Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա դարձնել մատի փաթաթան, թե Լավրովն այսպես է ասել, Լավրովը հո չի՞ ասել բերեք հայկական բոլոր դպրոցները դարձնենք ռուսական»

Հունիս 16,2022 14:30

Ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանի ժամանակ օտարալեզու դպրոցների դեմ պայքարող ընդդիմությունը, դառնալով իշխանություն, խնդրում է Հայաստանում ռուսական դպրոց բացել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը, աշխատում ենք Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ գիտության, կրթության մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը, հարցին՝ ի՞նչ են տալու այդ դպրոցները մեզ, ո՞ւմ են ծառայելու՝ պատասխանեց. «Լեզվի իմացությունն ո՞ւմ է ծառայելու»:

Հարցին՝ լեզու իմանալու համար պարտադիր պետք է մեր երկրում դպրո՞ց բացեն, այդ դեպքում բրազիլական դպրոց էլ կարող եք բացել՝ նա պատասխանեց. «Բացում ենք, չինական ենք բացում, դպրոցներում չինարեն են անցնում, ճապոներեն եւ այլն: Դրա մեջ ուրիշ բան մի տեսեք: Եթե դա չի գնալու, որ այսպես ասած ամբողջությամբ ռուսականանա, մեզ մոտ Հայաստանում գոյություն ունի ապրող փոքրամասնություն, որոնց անհրաժեշտ է»:

Հետո Ասլանյանը, խոսելով Լավրովի հայտարարության մասին, ասաց. «Ես ուզում եմ հարցին հարցով պատասխանել, նշվե՞լ է, թե քանի դպրոց է բացվելու՝ ոչ: Եթե մենք այսօր ունենք չինական դպրոց, դա նշանակում է մենք չինացի՞ ենք դառնում: Եթե ռուսական կողմի ե՛ւ հովանավորությամբ, ե՛ւ միջոցներով մեկ-երկու ռուսական դպրոց կառուցվի եւ դպրոցի շենքը իր ամեն ինչով ՀՀ-ին կմնա, ինչպես 135 հայ-չինական դպրոցը, մի՞թե Հայաստանը կտուժի, եթե մեկ-երկու դպրոց կառուցվի: Դա դարձնել մատի փաթաթա՞ն: 1950 թվականին ռուսական դպրոց հաճախողների թիվը ընդամենը 10 հազար էր, 90 թվականին դարձել էր մոտ 90 հազար, այ դա էր վտանգը, երբ հայկական դպրոցները ամբողջությամբ ռուսականացվում էին եւ հայ ընտանիքներն էին գնում: Հիմա եթե 1-2 դպրոց կառուցվի ռուսական կողմից… ինչո՞ւ են մարդիկ ուզում գնան չինական դպրոց, հո դա չինացիների նկատմամբ հատուկ վերաբերմունքից չէ: Դա նրանից է, որ մարդիկ տեսնում են՝ այդ դպրոցում ստեղծված են իրենց երեխաների համար բոլոր հնարավորություները: Ի՞նչ վիճակի է եղել մեր դպրոցը նախորդ 30 տարիների ընթացքում՝ թալանված, ոչնչացված, հիմա որ ասեմ, էլի կասեք նախկիններից եք խոսում: Դեռ Լենինն էր ասում՝ մասսաները ինչքան տգետ լինեն, այնքան իրենց ղեկավարելը հեշտ է: Հիմա մենք բոլոր միջոցներն օգտագործում ենք ու միջազգային բոլոր տեսակի ինստանցիաներով փորձում ենք այնպես անել, որ թող երկու դպրոց ռուսականը ավելացնի, մի դպրոց Արգենտինան սարքի, երկու դպրոց՝ Չինաստանը: Բարեկամական միջոցառումներ են դրանք, որոնք հնարավորություն կստեղծեն, որ ամեն մարդ կարողանա իր զավակին ուզածդ կրթությունը տալ… Այնպես որ, դա դարձնել մատի փաթաթան, թե Լավրովն այսպես է ասել… Լավրովը հո չի՞ ասել բերեք հայկական բոլոր դպրոցները դարձնենք ռուսական: Կամ հայկական կողմը խնդրել է, որ բոլո՞ր հայկական դպրոցները դարձնեն ռուսական»:

Հարցին՝ դուք 80-ականների օրինակն եք բերում, մենք հիմա անկախ պետություն ենք ու ինքնիշխանությունը պահելու խնդիր ունենք, ինչքանո՞վ է ճիշտ այդ քաղաքականությունը՝ Ասլանյանը պատասխանեց. «Դրա համար դեռ չեղած բանից չեն ելնում լուն ուղտ դարձնում: Կարող է համաձայնության են եկել, կամ Լավրովը ենթադրենք ասել է, որ ռուսական կողմը ցանկություն ունի մեկ-երկու դպրոց կառուցելու, կարող է եւ մենք ենք քաղաքական տեսակետից ասել՝ եկեք այսպես անենք, քանի որ Հայաստանում նաեւ փոքրամասնություն կա, ձեր միջոցներով մի հատ լավ դպրոց կառուցեք ռուսական փոքրամասնության համար: Կարող է վաղը քրդերին էլ ասենք՝ ձեր միջոցներով մի հատ դպրոց կառուցեք՝ ձեր փոքրամասնության համար»:

Դիտարկմանը՝ ձեր ասածը այդքան զարմանալի չէր լինի, եթե այս իշխանությունը ընդդիմադիր ժամանակ չպայքարեր օտարալեզու դպրոցների դեմ եւ չմասնակցեր «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությանը՝ Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Այս իշխանությունը, ասելով, որ դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը, նկատի է ունեցել այն իրավիճակը, ինչ կար 80-ականներին, երբ ամբողջ քաղաքականությունն ուղղված էր ռուսականացմանը»:

Երբ ասացինք, որ այս իշխանությունը Սերժ Սարգսյանի իշխանությյան օրոք էր պայքարում օտարալեզու դպրոցների դեմ, մի գնացեք հեռավոր 80-ականներ՝ Ասլանյանն արձագանքեց. «Ես կարծում եմ այստեղ գոյություն ունեն չափանիշներ: Սերժ Սարգսյանն իր ժամանակ ասում էր՝ ադրբեջանական դպրոց… Ես կերազեմ, որ ադրբեջանցիները գան այստեղ սովորեն մեր կառուցած դպրոցում: Գիտեք ինչ կա, ամեն ինչի մեջ գոյություն ունի ձեւ, բովանդակություն եւ չափ: Ես որպես հայ, դեմ չեմ լինի, եթե Հայաստանի մասշտաբով մեկ-երկու ռուսական դպրոց լինի»:

Երբ ասացինք, որ ունենք ռուսական դպրոցներ, ինչո՞ւ ավելացնել՝ նա պատասխանեց, որ ինքը դասավանդել է ռուսական թեքումով դասարաններում. «Կեսը հայերեն, կեսը՝ ռուսերեն, ալան-սաթան է ստացվում այսպես ասած ու ոչինչ չի ստացվում: Այդպես կիսառուսական, կիսահայկական դպրոց 164 դպրոցն էր, որտեղ ես 7 տարի աշխատել եմ: Պետք է հիմնավոր լինի, եթե ռուսական է, от и до պետք է ռուսական լինի, եթե արգենտինական է՝ արգենտինական: Եվ թող լինեն իրենց պետություններից ներդրումները, այսօր մենք չենք կարող աշխարհից անջատված ապրել»:

Հարցին՝ դուք ձեր խոսքում ռուսական դպրոցների բացումը կապեցիք լեզվի իմացության հետ, այդ դեպքում մեզ անհրաժեշտ է նաեւ թուրքերեն իմանալ, դեմ չե՞ք լինի, եթե թուրքական դպրոցներ էլ բացվեն այստեղ, կարող է պահ գա՝ իրենք ուզենան ներդրումներ անել՝ Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Թուրքական դպրոցի ես կտրականապես դեմ եմ, որովհետեւ թուրքական դպրոց չպետք է լինի, բայց ԵՊՀ-ում ունենք արեւելագիտության բաժին, ով ուզում է, թող գնա ու թուրքագիտությամբ զբաղվի: Այսօր նույն Ադրբեջանում հայերեն դասարաններ են բացվում, մենք չունենք, որովհետեւ դեռեւս մենք էմոցիաներով ենք շարժվում: Մենք չենք կարողանում հասկանալ, որ ոչ թե էմոցիաներով են պետություն կառուցում, հույզերով, այլ՝ պետականամետությամբ: Չնայած ես դրան կողմ չեմ, բայց եթե որեւէ ավագ դպրոցում որեւէ ուղղություն ադրբեջաներեն, թուրքերեն լինի, ինչո՞ւ չէ, իմանանք լեզուն, դա միայն լեզվի իմացության համար է, որպեսզի մարդը հանկարծ չընկնի այնպիսի վիճակի մեջ, որ ականջները լսեն, բայց ուղեղը չհասկանա: Սովետական շրջանում մենակ ռուսականն էր, արեւելագիտության ֆակուլտետը չկար, մարդիկ ոչ էլ պարսկերեն էին սովորում… Այդ ինչո՞ւ մարդիկ վայնասուն չէին բարձրացնում, որ պարսկերեն, արաբերեն են սովորում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930