Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆիլհարմոնիկը հիացրել է գովեստի խոսքերում ժլատ ռուս երաժշտաքննադատին

Հունիս 16,2022 13:00

Մոսկվայում հունիսի 10-ին մեկնարկեցին Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները՝ նվիրված Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Մեկնարկային համերգով Չայկովսկու անվան համերգասրահում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Հանդիսատեսին ներկայացվեց Արամ Խաչատրյանի Սյուիտը «Սպարտակ» բալետից, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար ու Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկ սիմֆոնիան»։ Որպես մենակատար հանդես եկավ անվանի դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը։ Համերգի պատվավոր հյուրն էր միջազգային համբավ ունեցող տենոր, Երեւանի ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը։


Հայաստանի ֆիլհարմոնիկի համերգին արձագանքել են ռուսաստանյան ԶԼՄ-ները, այդ թվում՝ մասնագիտական պարբերականներ։ Ներկայացնում ենք ռուս երաժիշտների որակմամբ՝ գովեստի խոսքերում ժլատ երաժշտաքննադատ Վիկտոր Ալեքսանդրովի կարծիքը.
«Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մոսկովյան ելույթի գագաթնակետը, միանշանակ, Չայկովսկու 6-րդ «Պաթետիկ սիմֆոնիայի» մեկնաբանությունն էր։ Նվագախումբը նվագում էր անսահման հուզական եւ լիակատար նվիրումով, խստորեն հետեւելով դիրիժորին, որի հրաբխային էներգիան ոգեւորում էր նաեւ ունկնդրին։ Զարմանալի հավասարակշռված կատարում, ֆենոմենալ ձայնային գունապնակ եւ նվագախմբի անսամբլների ներդաշնակություն, կոմպոզիցիայի հստակ կառուցվածք, ու դա, անկասկած, մաեստրո Թոփչյանի արժանիքն է՝ ինտելեկտուալ դիրիժորի եւ ապշեցուցիչ երաժշտի։ Սիմֆոնիայի ողբերգական եզրափակիչ մասի վերջին հնչյունները աստիճանաբար մարեցին՝ կոնտրաբասների հանգիստ ու չափված պիցցիկատոներով, ինչպես սրտի վերջին բաբախումները…

«Սպարտակ» բալետից երեք ֆրագմենտները հնչեցին արտասովոր տարերային ուժով եւ ոգեշնչվածությամբ։ Մաեստրոյի ղեկավարությամբ նվագախումբը նվագում էր ոգեւորված ու անհավանական արտահայտիչ՝ դահլիճը լցնելով խաչատրյանական երաժշտության իսկապես վեհաշուք ու ծավալուն հնչողությամբ։ Ինչ խոսք, գագաթնակետն էր Սպարտակի ու Ֆրիգիայի հանրահայտ ադաջիոն։ Մտաբերեցի Արամ Իլյիչի խոսքերը, որ այժմ էլ արդիական են՝ այո, հերոսները չեն մահանում, նրանք ապրում են մարդկանց սրտերում եւ օգնում նրանց պայքարել ու հաղթել։

Բաբաջանյանի «Հերոսական բալլադի» կատարումը բարձրության վրա էր՝ շնորհիվ Ալեքսանդր Գինդինի եւ նվագախմբի հիանալի փոխըմբռնման։

Համերգի հատուկ հյուրը՝ Լիպարիտ Ավետիսյանը, Հայաստանի հայտնի տենորներից է, երգիչ՝ ում ձայնի տեմբրը գերում է անկեղծությամբ ու արտասովոր խորությամբ։ Այսօր նա բեմ է բարձրանում աշխարհի լավագույն թատրոններում՝ լինելով Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ… Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, տենորը հանդես եկավ Լենսկու արիայով՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից։ Հրաշալի էր…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. – Պ. Ի. Չայկովսկու անվան համերգասրահում կայացած Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան։ Երեկոյի հյուրերին եւ մասնակիցներին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնները փոխանցեց դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն։

«Առավոտ» օրաթերթ
15.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ես հիշում եմ ,թե ինչպես էի գովում ինքնագործ խմբակի ներկայացումը,որը ստեղծվել էր Արցախի հեռավոր գյուղում։
    Շատ ու շատ ջերմ բառեր ասացի նրանց,իրոք շատ հուզված էի։
    Բայց երբ Ստուրուայի ներկայացումներին գնացի,”Մակբեթ” և “Կովկասյան կավճե շրջան” հիշում եմ,որ ոչինչ չասացի։
    Գովեստի խոսքեր հիմնականում ասում են այն ժամանակ ,երբ ստեղծագործական վերելքից են նայում քեզ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930