Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել Շուշիում ընթացող «Թուրք-ադրբեջանական ռազմավարական միություն. Խաղաղության և անվտանգության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով կոնֆերանսի մասնակիցներին, որը նվիրված է Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակին:
«Հռչակագիրը հիմնված է ոչ միայն ընդհանուր պատմական անցյալի վրա, այլ արտացոլում է այսօրվա իրողությունները, ինչպես նաև սահմանում է Ադրբեջանի և Թուրքիայի հետագա գործակցության ռազմավարական ուղղությունները: Շուշիի հռչակագրում արտացոլված պարտավորությունների իրականացումը կնպաստի մեր երկրների միջև բազմակողմ գործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների և անվտանգության վրա: Այս փաստաթուղթը կօգնի Ադրբեջանի և Թուրքիայի հզորության ամրապնդմանը, միջազգային թատերաբեմում մեր երկրների դիրքերի ամրապնդմանը»,- ասվում է ուղերձում:
Դրանում նաև նշվում է, որ երկու երկրների միությունը հիմնված է ընդհանուր քաղաքական կամքի և ապագայի նպատակներին հասնելու համար համատեղ գործողությունների վրա:
Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական միությունը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև ողջ թյուրքական աշխարհի համար:
Կարդացեք նաև
«Կցանկանայի գոհունակությամբ նշել , որ ամուր համերաշխությունը երկու երկրների միջև կարևոր է նաև թյուրքական աշխարհում հարաբերությունների զարգացման համար: Դա հիմքեր և հնարավորություններ կստեղծի թյուրքական պետությունների՝ ազգային-ռազմավարական նպատակներին հասնելու համար՝ նոր աշխարհակարգի պայմաններում պատասխանելով ժամանակի մարտահրավերներին, ինչպես նաև բացում է նոր հեռանկարներ թյուրքալեզու երկրների համար»,- ասվում է ուղերձում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ