Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տպավորություն էր, որ պատրաստ են ողջակիզվել հրապարակում դրված մանղալների մեջ»․ Հայկ Կոնջորյան

Հունիս 15,2022 14:20

«Ցավոք, ընդդիմությունը զբաղված է այլ օրակարգով։ Նորից արձանագրենք, որ քաղաքական մեծամասնությունը գործադիրի հետ պատշաճ քննարկել է բյուջեի կատարողականը՝ փաստացի կատարելով նաեւ խորհրդարանական ընդդիմության գործառույթները»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Քանի որ նստաշրջանն այսօր ավարտվում է, Կոնջորյանն անդրադարձավ ընդդիմության ճակատագրին, որը վերջին ամիսներին, նրա բնորոշմամբ, վայրիվերումների է ենթարկվում։

Հիշեցնենք՝ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Վրանները վաղը կհանվեն․ շարժման ղեկավարները որոշել են վերափոխել շարժման կառուցվածքը եւ մարտավարությունը»։

«Քառասուն եւ ավել օրվա գործողություններն ամփոփելով՝ կարելի է փաստել, որ ընդդիմությունը դեֆոլտի մեջ է։ Չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում՝ ԱԺ-ում, իրենց քվեարկած քաղաքացիների առաջ եւ փողոցում, որովհետեւ տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը փողոցում այս վերջին շաբաթներին։ Այն ամփոփվեց Ֆրանսիայի հրապարակը գլխիկոր լքելով։ Եվ ուրեմն, խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է»,-գնահատական հնչեցրեց Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ սա մտածելու առիթ է քաղաքացիների համար․ «Ընդդիմությունը որոշեց իր փրկչական առաքելությամբ դուրս գալ փողոց՝ վարչապետի ելույթից հետո։ Արեց ոչ այն ինչ, ինչ անում էր մի քանի տասնամյակ՝ Արցախի հարցն օգտագործելով վերստին իշխանություն զավթելու համար։ Մի բան, որն արել էր 98թ․-ին եւ ուզում է անել պատերազմից հետո տեւական ժամանակ։ Այս փրկչական առաքելությունը ձախողվել է։ Ընդդիմությունը մի քանի տասնամյակ պատանդ պահելով Արցախին՝ ուզում է իշխանություն զավթել այնպես, ինչպես կողոպտիչը բանկում պահանջում է փողերը։ Սա չստացվեց եւ չի ստացվելու։ Նրանց տխուր վերջաբանը խոսում է այն մասին, որ քաղաքական սնանկությունն արձանագրված է ոչ միայն այս դահլիճում, այլեւ փողոցներում եւ հրապարակներում»։

Հայկ Կոնջորյանի բնորոշմամբ՝ խնդիրը ոչ թե ընդդիմության սակավամարդությունն էր, այլ դրա ղեկավարների սակավամտությունը․ «Սակավամարդությունը գալիս է քաղաքական սակավամտությունից։ Երբ դուրս ես գալիս մեկին փրկելու թուրքից, եւ այդ մեկը քեզ կասկածում է, դու նրան չես կարող անվանել թուրք։ Սա քաղաքական սակավամտության դասական օրինակ է։ Դոլարային միլիոնատեր ընդդիմադիրների՝ ժողովրդի փրկության «ռուբինհուդիզմը» դրսեւորման այլ տեղ ունի իրականում, երբ նրանցից մի քանիսն անցնում են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով»։

Հայկ Կոնջորյանը հարցադրում արեց՝ ո՞ւր է Իշխան Սաղաթելյանը, որովհետեւ ՔՊ պատգամավորներն իրենց տեղում են, իսկ նա՝ ոչ փողոցում, ոչ էլ ԱԺ դահլիճում․ «Քաղաքական լոպազության մարաթոնն իրականում սնանկ էր։ Մարտիրոսվելու մասին էին խոսում, տպավորություն էր, որ պատրաստ են ողջակիզվել հրապարակում տեղադրված մանղալների մեջ եւ փյունիկի պես հարություն առնել, բայց դա տեղի չունեցավ։ Ընդդիմության տապալումը վկայում է ՀՀ-ում ժողովրդավարության հաղթանակի մասին, որովհետեւ ընդդիմությունն ուներ գործիքներ՝ դժգոհություն արտահայտելու, օգտագործել է բոլոր անհնար եւ հնարավոր գործիքները, հարձակվել ժողովրդավարության վրա, սակայն իշխանությունը չի դիմել սադրանքների»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930