Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ զենքն ու ռազմամթերքն են իրավապահներն առգրավել նախկին նախարարի խորհրդականի տնից

Հունիս 15,2022 15:33

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է: Նրա պաշտպանը կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն մինչ օրս բողոքի քննության օր չի նշանակվել:

Հիշեցնենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Հակոբյանի պաշտպան Վլադիմիր Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը դեռ այս գործով ցուցմունք չի տվել, գործով անցնող որեւէ անձի հետ չի առերեսվել: Նա հիշեցրեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ինչու է իր պաշտպանյալը տեւական ժամանակ իր սեյֆում պահել մեկ միլիոն դրամը, որը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, եղել է կաշառք:

Ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Իմ պաշտպանյալը նման ցուցմունք չի տվել, ես նման տեղեկություն չունեմ» :

Մեր հարցին, թե իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում ինչ ապացույցներ կան, մեր զրուցակիցն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղենք վարույթ իրականացնող մարմնին:

«Մեզ հայտնի չէ՝ մեր դեմ վկայած անձինք կա՞ն, թե՞ ոչ»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով իր պաշտպանյալի տանը խուզարկությամբ հայտնաբերված ու առգրավված զենք ռազմամթերքին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ձեզ ո՞վ ասաց, որ դա իրեն էր պատկանում, առայսօր այդ զենք զինամթերքի վերաբերյալ որեւէ մեղադրանք չկա առաջադրված, որեւէ հարցաքննություն չի իրականացվել, վարույթ իրականացնող մարմնի կողմից որեւէ միջոց չի ձեռնարկվել զենքի պատկանելությունը պարզելու ուղղությամբ»:

Փաստաբանը չմեկնաբանեց իր պաշտպանյալին վերագրվող մեղադրանքի այն դրվագը, թե նա է, այսպես ասած, միջնորդ եղել կաշառքի փոխանցման գործընթացում, ինչպես նաեւ չմեկնաբանեց այն, որ իր պաշտպանյալն է գնել այս գործով շրջանառվող BAXI համակարգը: Նա ասաց՝ բոլոր դրվագներով իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ Աշոտ Հակոբյանը դատարան էր ներկայացրել փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ նա 91-94 թթ մասնակցել է արցախյան ազատամարտի ժամանակ տարբեր պաշտպանական գործողությունների:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930