Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գիտական ներուժից էլ զրկվենք, կդառնանք ճ կլասի պետություն»

Հունիս 16,2022 12:30

Ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը՝ գիտական ներուժի նվազման եւ երիտասարդությանը գիտություն բերելու մասին

Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, որ այսօր սոցիոլոգիայում, այսպես ասած՝ ընդդիմադիր եւ իշխանամետ լինելու միտումներ են նկատվում, մի՞թե սոցիոլոգիան կարող է լինել «ընդդիմադիր սոցիոլոգիա» կամ «իշխանամետ սոցիոլոգիա», ճանաչված սոցիոլոգ, ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանն ասաց. «Եվ համաձայն չեմ, եւ համաձայն եմ, որովհետեւ նույն բանը կարելի է ասել ոչ միայն սոցիոլոգների, այլեւ տնտեսագետների, քաղաքագետների, պատմաբանների մասին… Իսկ այդ նույն բանը կարելի՞ է ասել մաթեմատիկոսների, ֆիզիկոսների մասին, չի ստացվի: Եթե իրենք նույնիսկ ընդդիմադիր են, ընդդիմադիր են ոչ թե իրենց գիտական գործունեությամբ, այլ մարդկային առումով:

Կարող են ասել՝ ես այս կուսակցությունն եմ նախընտրում կամ այն: Ընդհանրապես գիտությունն ազգություն չունի ու չպետք է ունենա: Եթե այն իսկական գիտություն է, հիմնվում է միայն գիտական ցուցանիշների, գիտական չափանիշների եւ ուղղությունների վրա: Եթե այս կամ այն գիտնականը՝ քաղաքագետը, փիլիսոփան կամ տնտեսագետը համակիրն է որեւէ կուսակցության, դա իր անձնական հարցն է, մենք չէ՞ որ ունենք խղճի ազատություն, խոսքի ազատություն: Այնպես որ, այս դեպքում էլ՝ ցանկացած մարդու իրավունքն է նախապատվությունը տալ ընդդիմությանը եւ ոչ թե իշխանությանը, կամ հակառակը, բայց երբ խոսքը գնում է գիտական ուսումնասիրության մասին, այստեղ չկա քաղաքականություն եւ չպետք է լինի: Այստեղ խոսում է միայն մասնագիտական մակարդակը, ուրիշ ոչինչ: Իհարկե, սա մի քիչ դժվար է տարանջատել, եւ երբեմն շատերի մոտ չի ստացվում, բայց ճիշտը դա է»,-ասաց Գեւորգ Պողոսյանը:

Ի պատասխան մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ անել, որ երիտասարդները գան գիտություն, կոնկրետ սոցիոլոգիային նախապատվությունը տան, Գեւորգ Պողոսյանն ասաց, որ որոշակի ներհոսք ունեն, ապա հավելեց. «Իհարկե, այս 30 տարիների ընթացքում հատկապես ակադեմիական գիտությունը, գիտական գործունեությունն արժեզրկվել է, որովհետեւ շատ բան դրվել է եկամտի չափի, մակարդակի, եկամտի հնարավորություններ վրա: ԽՍՀՄ տարիներին ակադեմիական համակարգում շուրջ 7000 գիտնական ունեինք, այսօր մնացել են 3500: Գիտնականների մի մասն ընդհանրապես մեկնել է Հայաստանից, մյուս մասն էլ գիտության համակարգից տեղափոխվել է ուրիշ համակարգեր»:

Ակադեմիկոսը, որ 25 տարի ինստիտուտի տնօրեն է եղել, փաստում է. «Վերջին 3-4 տարիներին մեր ասպիրանտուրայում եղած տեղերն ու հայտերը մնում են դատարկ: Նախկինում ասպիրանտուրայում 2-3 տեղ ունեինք, բայց 10 դիմորդ էր լինում, հիմա 2-3 տեղ ունենք, բայց 1-2 դիմորդ է լինում: Եվ դա վերաբերում է ոչ միայն սոցիոլոգիային, այլեւ ամբողջ ակադեմիական համակարգում մենք 30-33 ասպիրանտուրական տեղեր ունենք, ու ցավոք, դա համալրում ենք մոտավորապես 75-80 տոկոսով, որովհետեւ մարդիկ չեն գալիս ասպիրանտուրա: Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ այս սերունդն ավելի պրագմատիկ է, կողմնորոշված է կյանքի ավելի ռեալ արդյունքներ տեսնելու… Մեզանում լուրջ գիտնականը լավագույն դեպքում ստանալու է 150-200 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ, օրինակ, ծրագրավորողը՝ մինչեւ 3000 դոլար: Սա լուրջ խնդիր է, եւ ի վերջո բերելու է նրան, որ Հայաստանի գիտական ներուժը նվազելու է: Մենք ծով չունենք, նավթի, գազի հանքեր չունենք, մեր միակ հարստությունը մտավոր, գիտական ներուժն է, եթե սա էլ վատնենք՝ վճարելով նվազագույն աշխատավարձեր, այս ներուժից էլ կզրկվենք ու կդառնանք ժողովրդական լեզվով ասած՝ ճ կլասի պետություն: Ի դեպ, ԽՍՀՄ-ում Հայաստանը երրորդ տեղում էր իր գիտական եւ արդյունաբերական ներուժով՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո: Այս 30 տարվա ընթացքում Հայաստանի ամեն նոր եկող վարչապետ հարց է բարձրացրել՝ իսկ ակադեմիան մեզ պե՞տք է, գուցե փակե՞նք: Ես էլ միշտ ասել եմ՝ այդ տրամաբանությամբ՝ Մատենադարանն ի՞նչ ենք անում, Էջմիածինն ի՞նչ ենք անում, Սեւանն ի՞նչ ենք անում… Սրանք ազգային արժեքներ են, մեր հիմքը, որ մեր ինքնությունն է ապահովում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
15.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930