Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսում լրացուցիչ մաքսակետ կլինի․ ըստ նախարարի՝ հայկական բեռնատարների թիվը մոտ 500 է

Հունիս 15,2022 12:45

Մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ վերին Լարսի սահմանային անցակետում հազարավոր բեռնատարներ են կուտակված, այդ թվերը հաստատվա՞ծ են, ի՞նչ խնդիր կա։ ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին նման հարցադրումներ հղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Հարցը սրված է՝ հաշվի առնելով սեզոնը։ Միրգ-բանջարեղենի արտահանման խնդիր ունենք։ Խնդիրն օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սեւ ծովում նավերով շատ բեռների տեղափոխումը փոխադրվել է ցամաք, եւ Լարսում նման խնդիր է առաջացել»,-նախ նշեց Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ պետք է ազնիվ լինել ու խոստովանել, որ բոլոր կողմերը ջանք են գործադրում՝ այս իրավիճակից դուրս գալու համար․ «Օրինակ, եթե թողունակությունը 400 մեքենա է, բայց սպասարկվում է 700-ը, դա շատ բանի մասին է խոսում։ Օրերս ՊԵԿ-ի գործընկերները, էկոնոմիկայի նախարարը եւ իմ տեղակալը եղել են Լարսում, ռուս եւ վրացական կողմի գործընկերների հետ քննարկումներ ունեցել՝ վիճակը բարելավելու ուղղությամբ։ Կարծես թե հետեւյալ պայմանավորվածությունը կա, որ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի՝ այսօր գործող մաքսակետից քիչ այն կողմ, որն օրվա մեջ 170-200 մեքենա կարող է սպասարկել»։

Գնել Սանոսյանը հայտնեց, որ ԵՏՄ երկրների համար որոշ արտոնություններ կլինեն․ «Մեքենաների քանակը հիմա մեղմվել է։ 400-500-ի մասին է խոսքը։ Հազարավորը վերաբերում է նաեւ մյուս երկրների մեքենաներին։ ՌԴ-ից Վրաստան անցնելիս մեքենաները մոտ մեկ օր են մնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930