Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում հունիսի 17-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում` հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Արդեն հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանն իր երաժշտությամբ սեր է փոխանցում հանդիսատեսին: Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով իր կատարյալ վարպետությամբ՝ նա կերտել է բազմակողմանի մասնագիտական կենսագրություն նաև որպես ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու: Ունջյանը մեր ժամանակների լավագույն դիրիժորներից է:
Միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները նկարագրում են Ունջյանին մագնիսական ձգողությամբ, հզոր մեկնաբանությամբ, կատարյալ տեխնիկայով դիրիժորի, որի յուրաքանչյուր ելույթը վառ իրադարձություն է: Տասնչորս տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը, այսօր նաև պատվավոր դիրիժորը՝ Փիթեր Ունջյանը ճանաչվել է Տորոնտոյի գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Ունջյանը Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է:
Շուրջ քսանհինգ տարվա դադարից հետո Փիթեր Ունջյանը կրկին կայցելի Հայաստան և հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):
Կարդացեք նաև
Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆին (ԱՄՆ): Ծրագրում կհնչեն սիմֆոնիկ երգացանկի ամենագեղեցիկ և հանրահայտ ստեղծագործությունները՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ