Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ահազանգում է, որ երեկ գիշեր պարեկային ծառայության կողմից ապօրինի գործողություն է տեղի ունեցել իր հանդեպ։ Պարեկն ավտոմեքենայի մեջ եղած կանանց ներկայությամբ փորձել է կրակ բացել իր վրա։
Ըստ Կարապետ Պողոսյանի, միջադեպը տեղի է ունեցել Երևանի խճուղի 131 շենքի դիմաց, այն կանգառի մոտ, որտեղ ընդդիմադիրների հանրահավաքի օրը ծեծկռտուք էր տեղի ունեցել գյումրեցի տարեց տղամարդկանց և ընդդիմադիր երիտասարդների մասնակցությամբ։
Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ գիշեր վերադառնում էին մայրաքաղաքից, ուր գնացել էին հանրահավաքի մասնակցելու։ Գյումրի վերադառնալիս՝ նախ իր գաղափարակիցներից մեկի ավտոմեքենան են կանգնեցրել, սկսել են խուզարկել, այնուհետեւ կանգնեցրել են իր ավտոմեքենան՝ ասելով, որ տեխնիկական համակարգի հետ խնդիր կա, պիտի սպասես։
«Ես ասի՝ չեմ սպասելու, որովհետև մեքենայիս մեջ ուղևորներ կան, այդ թվում կանայք, մարդիկ կան, դեղ պիտի խմեն։ Ասի՝ ես կշարժվեմ, հետևիցս եկեք։
Կարդացեք նաև
Հասանք այնտեղ, որտեղ մարդկանցից մեկի պիտի իջեցնեմ, պարեկը սկսեց քացով մեքենայիս խփել, դուռը վնասեց ու ասաց՝ քեզ պիտի բերման ենթարկենք։Ես ասի՝ դու ինձ բերման չես ենթարկի, եթե խնդիր կա, ես մեքենայով կգամ ոստիկանության այն բաժանմունքը կամ բաժինը, որը դու ուզում ես։ Ինքն էլ ձեռքը տարավ զենքին, հանեց, թե կրակում եմ»,- պատմեց Կարապետ Պողոսյանը։
Այնուհետ, ըստ ընդդիմադիր գործչի, ինքը, գնացել է ոստիկանության «Կումայրի» բաժին, որտեղ ոստիկանները որևէ արձանագրություն չեն կազմել, հրաժարվել են բացատրություն վերցնել մեքենայի մեջ եղած ականատեսներից՝ ոստիկանության ապօրինությունների դեմ։
«Ինձ 2-3 ժամ ապօրինի պահելուց հետո ընդամենը ճանապարհային երթևեկության խախտման ակտ են գրել։ Բայց ես հասնում եմ ոստիկանություն, նախ իրենք պարտավոր են գրանցել, որ այսինչ դեպքի առթիվ է այս մարդն ինքնակամ ներկայացել, բացի այդ՝ երեք հոգի ուզում էին հաղորդում տալ ոստիկանության ապօրինության դեմ, երեքից էլ հաղորդում չեն վերցրել»,-ասաց Կարապետ Պողոսյանը։
Վաղը, ըստ նրա, այդ կանգառում ասուլիս կտան ու կսկսեն բողոքի՝ Գյումրիի համար չնախատեսված գործողություններ։
Կարապետ Պողոսյանը պահանջում է իրավական գնահատական տալ ոստիկանի ապօրինությանը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ փոխանցեց, որ Կարապետ Պողոսյանի հրապարակումն ուսումնասիրում են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ