«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր խորհրդարանում էր՝ հանդիպելու ԵԱՀԿ ԽՎ նախագահին, որը երկօրյա այցով Հայաստան է եկել՝ գլխավոր քարտուղարի հետ. «Ես ու Աննա Մկրտչյանը Հայաստանի պատվիրակության անդամ ենք ու մենք պիտի այս առիթը բաց չթողնեինք՝ խոսելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Արցախի հարցի կարգավորման մեր պատկերացումների մասին: Բայց նաեւ անդրադարձը իսկապես վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական կացությանը, խաղաղ միտինգներին ու այն բռնությանը, որին ականատես ենք եղել այս երկու ամիսների ընթացքում:
Խոսեցինք ժողովրդավարության նահանջի մասին ու գիտեք, ես նայում էի գլխավոր քարտուղարի ու ԵԱՀԿ ԽՎ նախագահի դեմքին, երբ փաստեր էինք բերում, որ հնարավոր է փողոցում ծեծի ենթարկվի ԱԺ պատգամավորը, խորհրդարանում այն, ինչ կատարվեց մեր կին պատգամավորների հետ, բռնության, ծեծի մասին երբ փաստեր էինք ներկայացնում, դուք ուղղակի պիտի տեսնեիք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ու նախագահի դեմքը: Հավանաբար նրանց ականջները լցված էին ժողովրդավարության բաստիոնի մասին հեքիաթից: ԵԱՀԿ պատվիրակության համար մտահոգիչ էին այն փաստերը, որոնք ներկայացրեցինք, ասացին, որ քննարկման առարկա կդառնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ