«Մենք Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատավարության ընթացքում ոչ մի բանի վրա չենք զարմանում, որովհետև այնքան ապօրինություններ են կատարվել այս ընթացքում, որ մենք, բնականաբար, չենք զարմանում, որ ապօրինի որոշում է կայացնելու»,- Aravot.am-ի հարցին՝ ձեզ համար սպասելի՞ է Աննա Դանիբեկյանի այս որոշումը, այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը՝ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Լուսինե Սահակյանը նաև նշեց՝ այնպես չէ, որ մեծ հույսեր ունեն նաև մյուս դատական ատյաններում, բայց միևնույն ժամանակ ասաց. «Բնականաբար, բողոքարկելու ենք և դիմելու ենք ԵԽ խորհրդարանական վեհաժողովին, համապատասխան ատյաններին, որ այս խնդիրը լուծվի, քանի որ այսպես շարունակվել չի կարող»:
Լուսինե Սահակյանը նաև տեղեկացրեց՝ իր մյուս միջնորդությունը՝ կապված Արմեն Գևորգյանին ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ բավարարվել է: Արմեն Գևորգյանը կմասնակցի հունիսի 20-24-ը կայանալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ