Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկորդային թվով կարտոֆիլ ենք արտահանում. Ինչո՞ւ է կարտոֆիլի 1 կգ-ն 1000 դրամից էլ թանկ վաճառվել. Պատճառները ներկայացնում է Աշոտ Հարությունյանը

Հունիս 15,2022 19:07

Այս տարի նոր դուրս եկած կարտոֆիլի 1 կիլոգրամը վաճառվեց 1000 դրամից էլ թանկ: ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանն ասում է, որ կարտոֆիլի այս տարվա բերքի ինքնարժեքն էլ լինելու է բարձր՝ կլինի գարնան, թե աշնան կարտոֆիլը, որովհետեւ դիզվառելիքը, ագրոքիմիկատներն ու պարարտանյութերը բավականին թանկացել են  եւ հանրապետությունում դրանց պակասորդ կա: Նրա խոսքով, աշխատուժը նույնպես թանկացել է:

Այսօր Աշոտ Հարությունյանը «Sputnik Արմենիա» մամուլի սրահում ներկայացրեց գյուղատնտեսության  ոլորտի խնդիրները:  Ըստ նախկին պաշտոնյայի, կարտոֆիլի եւ մյուս գյուղմթերքների գեները երբեք այսքան բարձր չեն եղել: Ասում է՝ եթե օրինակ՝ կեռասի վրա կարելի է աչք փակել, կողքով անցնել, ապա, կարտոֆիլի պարագայում այդպես չէ, այս մթերքը մեր շատ ընտանիքների համար համարվում է երկրորդ հացը: Նրա խոսքով նախկին տարիներին կարտոֆիլի կիլոգրամը 150 դրամ էր եւ 500 դրամով մարդիկ շուկայից գնում էին 3 կիլոգրամից ավել կարտոֆիլ. «Դրանով տան տիրուհին մի օր «ժարիտ» էր անում, մի օր՝ պյուրե, երրորդ օրն էլ այդ կարտոֆիլով սուպ էր պատրաստում: Այսինքն՝ երեք օր այդ ընտանիքն ապրում էր»:

Նրա կանխատեսմամբ, կարտոֆիլի գներն այլեւս չեն լինի նախորդ տարիների մակարդակին, քանի որ երաշտը, սակավաջրությունն ու դրանց հետեւանքով ցանքատարածությունների կրճատումը երկրում եւ նաեւ տարածաշրջանային երկրներում ստեղծում են կարտոֆիլի պակասորդ: Նրա խոսքով, նախորդ տարի Հայաստանից ռեկորդային թվով՝ 35-40 հազար տոննայով կարտոֆիլ է արտահանվել, ինչն էլ իր հերթին է ազդել կարտոֆիլի գնագոյացման վրա: Աշոտ Հարությունյանն ասում է՝ մինչ նոր կարտոֆիլի դուրս գալը աշնան պահուստների կարոտոֆիլը վաճառվում էր եւ պահանջարկը մեղմվում էր, բայց քանի որ հին կարտոֆիլը հանրապետությունից դուրս է եկել, գյուղատնտեսական տարին էլ հետ է ընկել հին բերքի եւ նորի արանքում պահանջարկը մեծացել է:

Մանրամասները տեսանյութում

Գյուղոլորտի փորձագետի խոսքով, ոռոգման ու կարկտահարության խնդիրներն էլ մյուս կողմից են դժվարություններ ստեղծում գյուղատնտեսության համար. «Ջրային համակարգի խնդիրը դեռեւս արմատային, համակարգային լուծված չէ, այդ խնդիրը տարբեր տարիներին կլինի, ուղղակի սրությունը կավելանա կամ՝ կպակասի: Պետք է ջրերը կապտաժներով հավաքել, բարձր սարերից եկող ջուրը  պետք է ամբարենք, որպեսզի ըստ սեզոնների կարողանանք մեղմել ոռոգման խնդիրը: Ձմեռը բավականին ձյունառատ էր, տեղումնառատ էր:  Առանց ոռոգման համակարգի, Արարատյան դաշտավայրում հնարավոր չէ գյուղատնտեսություն վարել: Եվ, քանի որ ստորերկրյա ջրերն էլ իջել են, ընդհանուր առմամբ ջուրը պակասել է, պարբերաբար այդ խնդիրը լինելու է: Խնդիրը կա, լուծումն ու լուծողը չկա»:

Նրա խոսքով, ոռոգման ջուրը մինչեւ օգտագործողին հասնելը, 70 տոկոս կորուստ է լինում եւ Սեւանից ջրառ կատարելու փոխարեն պետք է այդ գումարները կենտրոնացնել համակարգի վերանորոգմանը, վերականգնմանը, կառավարման մեջ էլ լուրջ բարեփոխումներ կատարել:
Աշոտ Հարությունյանը գտնում է, որ առհասարակ գյուղատնտեսությունից խոսելով, պետք է խոսել համակարգային լուծումներ տալու մասին. «Էպիզոդիկ հարցերը, որոնք, որոշ ծրագրերով իրականացվում են տվյալ պահին, դա խնդիրների չի լուծում»:

Նրա խոսքով, այսօր գյուղատնտեսության երկու հիմնական խնդիրը ոռոգման ջուրն ու կարկտահարությունից գյուղացու բերքի անպաշտպան լինելն է. «Տարի ենք ունենում, որ կարկուտից հասցված վնասը միլիարդավոր դրամների է հասնում: Տարբեր ծրագրեր իրականացվում են, բայց արդյունավետ չեն, պետության աջակցությունն էլ այդ ոլորտում  իսպառ բացակայում է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930