Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի միքս տարբերակը պետք է իրականացնեին, չեղավ». Հովիկ Աղազարյանը գաղտնազերծում է ընդդիմադիրների հունիսի 3-ի ծրագրերը

Հունիս 15,2022 16:20

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածների մի մասը օրվա հացի խնդիր էր լուծում՝ ուղիղ իմաստով, գնում էին այնտեղ՝ հաց ուտելու, մի մասը ազնիվ մղումներ ուներ, մի որոշ մասն էլ փողի համար էր գնում, մի հատված ուզում էր տեր կանգնել իր անաշխատ եկամուտներին, իսկ ամենասարսափելի մասը 150-200 հոգին էին, որոնք պետք է x պահին կատարեին իրենց «սեւ գործը»:

Աղազարյանը վստահ է, որ հունիսի 3-ին վատ սցենար էին գծել, բարեբախտաբար խուսափեցին: Թե ինչու էր նման կասկած առաջացել, նա հետեւյալ փաստարկը բերեց. «Եթե դուք մի լուրջ հանրահավաքի օրինակ կբերեք, որ հրավիրված է եղել 15:30-ին, ապա ես կհրաժարվեմ իմ մանդատից»: Զարմացանք՝ ժամի՞ մեջ է խնդիրը՝ նա բացատրեց. «Տեսեք ինչի մասին է խոսքը՝ 3 անց կես հավաքում ես ժողովրդին, ներվ ունեցող հարցը բարձրացնում ես, զգայական մեկ-երկու ելույթ, 4:30 կառավարության հարցուպատասխանն է ԱԺ-ում, մասսա ես հավաքում ու այդ մասսային ուղղորդում ես դեպի ԱԺ: Բազմությունը որ հավաքվում է, մի պահից սկսած համապատասխան մտքային ներարկումների պարագայում բազմությունը դառնում է ամբոխ, իսկ ամբոխի տրամաբանությունը լրիվ ուրիշ է: Կգային խորհրդարանի վրա, իրենց պատգամավորներին մենք կճնշեինք իբրեւ թե, մարդիկ գալու էին՝ ասեին՝ էս ի՞նչ եք անում, այ ախպեր, խի՞ եք կռիվ անում, խի՞ եք Իշխան Սաղաթելյանին ծեծում՝ օրինակի համար, Գեղամ Մանուկյանին վիրավորում: Անկեղծ կգային իրենք: Իսկ այն 150-200 հոգին, որոնք կարող էին լիներ մեր թշնամի երկրի կողմից լրտեսներ, որոնք կարող էին լինել չգիտեմ ինչ նպատակներ ունեցող անձինք, կանեին իրենց սեւ գործը՝ ահաբեկչություն կանեին: Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի միքս տարբերակը պետք է իրականացնեին, չեղավ, ասում եք՝ տեսա՞ք պարոն Աղազարյան, չեղավ: Բայց չեղավ՝ ի պատիվ մեր ժողովրդի ու այն մեր գործընկերների, որոնք սառն են դատում, չեղավ ի պատիվ իրավապահների»:

Հարցին՝ բայց արտաքին ուժերից այսօր ո՞ւմ ձեռնտու չի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ընդդիմությունն ասում է, որ շատ հարմար ղեկավար է իրենց համար Փաշինյանը, պարտված է, ոնց ուզում՝ ճկում են՝ Աղազարյանը հակադարձեց. «Ալիեւի համար ձեռնտո՞ւ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Պատերազմական գործողություններից հետո Ալիեւը սուրճ խմելուց առաջ ասում էր՝ Ղարաբաղի հարցը լուծված է, ցերեկը ճաշից առաջ ասում էր՝ Ղարաբաղի հարցը լուծված է, իրիկունն էլ ընթրիքից առաջ էր ասում: Բայց հիմա լրիվ ուրիշ իրողություն է ու այդ ուրիշ իրողությունը մեր քաղաքական ուժի եւ վարչապետի վարած քաղաքական արդյունքով է, այսօր աշխարհը Արցախի մասին խոսում է լրիվ ուրիշ կոնտեքստով»:

Հարցրեցինք՝ աշխարհի ո՞ր կետն է այսօր խոսում Արցախի մասին, Արեւմուտք է գնում՝ հայտարարություն են անում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» եզրույթն օգտագործելով, ադրբեջանամետ դիրքորոշումը պաշտպանելով, ՌԴ է գնում՝ չկա հայկական դիրքորոշման սատարում՝ Աղազարյանը պատասխանեց. «Երբ ասում են՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի ամենաբարձր մակարդակով, դա ուրիշ հարց է արդեն: Բառերի հետեւից չընկնենք: Հիմա Միշելը այդ ձեւով էր ասել, կարող է թարգմանությունն է այդպես եղել: Առաջ որ չէին խոսում Արցախի մասի՞ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930