Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, բոլորն են «հին» եւ պարտված. Կարին Տոնոյան

Հունիս 15,2022 23:07

«Ես միշտ հայտարարել եմ, որ ցանկացած մեկի՝ ով կպայքարի Նիկոլ Փաշինյանի դեմ, կողքը կկանգնեմ: Ընդամենը Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարն է միավորել ինձ, որ ես ժամանակ առ ժամանակ գնացել եմ Ֆրանսիայի հրապարակ: Հասկանալով, որ շանսերը շատ քիչ են, տեսնելով ներքին պառակտվածությունը, որը քողարկելն անհնար էր, ես համոզվեցի, որ այն պայքարը, որը ես ուզում եմ տեսնել Նիկոլ Փաշինյանի դեմ, այնտեղ չէ: Դրա համար, իմ պայքարի ողջ ուժը ես ուղղել եմ դեպի դատական համակարգ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը՝ պատասխանելով Ֆրանսիայի հրապարակում պայքարը դադարեցնելու եւ «Դիմադրության» շարժումն այլ ձեւաչափով շարունակելու որոշմանը վերաբերվող հարցին:

Զոհվածների ծնողները հայտարարել էին, որ Ազատության հրապարակում իրենք շարունակելու են պայքարը:

Այսօր, զոհվածների ծնողները նորից քննարկել են՝ դատախազությանը պահանջ ներկայացնելու հարցը: Խոսքը, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող գործը ԱԱԾ-ի տիրույթ տեղափոխելու մասին է, մանավանդ, որ ծնողների հետ հանդիպման ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն իրեն պետական պաշտոնյային հարիր կեցվածք չի դրսեւորել:

Մեծ հույսեր չկապելով նաեւ դատական համակարգի եւ նրա անկախության հետ, Կարին Տոնոյանն ամեն դեպքում, գտնում է, որ իրենք պետք է սպառեն հարցի լուծման իրավական բոլոր հնարավորությունները, անհրաժեշտության դեպքում, ընդհուպ մինչեւ միջազգային դատական ատյաններում փորձեն գտնել արդարությունը: Քննարկում են նաեւ զոհվածների ընտանիքներին կարգավիճակ տալու պահանջ ներկայացնելու հարցը, ինչը պետության եւ հանրային վերաբերմունքի դրսեւորում կլինի ընտանիքների նկատմամբ, նաեւ կօգնի որոշակի սոցիալական եւ առողջապահական ապահովման հարցեր հոգալ:

Մեր զրուցակցի համոզմամբ, առհասարակ, ազգային օրակարգ պետք է դաշտ բերվի եւ համախմբումն այդ հենքով տեղի ունենա. «Այդ մարդիկ կան, բայց համախմբվելը դեռ չի ստացվում եւ, մեր ամենամեծ դժբախտությունը, թերեւս, դա է»: Ամեն դեպքում, նա հույսը չի կորցնում, քանի որ, կարծում է՝ազգային ընդվզման գործընթացի հասունացման փուլում ենք. «Ես համարում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտն այլեւս ինքն իրեն սպառել է: Այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, այլեւս որեւէ վստահություն, հավատ չի ներշնչում: Հայաստանի փրկությունն այլեւս կապել քաղաքական դաշտի հետ, համարում եմ անիմաստ: Կարծում եմ, պետք է ամբողջովին շրջվել դեպի ազգային զարթոնքի դաշտ եւ փրկությունն այդտեղ որոնել, որովհետեւ այդտեղ մարդիկ բացարձակապես նվիրյալներ են, շահեր չեն հետապնդում: Ուղղակի, պետք է գտնել միավորող միջոցը: Դա էլ կհասունանա: Հակառակ տարբերակը չկա. կամ մենք կործանվում ենք՝ դառնում ենք թուքական վիլայեթ, հետո մարում ենք, ուր տանում է մեզ ներկա իշխանությունը, կամ՝ ինչ-որ մի պահի, ազգովին ոտքի ենք կանգնում, ընդվզում ենք, առաջ ենք բերում ազգային պետության օրակարգ եւ հառնում ենք՝ ներսից գտնելով մարդիկ, ովքեր համարձակություն կունենան եւ կառաջնորդեն»:

Ըստ մեր զրուցակցի, Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, պայմանական ասած՝ «հին են» եւ բոլորն են պարտված, քանի որ բոլորն են բանակցել՝ Արցախն ու ազատագրված տարածքները հանձնելու շուրջ, ոչ թե պահելու շուրջ, ուստի առաջնորդել որեւէ մեկը չի կարող. «Կարծում եմ, հաղթանակի հնարավորությունը մենք կորցրել ենք այն պահին, երբ 1994-ին հաշտության համաձայնագիրը ստորագրեցին եւ հետաձգեցին խնդրի լուծումը՝ թողնելով հետագա սերունդներին եւ հնարավորություն տալով Ադրբեջանին: Արդյունքում, մի ամբողջ սերունդ տարան հողին պահ տվեցին: Դա իրենց ներել հնարավոր չէ: Ընդ որում, իրենք չեն էլ խոստովանում, որ իրենց բոլորի մեղքն է դա: Իրենք բոլորը կես ճշմարտություն են խոսում: Հայաստանում չի ստացվելու ոչինչ, մինչեւ բոլորը համարձակություն չունենան ամբողջական ճշմարտությունն ասելու: Եթե արդարություն չհաստատվեց, չբացահայտվեց՝ ովքե՞ր են մեղավորները՝ շատ, քիչ, մի քիչ, Հայաստանում ոչ մի նոր բան չի ստացվելու կառուցել: Իսկ հիմա, ես հասկանում եմ, որ քաղաքական դաշտում բոլոր խաղացողները, ամեն ինչ անում են, որ թաքցնեն իրականությունը, թաղեն պատճառները. դա ակնհայտ է: Հերիք է մեզ կես-ճշմարտություններով կերակրեք, բացեք՝ ովքե՞ր եք դուք: Մենք մինչեւ հիմա չգիտենք, թե որտեղի՞ց են կառավարվում մեր քաղաքական ուժերը: Բոլորը կասկածի դաշտում են, չկա մեկը, որին վստահես»:

Ըստ մեր զրուցակցի, ճշմարտության բացահայտման առաջին շահառուները զոհվածների ծնողներն են եւ իրենք հետամուտ են լինելու իրականության բացահայտմանը: Նաեւ, ճշմարտության բացահայտումը, Կարին Տոնոյանի գնահատմամբ, նշանակելու է՝ սիրել երկիրը, հարգել ինքդ քեզ, հարգել սերունդներին եւ մեր ապագան. «Չի կարելի այս ողջ մեղքի բեռը փոխանցել ապագա սերնդին, մեղք են իրենք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930