Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չի՛ կարելի զայրացնել ռուսին». պաշտոնական Երեւանը հակադրվեց

Հունիս 16,2022 12:00

Իսկ թե ինչ տարբերություն կա «զայրացած» կամ «չզայրացած» ռուսի միջեւ հայկական շահի տեսանկյունից՝ անհայտ է մնում

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ ղարաբաղյան կարգավորումը քննարկելուց հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարայից անցյալ շաբաթ ժամանեց Երեւան, մասնակցեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Մինչ այդ նիստին մասնակցելը՝ նա մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ ՀՀ իշխանությունների հետ:

Տեղեկատվություն չտարածվեց, թե Լավրովը Չավուշօղլուի հետ ինչ է քննարկել կոնկրետ ղարաբաղյան կարգավորման թեմայով, փոխարենը՝ Երեւանում արդեն Լավրովը որոշ անորոշ հայտարարություններով հանդես եկավ՝ կրկին չհստակեցնելով իր ասելիքը:

Ուշագրավն այն է, որ ի տարբերություն հայաստանյան ընդդիմության, որը որեւէ հարց չունի ՌԴ-ի իշխանությանը՝ կապված թե՛ ղարաբաղյան կարգավորման, թե՛ Հայաստան-Ադրբեջան խնդիրների հարցով, պաշտոնական Երեւանը գոնե հրապարակավ ե՛ւ Լավրովի հետ հանդիպմանը, ե՛ւ ՀԱՊԿ-ական հավաքի շրջանակներում բարձրաձայնում է, որ այս կամ այն խնդիրը լուծված չէ եւ որ պաշտոնական Երեւանն ակնկալիքներ ունի Մոսկվայից ու ՀԱՊԿ-ից:

Այսպես, հունիսի 9-ին նախ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Լավրովի հետ։ Նրանք քննարկել էին տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր: Միրզոյանն ընդգծել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեության առանցքային նշանակությունը՝ ինչպես սադրանքների կանխման եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, այնպես էլ՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման գործում, եւ այս համատեքստում նա հույս է հայտնել, որ մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի մերձակայքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, Ադրբեջանի կողմից խախտված ստատուս-քվոն կվերականգնվի։ Միրզոյանը նաեւ բարձր է գնահատել ՌԴ միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետեւողական աշխատանքը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանի անվտանգության, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղություններով։

ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ նախարարների հանդիպումից հետո, Միրզոյանը Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում արձանագրել էր, որ երկկողմ օրակարգի հետագա առաջմղման համատեքստում դրական են գնահատում ռազմավարական դաշինքի առկա բոլոր մեխանիզմների արդյունավետ աշխատանքը, ներառյալ՝ առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, միջխորհրդարանական հանձնաժողովի եւ միջտարածաշրջանային համաժողովի գործունեությունը, եւ հայտնել էր, որ Լավրովի հետ քննարկման առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։ «Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է ԼՂ-ի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության եւ բոլոր իրավունքների ապահովման ու ԼՂ-ի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ ԼՂ-ի հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, եւ մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձեւաչափի գործունեությունը։ Հիշեցնեմ, որ մեր երկրների ղեկավարները իրենց վերջին համատեղ հայտարարությամբ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։

Թեեւ Արեւմուտք-Ռուսաստան լարվածության ֆոնին ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն այս փուլում անհնարին է, այնուամենայնիվ, պաշտոնական Երեւանը ՌԴ ներկայացուցչի հետ մամլո ասուլիսում ընդգծեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափի գործունեության համատեքստում: Ուշագրավ էր Միրզոյանի հետեւյալ միտքը. «Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ», ինչպես նաեւ հետեւյալ արձանագրումը. «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը` ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական եւ հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Միեւնույն ժամանակ, ռազմական գործողությունների ավարտից գրեթե մեկուկես-երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է Հայտարարության դրույթների կատարումը եւ հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին եւ մյուս պահվող անձանց։ Հույս ունենք, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»։

Սրանք ուղղակիորեն ռուսական տիրույթում գտնվող հարցեր էին: Մինչ այժմ ռուսական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ՌԴ խաղաղապահներն, այսպես ասած, լրջագույն «բացթողումներ» են ունեցել եւ, երբեմն, նրանց պահվածքից տպավորություն է ստեղծվում, որ ռուս-ադրբեջանական տանդեմը ԼՂ-ում գործում է ի վնաս հայկական շահերի:

Ուշագրավ էր փաստը, որ Միրզոյանը Լավրովի հետ ասուլիսում արձանագրեց, որ «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակվում է հայատյաց եւ ծավալապաշտական հռետորաբանությունը, շարունակական սադրանքները եւ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները», մի թեմա, որը Մոսկվան ակնհայտորեն անտեսում է։ Գալով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերին՝ Միրզոյանը նշել էր. «Տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի համատեքստում ընդգծել ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լոգիստիկ կապը։ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված է այս գործընթացի հստակ շրջանակը եւ հուսով ենք, որ փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի վերջին նիստը տեղի ունեցավ վերջերս Մոսկվայում, իր դրական արդյունքները կգրանցի։ Մենք գոհունակություն ենք հայտնել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպման կապակցությամբ եւ հույս հայտնել վերջինիս արդյունավետ գործունեության առնչությամբ։ Արդեն իսկ հայտարարվել է, որ այս ձեւաչափի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում։ Ակնկալում ենք, որ ռուսական կողմն իր խորհրդատվական աջակցությունը կցուցաբերի այս գործընթացին՝ համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ արձանագրված պայմանավորվածության»։

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայկական կողմի դիրքորոշումից պարզ դարձավ, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում պատկերացումները չեն համընկնում: «Մենք կարծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ հնարավոր չէ չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, չհասցեագրել եւ քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը։ Մենք նաեւ հավատացած ենք, որ այդ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Սա է այն միջազգային ձեւաչափը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը գտնելու նպատակով»,- նկատել էր Միրզոյանը:

Ի դեպ, թե՛ սահմանազատման, թե՛ ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմաներից խոսելիս՝ Միրզոյանի խոսքում որոշակի պեսիմիզմ նկատվեց. «Բանակցություններն ընթանում են, ինչպես Սերգեյ Վիկտորին ասաց, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով: Ըստ էության, բանակցություններ ասել, թերեւս, փոքր-ինչ չափազանցված է այս փուլի համար, բայց սկիզբը դրված է, մեկնարկը տրված է այս գործընթացի. տեղի է ունեցել առաջին հանդիպումը… Նաեւ որոշակի դրական տեղաշարժ ենք տեսնում տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով: Անշուշտ, ասել, որ կա լիարժեք պատկերացում՝ սխալ կլինի: Բայց նաեւ ուզում եմ ասել, որ կա դրական տեղաշարժ: Եվ այստեղ պետք է անպայմանորեն ընդգծեմ, որ հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շարունակական ազատ չարձակելը Բաքվի կողմից, ինչպես նաեւ մշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունները, եւ ընդհանուր առմամբ, հակահայկական հռետորաբանությունն ու սադրիչ գործողությունները, որ մենք տեսնում ենք Բաքվից, միայն խանգարում են այս գործընթացներին: Առիթը օգտագործելով՝ ուզում եմ եւս մեկ անգամ ե՛ւ Բաքվի, ե՛ւ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավել այս հարցերին»:

Երեւանում ընթացող ընդդիմության ցույցերի վերաբերյալ հնչեցված հարցին ի պատասխան Միրզոյանի հայտարարությունների հասցեատերը՝ միանշանակ Մոսկվան էր: Ռուսաստանյան իշխանական լրատվականները «աննախադեպ» ուշադրություն էին դարձնում մայրաքաղաքի փողոցներում ընթացող ընդդիմության ցույցերին՝ ակնհայտորեն հայաստանյան ներքաղաքական իրավիճակը «ճգնաժամային» ներկայացնելու նպատակով:

Լավրովի հետ ասուլիսում Միրզոյանի հայտարարություններում որոշակիորեն ճշմարտության հատիկներ կային, երբ նա անդրադարձավ հարցի բովանդակային կողմին. «Որքանով, որ հասցրել եմ հետեւել եւ հասկանալ, հանրահավաքներ կազմակերպող եւ մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ քաղաքականություն չի վարում Լեռնային Ղարաբաղի հարցում, ճիշտ քաղաքականություն չի վարում Ադրբեջանի հետ բոլոր նշածս, արդեն քիչ առաջ թվարկածս ուղղություններում, բանակցություններում, ճիշտ քաղաքականություն չի վարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ այլն, եւ այլն: Եվ այստեղ պետք է ասեմ, որ տարօրինակորեն մենք չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա, եւ իշխանությունը ինչ-որ կերպ փոխանցվի այդ ուժերին, նրանք պատրաստվում են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կամ 2021թ. հունվարի 11-ի եւ արդեն նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունները, պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից, պատրաստվում են կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, եւ այլն: Այսինքն, եթե այդպիսի մոտեցում հայտարարվեր, գուցե տրամաբանական լիներ, որովհետեւ մեր մոտեցումը ես արդեն ներկայացրեցի, եւ վաղուց հանրահռչակված է: Եվ ահա այս հավակնորդ քաղաքական ուժերը, ենթադրում եմ՝ տրամաբանական կլիներ, որ այս առանցքային հարցերում հակառակ դիրքորոշում ունենային: Կրկին, ես շատ չեմ հասցրել հետեւել, բայց ինչքանով որ հասցրել եմ, որեւէ խոսք՝ նշածս գործընթացները կասեցնելու, այդ գործընթացներից դուրս գալու մասին չեմ հանդիպել, ինչն ինձ թույլ է տալիս ենթադրել, որ, այնուամենայնիվ, այդ քննարկվող թեմատիկան զուտ ընդդիմության կողմից ոչ այնքան գեղեցիկ կերպով շահարկման ճանապարհ է եւ առիթ»:

Եվ, ի դեպ, մի ուշագրավ փաստ եւս. Լավրովի երեւանյան այցի օրերին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին» հեռացրեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը: Հիշեցնենք, հարցազրույցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն արգելափակել էր երկրի տարածքում գործակալության հասանելիությունը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան ասել էր, թե ռուսական պետական լրատվամիջոցները տարածում են զրպարտիչ բնույթ ունեցող հայտարարություններ՝ ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ի նպաստ «անջատողական միտումների»:

Մի պահ պատկերացնենք, թե հայաստանյան ընդդիմության քանի կարկառուն ներկայացուցիչ սրընթաց մամլո ակումբներ կհասնեին, հարցազրույց կտային ու քանի տասնյակ ֆեյսբուքյան «հուժկու» գրառումներ կկատարեին սույն քստմնելի, ադրբեջանամետ քայլին համարժեք խոսքային «հակահարված» տալու նպատակով, եթե եվրոպական որեւէ երկրի պետական լրատվամիջոցը նման քայլի դիմեր: Սակայն Ադրբեջանի բոլոր քմահաճությունները հլու-հնազանդ կատարող Մոսկվայի քաղաքականությունը ընդունված չէ նկատել, առավելեւս՝ արձագանքել, որովհետեւ՝ «չի՛ կարելի զայրացնել ռուսին»:

Իսկ թե ինչո՞վ է տարբերվում «զայրացած» կամ «չզայրացած» ռուսը, այդպես էլ, անհայտ է մնում… Եվ մի տարածված համոզում էլ կա. «մի բողոքեք ռուսից՝ դա Բաքվի նպատակն է, ուզում են մեզ կռվացնել Մոսկվայի հետ…»: Ու այդպես խոնարհ, նստած՝ հայը տեսնում է, թե ինչպես են ռուսն ու ադրբեջանցին իրենց նպատակներին հասնում Հայաստան պետության շահի հաշվին՝ բոլոր հարցերում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Այս մէկ գրութեան նպատակը իրապէս յայտնի չէ. ընդդիմութիւնը ռուսամէտութեա՞մբ ամբաստանելու, Միրզոյանի անկապ յայտարարութիւննե՞րը հանրայնացնելու, թէ պարզապես ռուսերից սրտնեղութիւննիդ արտայայտելու՞ համար էք գրել աս ամէնը։

    Շատ պարզ է սիրելի Էմմա. երբ տկար ենք, եւ մեր տկարութեան մէջ ալ հանգիստ կեանքերնիս կը շարունակենք, դեռ գալիք աղետէն առաջ ալ անհոգ գինի կը խմենք՝ ով ինչ ուզէ մեզմէ պոկել, պիտի փորձէ պոկել, եւ պիտի պոկէ. Հանգիստ թողէք հիւսիսը, արեւմուտքը, արեւելքը. ձեր բուն խնդիրը Երեւան նստած է, եւ գիտէք ով է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930