Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խթանման համար առկա է ավելի քան 60 փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային հենք. նախարար Միրզոյանը հանդիպել է բարեկամական խմբի պատգամավորների հետ

Հունիս 15,2022 13:04

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա – Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ:

Նախարար Միրզոյանը և Բուլղարիա – Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը համակարծիք էին, որ տարիների ընթացքում երկու երկրների միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում հաստատվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական կապերի, փոխադարձ համակրանքի ու վստահության վրա։ Ընդգծվել է Բուլղարիայում հարյուրամյակներ շարունակ գործող հայ համայնքի զգալի դերը հայ-բուլղարական կապերի ամրապնդման գործում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություն` այդ առումով նշելով պատգամավորական խմբերի միջև շփումների և միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համար առկա է ավելի քան 60 փաստաթուղթ ներառող հարուստ իրավապայմանագրային հենք:

Նախարար Միրզոյանն իր զրուցակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների զարգացումները։ Կողմերը համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր համապարփակ լուծումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարը նաև առանձնահատուկ ընդգծել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը և ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930