Երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն մարզադպրոցում անցկացված գրոսմայստեր Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարում 9,0 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ ճանաչվեց հաղթող: Նրան կես քայլ զիջեցին եւ մրցաշարային աղյուսակի հաջորդ երկու մրցանակային տեղերը զբաղեցրին միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբաեին:
Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ին ասաց. «Շատ ուրախ եմ, որ համավարակի հետ կապված տեւական դադարից հետո վերսկսվեց Կարեն Ասրյանի ավանդական հուշամրցաշարը: Սա վկայությունն է այն բանի, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ շախմատային ընտանիքը մշտապես վառ են պահում Կարեն Ասրյանի հիշատակը:
Կարդացեք նաև
Այս տարվա հուշամրցաշարը ունի որոշ առանձնահատկություններ, որոնք կապված չեն մեր երկրի եւ մրցաշարի կազմակերպիչ ՀՇՖ-ի հետ: Ժամանակը, որում մենք ապրում ենք ներկայումս, շատ բարդ է: Ասեմ, որ սպասվածից քիչ եղան արտասահմանցի շախմատիստները: Դրա բացատրությունը շատ հեշտ է. ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում բավականին մեծ քանակությամբ չվերթեր կրճատվել են, գներ են բարձրացել, մի երկրից մեկ այլ երկիր թռչելու պայմանները բարդացել են, ինչի հետեւանքով մեր մրցաշարի պոտենցիալ շատ շախմատիստներ չեն կարողացել ժամանել: Մի իրողություն էլ պետք է փաստել, որ ՖԻԴԵ-ի որոշմամբ մինչեւ տարեվերջ Ռուսաստանի եւ Բելառուսի շախմատիստները իրենց ազգային ֆեդերացիաների դրոշի ներքո իրավունք չունեն հանդես գալ:
Բայց ամեն դեպքում մրցաշարի կազմը բավականին լավն է եւ ուրախալի, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից շատերը, նրանց մեջ՝ տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների անդամներ, մասնակցում են այս մրցաշարին»:
Աշոտ Վարդապետյանի հետ հարցազրույցը ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ