Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը Մամուլի ազգային ակումբում պատասխանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` ռուսական դպրոցների թիվը հայկական կողմի ցանկությամբ ավելացնելու վերաբերյալ հարցին՝ ասաց. «Այն, ինչ առնչվում է լեզվին, ներառյալ այդ դրվագը, անշուշտ լեզվաքաղաքական խնդիր է: Մեր հիմնական օրենքն ասում է` ՀՀ պետական պաշտոնական լեզուն գրական հայերենն է, Լեզվի մասին օրենքը այս դրույթները հաստատում է, և, վերջապես կա ՀՀ օրենքը Հանրակրթության մասին»:
Լեզվի կոմիտեի նախագահը հավելեց, որ թեմայի վերաբերյալ նախկինում եւս դիրքորոշում է հայտնել, որն առկա է համացանցում:
«ՌԴ արտգործնախարարն այս մասին առաջին անգամ չէ, որ ասում է, ես 2021թ եւս այդ մասին խոսել եմ: Դա նուրբ թեմա է, բայց այնքան էլ հեշտ չէ իրականացնելը; Բացի դրանից՝ ես իրավասու չեմ նրա խոսքը մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ Հանրակրթության մասին մեր օրենքն ասում է․ «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել այլընտրանքային հանրակրթական հիմնական, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական չափորոշչին»:
Մեկ այլ ենթակետով էլ ասվում է. «Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։ Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»։
Կարդացեք նաև
Լեզվի կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ օրենքով օտարալեզուների առավելագույն թիվ է սահմանված` 11, որից 2 կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում և կրթություն կազմակերպել առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա, իսկ 9 դպրոց կարող են ստեղծվել նաև միջպետական և (կամ) միջկառավարական համաձայնագրերի հիման վրա և իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։ Եվ հետո, նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է: Ես շատ կարեւոր դրույթներ կարդացի»,-ասաց պարոն Գյուրջինյանը:
Կրկին ընդգծեց, որ բոլոր օտարալեզու դպրոցների թիվը միասին վերցրած` չի կարող գերազանցել 11-ը:
«Հայաստանում այսօր ռուսական դպրոց չկա, բոլոր դպրոցները հայկական են եւ հիմնված են հայերենով ուսուցման վրա, այլ խնդիր, որ կան ռուսերեն ուսուցմամբ դասարաններ»,-շեշտեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից