«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ եվրոպացի գործընկերներին Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված փաստեր են ներկայացրել, նրանք անգամ ապշել են ու տեսագրություններն են խնդրել: Ընդդիմադիրները անմիջապես տեսագրությունները ուղարկել են ե՛ւ փողոցային պայքարի ժամանակ ոստիկանական գործողությունների մասին եւ ԱԺ պատգամավորների նկատմամբ ծեծն ու անհարգալից վերաբերմունքը ԱԺ նիստերի դահլիճում. «Երեւի թե չեմ կարողանա նկարագրել իրենց զարմանքը, մի քանի անգամ հարցը տալիս էին, երեւի թե մտածում էին՝ մեր լեզվի հետ կապված ինչ-որ խնդիր կա, երեւի անգլերեն չենք կարողանում իրենց բացատրել: Տեսագրություններն ուղարկել ենք, տեսնենք հետագան»:
Հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշել էր, որ ինքը չի վերադառնալու խորհրդարան, չի՞ գալու, որոշումն ուժի մե՞ջ է՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ այդ հարցը չեն քննարկել. «Ես պարոն Վանեցյանի ասուլիսներն ու հարցազրույցները նույնպես լսել եմ»:
Հարցին՝ հայրենիքը չի փրկվել, վարչապետ Փաշինյանը հրաժարական չի տվել, բայց Արթուր Վանեցյանը հրապարակից հեռացել է, մինչդեռ ապրիլի 17-ին Ազատության հրապարակում ասաց՝ ես այս հրապարակից չեմ գնալու, մինչեւ մենք մեր նպատակին չհասնենք, հիմա կարո՞ղ է նպատակն իրականացվել է, ուղղակի մենք տեղյակ չենք՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Նպատակի փոփոխություն չկա, այո՛, հայրենիքը չի փրկվել, որովհետեւ Հայաստանի իշխանազավթները շարունակում են օկուպացված պահել մեր երկիրը: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, մենք շարունակում ենք մնալ փողոցում, մենք այնտեղ ենք, որտեղ կա Հայաստանի շահը: Պարոն Վանեցյանը շարունակում է մեզ հետ մեր փողոցային պայքարը»: Մկրտչյանի խոսքով՝ «դավաճանը» հեշտ չի թողնելու իր տեղը, բայց թողնելու է. «Վստահ եմ, որ դուք ականատես կլինեք իշխանափոխության»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչու չիրականացավ իրենց այն խոսքը, որ «Նիկոլ Փաշինյանին մնացել է մի քանի օր»՝ պատգամավորը բացատրեց այսպես. «Հենց դա խոսում է նրա մասին, որ իշխանությունները պրիմիտիվ դավաճաններ են եւ թուրք-ադրբեջանական շահերն ավելի բարձր են դասում, քան սեփական քաղաքացիների կյանքը…Դավաճանները անկյուն են քշվել, ՀՀ քաղաքացու համար այլեւս գաղտնիք չէ, որ իրենք դավաճան են: Այլեւս դիսկուրսը տեղափոխվել է այնտեղ, թե որ գործիքակազմով սրանց պետք է վռնդել, իսկ վռնդվելու իրավացիության շուրջ քննարկում չկա, սա ձեռքբերում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ