինք հարգում, մասնավորապես այն բանի համար, որ նա ծրագրից դուրս մեզ դասավանդում էր մանկավարժություն, տրամաբանություն եւ հոգեբանություն: Ուսուցիչների մեջ կային արժանավոր դասատուներ, որոնց հարգում եւ սիրում էինք: Գիտական առարկաները դասավանդում էր դպրոցի տեսուչը՝ Արշակ Չիլինգարյանը (հայ ականավոր մանկավարժ, հոգեբան. ավարտել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, 1893-97 թթ. մասնագիտացել է Ենայի, Լայպցիգի եւ Բեռլինի համալսարաններում, դասագրքերի եւ գիտական աշխատությունների հեղինակ, զգալի ներդրում է ունեցել մանկավարժության եւ հոգեբանության առաջավոր մեթոդները հայ դպրոցում արմատավորելու գործում.- Հ. Ս.):

Հայոց գրականության եւ գերմաներենի դասատուն Մարտիրոս Հարությունյանն էր, ընդհանուր պատմությանը՝ Հայրապետ Մուսայելյանը: Հայոց պատմությունը դասավանդում էր Արսեն Տերտերյանը (բանասիրական գիտ. դ-ր, պրոֆեսոր, ակադեմիկոս. ավարտել է Շուշիի հոգեւոր սեմինարիան, ապա՝ Գեւորգյան ճեմարանը. 1929-53թթ. եղել է Երեւանի համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը.- Հ. Ս.): Թեմական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն էր Ալեքսանդր Մելիքյանը (անվանի ինժեներ-տեխնոլոգ, մաթեմատիկոս, մանկավարժ. ավարտել է Ս. Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: 1908-15թթ. նախագծել եւ կառուցել է Երեւանի ջրմուղը, Հայաստանում առաջին տեխ. դպրոցների հիմնադիրներից է.- Հ. Ս.): Մեր կրոնուսույցը քաղաքում հայտնի Սարգիս վարժապետն էր, որն ուներ բարձրագույն կրոնական կրթություն եւ «Զորավար» եկեղեցու երեցփոխն էր: 1916 թ.-ին ավարտեցի դպրոցը եւ հասունության վկայական ստացա:

Օգոստոս ամսին վեց ընկերով մեկնեցինք Գեղամա լեռնաշղթա՝ մեր յայլա սարերը, որպեսզի խուսափենք զինվորագրությունից: Միջնակարգ կրթություն ստացած երիտասարդությանը զորահավաքի ենթարկելով՝ ուղարկում էին Թբիլիսիում բացված սպայական վեցամսյա դասընթացները, ինչից հետո՝ ռազմաճակատ: Ինձ հետ ավարտած 27 ընկերներից 15-ն այդ ձեւով թնդանոթի միս դարձան արեւմտյան ռազմաճակատներում: Մի քանի օր սարերում լավ օրեր անցկացնելուց հետո մեկնեցինք Ծաղկաձոր: Ս. Աստվածածնի տոնի օրը փողոցում՝ վանքի ճանապարհին, մեզ կանգնեցրեց Երեւան քաղաքի հայտնի հարուստ՝ պահածոների գործարանատեր Դոլուխանովը, որը թեմական դպրոցի հոգաբարձու էր. իսկ մենք թեմական դպրոցի տարազով էինք: Նրա հարցին, թե ինչ ենք անում այնտեղ, քաղաքավարությամբ պատասխանեցինք: Ապա Դոլուխանովը բացատրեց մեզ, որ Պետերբուրգից պրոֆեսոր Ադոնցը Էջմիածնի ճեմարանի հայր-տեսչի՝ Գարեգին վարդապետի հետ եկել են՝ Ծաղկաձորի Կեչառիս վանքն ուսումնասիրելու:

Իմանալով, որ մեզնից մի քանիսը երգիչներ են, պատվիրեց պատարագին ելույթ ունենալ՝ խոստանալով մեզ մասնակից դարձնել տանձենիների անտառում տեղի ունենալիք ժամանցին, որ կազմակերպել էին պրոֆեսոր Ադոնցի եւ հայր-տեսչի պատվին: Մեր ելույթը Սուրբ պատարագին լավ տպավորություն էր թողել պրոֆեսորի վրա, որը ժամանցի ընթացքում առաջարկեց, հանձինս մեզ, խմել հայ երիտասարդության կենացը: Ընկերներիս կողմից համարձակություն ունեցա շնորհակալություն հայտնելու՝ միաժամանակ ավելացնելով, որ ներկայիս երիտասարդությունը դժբախտ սերունդ է, որովհետեւ երկար տարիների ընթացքում կրթություն ստանալով՝ պետք է թնդանոթի միս դառնա ռազմաճակատներում՝ ոչ մի օգուտ չտալով ո՛չ հայրենիքին, ո՛չ էլ իրենց ծնողներին:

Պրոֆեսոր Ադոնցը շեշտակի նայեց Գարեգին հայր սուրբին եւ պարտադրեց նրան երիտասարդության կյանքը փրկելու համար լայն բացել ճեմարանի դռները՝ ընդունելով այնտեղ Երեւանի, Շուշվա թեմական դպրոցներն ավարտողներին: Ճեմարանի հայր-տեսուչը մեզ պատվիրեց սեպտեմբերի 1-ին Էջմիածնի ճեմարանում հանդիպել իրեն: Սեպտեմբերի 1-ին մի խումբ ընկերներով՝ թվով 10 հոգի, Գարեգին հայր-սուրբի առաջնորդությամբ ընդունվեցինք Վեհափառ կաթողիկոսի՝ Գեւորգ 5-րդի կողմից: Վեհափառը լսելով ճեմարանի հայ-տեսչի բացատրությունը՝ մեզ ճեմարան ընդունելու մասին, տվեց իր հաճությունը եւ, օրհնելով մեզ, ճանապարհեց: Մենք ընդունվեցինք ճեմարանի վերջին դասարանը: Լսարաններում տեղ չկար: Ճեմարանում ես սովորեցի մինչեւ նոյեմբերի 10-ը. տեղեկանալով, որ կառավարությունն ուսուցիչներին ազատում է զինվորագրությունից՝ իմ ընկերներից մեկի՝ Հայկ Մնացականյանի հետ հեռացանք ճեմարանից եւ, Երեւանում դիմելով թեմակալ առաջնորդ սրբազան եպիսկոպոս Խորեն Մուրադբեկյանին, խնդրեցինք մեզ ուղարկել որեւէ գյուղ ուսուցչի պաշտոնով: Սրբազանը, հարգելով մեր խնդիրքը, երկուսիս էլ նշանակեց ավագ ուսուցիչներ, ինձ՝ Սարդարապատի շրջանի Մոլլաբայազետ գյուղում, Հայկին՝ մի ուրիշ գյուղ»:

Հուշագրությունից հատվածը ներկայացրեց
Գեղամ Սարգսյանի թոռնուհի Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930