Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք ենթակառուցվածքները նախապատրաստվա՞ծ են արագ ծերացող հասարակության կարիքները բավարարելու համար»

Հունիս 15,2022 16:32

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, տարեցները սակավաթիվ փոքրամասնություն էին, սակայն կյանքի տևողության աճով և ծնելիության ցածր մակարդակով պայմանավորված՝ բնակչության մեջ նրանց մասնաբաժինը զգալիորեն աճել է: Այսօր յուրաքանչյուր հինգերորդ եվրոպացի 65 և բարձր տարիքի է: Մինչև 2050 թվականը տարեցների մասնաբաժինը կկազմի մոտ 30 տոկոս:

Բնակչության արագ ծերացումը, որին բախվել է Եվրոպան, էական ժողովրդագրական տեղաշարժ է, որն ազդում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Այն շատերին մտահոգող հարցեր է առաջացնում: Ինչպե՞ս են դիմանալու սոցիալական համակարգերը, երբ աշխատունակ տարիքի մարդկանց շարունակաբար փոքրացող մասնաբաժինը պետք է հոգա տարեցների շարունակաբար աճող մասնաբաժնի համար: Արդյո՞ք ենթակառուցվածքները նախապատրաստված են արագ ծերացող հասարակության կարիքները բավարարելու համար: Ի՞նչ նշանակություն կունենա տարեց ընտրողների թվի աճը ժողովրդավարության ապագայի, կլիմայի փոփոխության և ապագա սերունդների վրա ազդող այլ հրատապ մարտահրավերների վերաբերյալ քաղաքական որոշումների կայացման տեսանկյունից:

Հասարակությունների ծերացումը դեռևս լայնորեն դիտարկվում է բացասական ոսպնյակի միջով՝ որպես սպառնալիք՝ սոցիալական պետության համար, բեռ՝ երիտասարդների համար: Սակայն, ինչպես վերջերս ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների խմբին ասաց աշխարհի առաջատար ժողովրդագիրներից մեկը՝ Ստյուարտ Գիտել-Բաստենը, բնակչության ծերացման մեջ ինքնին բացասական ոչինչ չկա: Այն խնդիր է դառնում միայն այն դեպքում, երբ հաստատությունները նախապատրաստված և հարմարեցված չեն լինում։

Իսկապես, փաստը, որ մարդիկ ապրում են ավելի երկար և, ընդհանուր առմամբ, ավելի առողջ, առաջին հերթին տոնելու առիթ է: Դա բժշկական առաջընթացի, կյանքի և աշխատանքի ավելի լավ պայմանների, բարեկեցության բարձրացման և հանրային առողջության բարելավման արդյունք է:

Ավելին, և մեծ մասամբ այս առաջընթացի շնորհիվ, այսօր տարեց լինելը նույնը չէ, ինչ նախկինում: Այսօր, երբ կյանքի միջին տևողությունը մոտենում է 80-ի նշագծին կամ նույնիսկ գերազանցում է այն, տարեց լինելը կարող է առջևում երկար տարիների լավ կյանք նշանակել: Տարեցների համար առողջ և կրթված լինելու հավանականության մեծացմանը զուգընթաց, տարեց լինելը կարող է նշանակել երկարամյա շարունակական ակտիվ ներգրավվածություն աշխատանքում, ընտանիքում ու համայնքում, հասարակական կյանքում:

Տարիքային խումբը, որը մենք ավանդաբար անվանում ենք «տարեց», երբեք այսքան բազմազան չի եղել: Սա ստիպել է մեզ վերանայել, թե ինչպես ենք մենք սահմանում և չափում «տարեց» լինելը: Եվ պարզ է, որ տարեց մարդկանց այս նոր՝ ավելի բազմազան, ավելի դինամիկ աշխարհում, տեղ չկա կոշտ տարիքային սահմանազատումների կամ կենսաթոշակային տարիքի քարացած շեմերի համար, տեղ չկա կարծրատիպերի և տարիքային խտրականության՝ էյջիզմի համար:

Բնակչության ծերացումը շարունակվելու է՝ գոնե տեսանելի ապագայում, և Եվրոպայում կառավարություններն, ընդհանուր առմամբ, գիտակցում են, թե որքան կարևոր է անհրաժեշտ բարեփոխումներ ձեռնարկել՝ բոլոր տարիքների մարդկանց համար ավելի ներառական հասարակություն ստեղծելու համար: Եվ մինչ կառավարությունները հավաքվում են այս շաբաթ Հռոմում՝ վերանայելու 20 տարի առաջ ընդունված Ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի իրականացման առաջընթացը, կարևոր է ընդունել, որ չնայած մեծ առաջընթացին, անելիքներ դեռ շատ կան՝ հասնելու համար բոլոր տարիքների համար հասարակություն ստեղծելու նպատակին: COVID-19-ի համավարակը մեր ուշադրությունը սևեռեց այն անհավասարությունների վրա, որոնց դեռ բախվում են ավագ սերունդները: Բազմաթիվ տարեցներ բախվում են անտեսման, աղքատության, սոցիալական բացառման և մեկուսացման։ Ըստ Արևելյան Եվրոպայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) վերջերս անցկացված հարցման, տասը տարեցից ութը կամ 79 տոկոսն ասում է, որ չափավոր կամ ծայրահեղ միայնակ է: Նույնքան մտահոգիչ է, թե ինչպես է հանրային խոսույթը տարեց մարդկանց, քիչ թե շատ նրբանկատորեն և մշակութային բազմաթիվ հուշումների միջոցով, ասում, որ իրենց տարիքի պատճառով նրանք բեռ են, պակաս արժեքավոր և նույնիսկ որ չլինեն էլ, կլինի: Ըստ ՄԱԿ-ի վերջին զեկույցներից մեկի, մոլեգնող տարիքային խտրականությունը՝ էյջիզմը, Եվրոպայում միլիոնավոր տարեց մարդկանցից խլում է սեփական ներուժն իրացնելու հնարավորությունը: Իսկ ուկրաինական պատերազմը ցույց տվեց, թե ինչպես են հումանիտար ճգնաժամերը հատկապես ուժգին հարվածում տարեց մարդկանց, որոնց մեծ մասը կանայք են։

Տարեցների սոցիալական բացառումը սոսկ մարդկային ողբերգություն, մարդու իրավունքների ճգնաժամ և բարոյական ձախողում չէ։ Այն նաև վնասում է երկրներին՝ տնտեսական և սոցիալական առումներով: Արագ ծերացող Եվրոպայում երկրները պարզապես չեն կարող իրենց թույլ տալ լուսանցք մղել բնակչության մեկ քառորդին՝ իրենց բոլոր հմտություններով, տաղանդներով և այլ ներդրումներով:

Որպեսզի երկրները կարողանան ավելի լայնորեն ամրապնդել իրենց դիմակայունությունը ժողովրդագրական փոփոխությունների նկատմամբ, առաջնային նշանակություն ունի ապահովելը, որ տարեց մարդիկ առողջ, ակտիվ և ներգրավված մնան:

ՄԱԲՀ-ում մենք օգնում ենք երկրներին կառավարել ժողովրդագրական տեղաշարժերը: Մենք նաև օգնում ենք իրականացնել այնպիսի քաղաքականություններ և ծրագրեր, որոնք թույլ են տալիս հասարակություններին օգուտ քաղել բնակչության ծերացումից:

Հսկայական պոտենցիալ օգուտներ են առաջանում, երբ մարդկանց համար ողջ կյանքի ընթացքում հասանելի են լինում կրթությունը և առողջապահությունը, և նրանք մտնում են ծերություն՝ օգտակար հմտություններ և բարվոք առողջություն ունենալով: Երբ տարեցներին կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո մի կողմ չեն հրում, այլ նրանք շարունակում են մնալ տնտեսության և հասարակության ակտիվ մասնակիցներ: Երբ տարեցները դառնում են անընդհատ ընդլայնվող «արծաթե տնտեսության» շարժիչները, որը զարգանում է նրանց կարիքների և ընտրության շուրջ:

Ելնելով մեր փորձից՝ երեք քայլ էական է կառավարությունների համար՝ այդ իրականացնելու համար.

• Լսել տարեցների ձայները։ COVID-19 ճգնաժամին արձագանքելիս և ապագայի համար քաղաքականություններ մշակելիս, մենք պետք է լսենք, թե ինչ են ասում տարեցները։ Համայնքի ներկայացուցիչների հետ շփումը կենսական նշանակություն ունի կանխակալությունից խուսափելու և իրական կարիքներին համապատասխան լուծումներ գտնելու հնարավորության համար:

• Ընդդիմանալ էյջիզմին հանրային խոսույթում և գործելակերպերում: Մոլեգնող տարիքային խտրականության և բացասական կարծրատիպերի նկատմամբ, որոնք է՛լ ավելի ակնհայտ են դարձել համավարակի ընթացքում, հանդուրժողականություն չպետք է լինի: Միջսերնդային համերաշխության և տարեցների կարողության ու արժեքավոր ներդրումների վրա հիմնված հակընդդեմ պատմության խթանումը առանցքային կլինի սոցիալական նորմերը և վերաբերմունքը փոխելու համար:

• Վերանայել իրավական և քաղաքականության շրջանակները և բյուջեները՝ տարիքային ոսպնյակով: Ժամանակն է հասկանալու, թե ինչ պետք է փոխվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, զբաղվածությունը և սոցիալական բարեկեցությունը, որպեսզի երկրներն ավելի լավ դիրքում հայտնվեն՝ ժողովրդագրական փոփոխությունների հետևանքները հաղթահարելու համար՝ միաժամանակ ապահովելով ծերացող բնակչության իրավունքներն ու ընտրությունը՝ ողջ կյանքի ընթացքում:

Տարեցները մեր հասարակությունների կարևոր հիմնասյուներից են։ Նրանք առաջնորդներ և արարողներ են, ուսուցիչներ ու խորհրդատուներ, խնամողներ և կամավորներ, բանասացներ ու մշակույթ փոխանցողներ և պայքարողներ իրավունքների համար, որոնք մենք երբեմն համարում ենք ինքնըստինքյան տրված: Տարեցների բերած այս ավանդը սնուցելն ու ապահովելը, որ տարեցների իրավունքներն ու արժանապատվությունը միշտ հարգված լինեն, ոչ միայն բարոյական հրամայական է: Այն նաև օգնում է երկրներին պատրաստ լինել ապագային, դիմակայուն դառնալ և բարգավաճել՝ ժողովրդագրական արագ փոփոխությունների այս աշխարհում:

Ջուլիա ՎԱԼԵՍԵ
ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնակատար

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930