«Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածը գրեթե ամբողջությամբ քանդվել է, եւ տվյալ հատվածը դարձել է դժվար երթեւեկելի։ Նոր հիմնանորոգված ճանապարհն ինչո՞ւ է դարձել ոչ երթեւեկելի»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Չգիտեմ՝ ինչո՞ւ է անընդհատ առկա տպավորություն, որ այս երկրում ամենաքիչը նախարարությունն ու շինարարներն են ուզում, որ ճանապարհները որակով լինեն»,-նախ հարցադրում արեց Գնել Սանոսյանը եւ շարունակեց,-«այդպես չի։ Այս երկրում ճանապարհի համար երկու գլխավոր պատասխանատու կա․ մեկը, ի դեմս նախարարության, պետությունն է որպես պատվիրատու, մյուսը՝ շինարարները։ Տաթեւ-Աղվանիում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան։ Մեկը տարածքի կառուցվածքն է։ Բարդ ռելիեֆ է, կավային շերտ, գրունտ․․․երեք կտորներից մեկի շինարարությունն ավելի վաղ է սկսվել, նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար»։
Մյուս երկու հատվածները, ըստ նախարարի, կառուցվել են բավականին արագ՝ տրանսպորտային երթեւեկությանը զուգահեռ․ «Ծանր մեքենաների առկայություն, եղանակային պայմաններ՝ այս ամենը հասկանալով՝ չի տեղադրվել վերջին շերտը, աշխատանքները չեն բերվել ավարտական տեսքի։ Դրա համար ընկերությունները չեն վճարվել։ ԶԼՄ-ներում միլիարդների մասին են գրում։ Միլիարդներ տվողը մենք ենք, չենք տվել, ո՞վ է տվել, որ հնչեցնում են։ Չենք տվել, որովհետեւ աշխատանքը չի ավարտվել։ Այո, բոլորիս խնդիրն է, բարդ ռելիեֆ է, եւ շինարարները հոժարակամ աշխատում են։ Շնորհակալ եմ, որ գնացել աշխատում են։ Հիմա այդտեղ ռելիեֆն այդպիսին է, թերությունները վերացնելով՝ գնում ենք։ Մոտ մեկ կմ-ից հետո երրորդ շերտը կասֆալտապատեն»։
Գնել Սանոսյանը տեղեկացրեց՝ երեկ ճանապարհը փակվել էր մի քանի ժամով, որպեսզի շինարարական ընկերությունը մեծ չափի խողովակ տեղափոխի, մինչդեռ մեկը հորինել էր, թե ճանապարհը փլվել է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ