Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանավորման նպատակը օրենսդրությամբ լրիվ այլ բանի մեջ է կայանում». Ավետիք Չալաբյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր

Հունիս 15,2022 21:44

«ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու միջնորդությունն այսօր քննվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։ Այս պահին, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Փաստաբանն ասաց, որ դատարանը վստահեցրել է, որ որոշումն այսօր է հրապարակվելու։

Վարազդատ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանում այսօր ներկայացրել են հիմնավորումները, նշելով՝ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք կալանավորման միջնորդության ժամանակ քննարկման առարկա չեն դարձել․ «Նոր ի հայտ եկած հանգամանքները համադրելով ընդհանրապես այս պահին արդեն Ավետիք Չալաբյանի անազատության մեջ պահելու ոչ իրավաչափությանը, որովհետեւ ինքնանպատակ է եղել անազատության մեջ պահելը, հուլիսի 1-ից քրեական հետապնդումը դադարեցվելու է, միջնորդել ենք փոխել խափանման միջոցը»։

Հունիսի 9-ին ԱԺ-ն ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը, եւ այն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից, եւ ինչպես նկատեց փաստաբանը, այսօր ավարտվեց ԱԺ նստաշրջանը, ինչը նշանակում է, որ մինչեւ հուլիսի 1-ը նիստ չի լինելու, որպեսզի ասենք՝ օրենսդրությունում փոփոխություն արվի եւ վերաքրեականացվի այն արարքը, որը մեղսագրվում է Ավետիք Չալաբյանին․ «Այս պայմաններում նրան կալանքի տակ պահելը ընդամենը նրա նկատմամբ կալանքը որպես պատիժ կիրառելու դրսեւորում է, որովհետեւ կալանավորման նպատակը օրենսդրությամբ լրիվ այլ բանի մեջ է կայանում, մենք էլ ասում ենք՝ այլ խափանման միջոցներ կան, որ այս երկու շաբաթը ինչու պետք է քրեական հետապնդում իրականացվի։ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ բազմաթիվ դրական բնութագրեր կան հեղինակավոր մարդկանց կողմից՝ Արցախի հոգեւոր եւ պետական առաջնորդներից, ՀԿ-ներից։ Սա ցույց է տալիս, որ նրա նկատմամբ կասկածը, որ կփախչի կամ կխոչընդոտի կամ նոր արարք կկատարի երկու շաբաթ հետո ապաքրեականացվող գործի շրջանակներում, մեղմ ասած, ծիծաղելի է»։

Փաստաբանն ասաց, որ կան այլ նոր հանգամանքներ եւս, որոնք նախաքննական գաղտնիք են պարունակում, ուստի այդ մասին հրապարակային չի կարող խոսել։

Ավետիք Չալաբյանը կալանավորված է մայիսի 14-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մարդկանց դրդելու հավաքների, ցույցերի՝ նյութական շահագրգռվածության միջոցով։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝«2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930