Երեկ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ վերջին շրջանում նկատվում է դրամի զգալի արժևորում և հարց հնչեցրեց՝ եթե պարզվի փոխարժեքը կայունանում է՝ հնարավո՞ր է արդյոք էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի։
Հարցին պատասխանող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ սակագնում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և հայկական դրամի արժևորումը հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի։
Թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի հետ։
«Ցանկացած վերանայման ժամանակ, թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ գազի սակագնի դեպքում հաշվի է առնվում փոխարժեքը։ Էլեկտրաէներգիայի և գազի սակագները ամեն տարի վերանայում ենք։
Կարդացեք նաև
Այս տարի արդեն սեպտեմբերից կսկսվի վերանայման գործընթացը, որը կտևի մինչև տարվա վերջ ու, ըստ այդմ, որոշում կկայացվի»,- ասաց Աշոտ Ուլիխանյանը՝ նշելով, որ սակագնի վերանայման վրա ազդող գործոններից ընդամենը մեկն է փոխարժեքը։
Ըստ ՀԾԿՀ-ի սակագնային քաղաքականության վարչության պետի՝ գազի սպառման կեսից ավելին ոչ թե դրամական մեծությամբ սահմանված սակագին է, այլ բանաձևով սահմանված սակագին է՝ կախված դոլարի փոխարժեքից։ Աշոտ Ուլիխանյանը հստակեցնում է՝ խոսքը խոշոր սպառողների մասին է։
«Ինչպես նշեցի էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պայմանավորված է փոխարժեքով, բայց դրա կողքին կան այլ գորոծոններ ևս, որոնք կարող են ազդել սակագնի վրա։ Միանշանակ, եթե դրամի արտարժույթը այսպես մնա, ապա դրական՝ նվազեցնող ազդեցություն ունենալու է, բայց պետք է հաշվի առնել նաև մյուս գործոնները»,- պարզաբանեց Աշոտ Ուլիխանյանը՝ հավելելով, որ եթե պայմանական ընդունենք, որ մյուս գործոնները՝ ազդեցություն չեն ունենա, որը ըստ ՀԾԿՀ-ի սակագնային քաղաքականության վարչության պետի քիչ է հավանական՝ նվազում կլինի, բայց պետք է մյուս գործոնների հանրագումարի արդյունքում որոշվի՝ սակագինը կնվազի, թե կբարձրանա։
Զրուցեց՝ Հայկ ՄԱԳՈՅԱՆԸ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: