ՀՀ 2021թ․-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումներն ԱԺ գլխադասային հանձնաժողովներում անցել են թեժ մթնոլորտում՝ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը բացակայում էր։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում ամփոփելով բյուջեի կատարման քննարկումը՝ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Նա կարեւորում է այս փաստը, որովհետեւ բյուջեի կատարողականի քննարկումն ընդդիմության տեսանկյունից համարվում է կարեւոր վերահսկողական գործիք։
«Դրանից իրենք այդպես էլ չօգտվեցին։ Կատարողականը դրական եզրակացության ենք արժանացրել։ Դրական ցուցանիշները փաստ են, բայց այդ թվերի մասին ընդդիմադիրները չեն ցանկանում խոսել, ձեռք չի տալիս խոսել։ Չեն էլ ընդդիմանում, ինչը նշանակում է, որ ընդունում են բյուջեի կատարողականը։ Գաղտնիք չէ, որ բյուջեի քննարկումն իշխանությանը քննադատելու լավ առիթ է։ Ինչպես տեսանք՝ նրանք ընտրեցին փողոցային, անօրակարգ պայքարն ու դատարկ վրաններով քաղաքացիների դեմ փակված հրապարակը, ինչը երեկ ավարտվեց այնպես, ինչպես սկսվել էր»,-համոզմունք հայտնեց Արուսյակ Մանավազյանը։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նկատի ունենալով դահլիճում ընդդիմության դատարկ աթոռները՝ նշեց․ «Այնպես ստացվեց, որ լաոյի արթուն հատվածը հիմա մենք ենք, քնած մասը՝ այս կողմում։ Շարունակենք այս տրամաբանությամբ, որովհետեւ բյուջեի կատարողականն իրականում այն հարթակն է ապահովում, որը կառավարության ծրագրի կատարման տեսանկյունից ապահովում է երկրի հեռանկարը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ