Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանությունները ինչքան էլ կախվածություն ունենային Մոսկվայից, իրենց սիրտը ցավում էր Հայաստանի ու Արցախի համար». Արմեն Դավթյան

Հունիս 15,2022 20:44

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում կոչ էր արել Արցախյան շարժման շարժիչ ուժը դարձած այն ուսանողները, որոնք 88-ին որոշել էին նստացույց անել ու բեկում մտցրին շարժման մեջ, կրկին 34 տարի անց հավաքվեն Ազատության հրապարակում:

«Մենք առաջին ուսանողներից էինք, որ եկանք այստեղ նստեցինք: Ես ուզում եմ պատմել, թե ինչպես ծնվեց նստացույց բառը: Այն այսօր այնքան սովորական է, որ մարդկանց թվում է, թե միշտ եղել է: Երբ մենք առաջին անգամ եկանք նստեցինք այս աստիճանների վրա, մարդիկ գիտեին, որ կարող էր միտինգ լինել, երթ լինել, բայց նստացույց ասվածը չէին պատկերացնում: Գալիս հարցնում էին՝ երեխեք, ինչի եք այստեղ նստել, մենք ամեն մեկին սկսում էինք բացատրել, որ պահանջում ենք Գերագույն սովետի նիստ՝ էսինչ պահանջներով…

Հետո որոշեցինք մեր պահանջները գրել ու հենց էս պատին կպցնել, որ եկողին ասենք՝ կարդա, որ իմանա, թե ինչ քաղաքական ակցիա է: Այդ պահանջները գրեցինք, ու վերեւում ուզում էինք գրել՝ նստած ցույց, բայց չէր տեղավորվում: Տիգրան Նաղդալյանն ասաց՝ գրեք նստացույց ու էդպես գրեցինք: Հաջորդ օրը դա միանգամից մտավ շրջանառության մեջ, ասես մարդիկ ամբողջ օրը նստացույց էին անում Սովետում»,-հիշեց Արմեն Դավթյանը:

«Գոնե մեր նստացույցը իր նպատակներին հասել է, մեր բոլոր պահանջները, որ դրել ենք կառավարության առաջ, կատարվել են…Մենք պահանջում էինք, որ Հայաստանի գերագույն սովետը դրական պատասխան տա Ղարաբաղի մարզխորհրդի Հայաստանին վերամիավորվելու որոշմանը…Այն ժամանակ մեր պայքարը օտար կայսրության դեմ էր, իսկ Հայաստանի իշխանությունները ինչքան էլ կախվածություն ունենային Մոսկվայից, հայ մարդիկ էին, մեզ նման իրենց սիրտը ցավում էր Հայաստանի եւ Արցախի համար, դա ազատագրական պայքար էր օտար կայսրության դեմ»,-ասաց Արմեն Դավթյանը:

Ներկայումս ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի մագիստրոս Ապրես Զոհրաբյանը, որ այն ժամանակ սովորում էր Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում՝ հիշեց. «Ես այն ժամանակ էլ էի մասնակցում նստացույցին՝ ուսանողի կարգավիճակով, հիմա էլ եմ մասնակցում ուսանողի կարգավիճակով»: Նրա խոսքով, շատ ջրեր են հոսել 1988-ից այս կողմ, բայց հիմնական թեման կրկին Արցախն է:

Գեղամ Մանուկյանը հիշեց, թե ինչպես 34 տարի առաջ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 220 լսարանում ուսանողական հավաք տեղի ունեցավ, ու ելույթներ եղան: Նա առանաձնացրեց հատկապես հետագայում՝ Արցախի հերոս Ժաննա Գալստյանի եւ բանասիրության ֆակուլտետի գրադարանից՝ Շաքարյան Զոյայի ելույթները: «Այնպես բուռն ելույթ ունեցան, որ այդտեղից ծնվեց ուսանողական նստացույցը պահանջը՝ Գերագույն խորհրդից, ընդունելու Հայաստանի հետ վերամիավորվելու Արցախի մարզային խորհրդի դիմումը Երեք շաբաթվա նստացույցը հունիսի 15-ին ավարտվեց Գերագույն խորհրդի որոշմամբ»,-նշեց Գեղամ Մանուկյանը:

Նա ասաց, որ ֆեյսբուքում կոչ է արել այն ժամանակվա նստացույցի մասնակիցներին՝ այսօր էլ հավաքվել, եւ ուրախ է, որ ի թիվս այլոց, ներկա են իրենց անունները պատմության մեջ ոսկե տառերով գրած մարդկանց հարազատներն ու մտերիմները՝ Վարդան Բախշյանի քույրը, Թաթուլ Կրպեյանի դուստրը, Դուշմանի ու Պետրոս Ղեւանոդյանի ընկերները…

Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը հիշեց, թե ինչպես կայացավ հանդիպումը Ժաննա Գալստյանի հետ, ինչից հետո ուսանողները որոշեցին նստել օպերայի աստիճանների վրա ու չհեռանալ մինչեւ Գերագույն խորհրդի համապատասխան որոշումը. «Մի քանի ուսանողներով նույնիսկ գնացինք Գերագույն Սովետ՝ Վլադիմիր Մովսիսյանի հետ հանդիպման եւ ասացինք, որ չենք հեռանա Օպերայի հրապարակից՝ մինչեւ դուք առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին չփոխանցեք մեր պահանջը: Ինքն էլ ասաց՝ ես էլ չեմ փոխանցի ձեր պահանջը, քանի չեք հեռացել, ու այդպես եկանք այսպես տեղավորվեցինք»:

Նա նաեւ հիշեց, թե ինչպես էր մայիսի 27-ի լույս 28-ի գիշերն իրենց այցելել Ռազմիկ Դավոյանը:

Բագրատ Եսայանը ավելացրեց, որ շատ կազմակերպված էր նստացույցը: «Փետրվարի 18-ին առաջին ցույցը եղավ, եւ դրանից հետո՝ փետրվարի 20-ին առաջին մեծ ցույցը՝ այս հրապարակում, իսկ ամսի 26-ին արդեն ցույցերը հասել էին իրենց նպատակին: Այն ժամանակվա Ղարաբաղ կոմիտեն դեռ չկար, բայց համակարգողները ասացին, որ մեր նպատակը կարծես իրականացել է, մենք Մոսկվային հասցրել ենք մեր ձայնը, եւ անորոշ ժամանակով հետաձգվեց: Այդ ժամանակաշրջանում լույս տեսան տարբեր հոդվածներ «Իզվեստիա» թերթում, որտեղ մեզ էքստրեմիստներ էին անվանում: Այն ինչ հիմա կատարվում է՝ մեզ անվանում են ռեւանշիստներ, Արցախի հարցը շահարկողներ եւ այլն, շատ նման է այն ժամանակվա բառապաշարին, որն օգտագործում էին Բաքուն ու Մոսկվայի ԽՄԿԿ ղեկավարությունը»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930