Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամբերները եւ անհույս հոռետեսները

Հունիս 15,2022 10:00

Ավստրիացի նշանավոր հոգեբան Վիկտոր Ֆրանկլը, որն, ինչպես հայտնի է, մի քանի տարի անցկացրել էր նացիստական համակենտրոնացման ճամբարում, պատմում էր, որ այդ սարսափելի պայմաններում առաջինը կոտրվում էին նրանք, ովքեր կարծում էին, թե այդ օրհասական վիճակը խիստ ժամանակավոր է, եւ վաղը կամ մյուս օրն ամեն ինչ կվերջանա, ու կյանքը կվերադառնա իր սովորական հունին: Նրանցից մի քիչ ավելի երկար էին դիմանում այն բանտարկյալները, որոնք վստահ էին, որ այդ սարսափը հավերժ է, եւ երբեք չի վերջանա: Եվ վերջապես, կարողացան վերապրել հիմնականում նրանք, ովքեր չէին մտածում ժամկետների մասին, եւ ամեն օր ու ամեն պահ փորձում էին ինչ-որ բանով զբաղվել, հատկապես, եթե այդ զբաղմունքը կարող էր օգուտ բերել մյուս մարդկանց:

Հայաստանում նրանք, ովքեր հարցնում են՝ «էս երկիրը ե՞րբ է դզվելու», ինչ-որ «վերջի» տենդագին սպասման մեջ են: Նրանք հաճախ այդ «վերջը» պատկերացնում են որպես իրենց անձնական հարցերի լուծում, բնակության վայրի փոփոխություն, արտագաղթ: Մինչդեռ նրանք, ովքեր համոզված են, որ ամեն ինչ անհույս է, շատ հավանական է, արդեն իսկ գնացել են երկրից:

Այդ անհույս հոռետեսների զանգվածն իր հերթին բաժանվում է երկու տարատեսակի՝ առաջինը նրանք են, ովքեր ցավում էին հայրենիքի համար, բայց «ցավազրկող» են ընդունել դոլարների կամ գուցե food stamp-երի տեսքով: Այդ մարդիկ, սովորաբար, հայաստանյան խնդիրներով չեն հետաքրքրվում եւ այդ թեմաներով չեն արտահայտվում: Հոռետեսների մյուս մասը շարունակում է ցավ ապրել, բայց այդ ցավն արտահայտում է յուրահատուկ ձեւով. «դուք՝ Հայաստանում մնացածներդ, հիմար եք, տգետ եք, ստրուկ եք եւ այլն»:

Մի կողմից, իհարկե, վիրավորական է, մյուս կողմից՝ այդ մարդկանց պետք է փորձել հասկանալ. նրանք հոգու խորքում վատ են զգում, որ հեռացել են հայրենիքից, եւ նման հոխորտանքներով փորձում են իրենք իրենց առջեւ արդարանալ՝ մեղադրելով ու ծաղրելով մեզ, որ մենք՝ «մեր կարճ խելքի պատճառով», շարունակում ենք ապրել Հայաստանում: Այդ հոռետեսական տրամադրությունները, կարելի է ասել, վարակիչ են: Պատերազմում պարտությունը եւ այդ պարտության, այսպես ասենք, ոչ պատշաճ իմաստավորումը քաղաքական վերնախավի կողմից դրան նպաստում են:

Մակերեսային մակարդակով մեր հանրային խոսույթում վիճում են «նիկոլականներն» ու «հականիկոլականները»: Բայց, կարծում եմ, որ այդ «կռվարար զանգվածը» կազմում է հայ ժողովրդի հազիվ 20-30 տոկոսը: Մնացածը կամ լռում են, կամ անհամբեր հարցնում են, թե ե՞րբ է այս ամենը վերջանալու, կամ էլ ասում են, որ ամեն ինչ արդեն կորած է:

Բայց, ենթադրում եմ, որ նրանք, ովքեր լռում են, մեծամասնություն են կազմում: Խոսքը բոլոր հայերի, ոչ միայն հայաստանցիների մասին է: Հուսով եմ, որ այդ մարդիկ իրենց խոսքը դեռ կասեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    “…կարողացան վերապրել հիմնականում նրանք, ովքեր չէին մտածում ժամկետների մասին…”. իսկ այդ մարդոց ազատեց Սովետի կամ Ամերիկայի զինուորը, եւ ոչ իրենք զիրենք։

    Հայութեան եւ Հայաստանին այս պահուն պէտք են միայն երրորդ տեսակի հոռետէսները. անոնք որոնք լաւ բան չեն ակնկալեր բայց եւ այնպէս պատրաստ են դիմադրելու. իսկ չարդարացուած լաւատէսներ մեզ ընդհանրապէս պէտք չեն հիմա.

  2. Հայ says:

    Դուք չեք խոսում մարդկային տեսակի մասին։
    Գոյություն ունի մարդկային տեսակ,բնույթ,դաստիարակություն։
    Մարդ կա,որ չի ցանկանում ապրել մի երկրում,որտեղ շնորքով տղեն համարվում ա փողոցում թքողը,խանութում կամ ավտոճանապարհին հերթ չպահպանողը,լկտի դեմքի արտահայտություն ունեցողը,մշակույթն ու գիտությունն արհամարհողը,իսկ այդ ամեն ինչի դեմ խոսացողը համարվում է “անշնորք” տղա։)))
    Ես,իհարկե,հասկանում եմ,որ լենինյան հեղափոխությունից հետո ,դարերով ճնշված անգրագետներին պետք էր ներշնչել,որ իրական ստեղծողները հենց իրենք են՝ բանվորներն ու գյուղացիները,իսկ մտավորականները, իրենց սուտ քաղաքակրթությամբ՝ պարազիտներ են։
    90 ականներին ,այդ պարազիտները,օգտվելով սահմանների բացումից լքեցին մեր երկիրը, թողնելով այն, իրական արժեքներ ստեղծող բանվոր դասակարգին։
    Երկիրը կորցրեց իր ամբողջ (առանց այդ էլ շատ քիչ)պարազիտ -մտավորականներին, իսկ իրական արժեք ստեղծող բանվոր դասակարգը ընտրեց կամ հանդուրժեց իր նման առաջնորդներին Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան,Ն. Փաշինյան։

  3. Gohar says:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/15/1274276/

    Հենրի Վոդսվորթ Լոնգֆելլո (1807 – 1882 ) Henry Wadsworth Longfellow
    Կյանքի Սաղմոս
    (Թե ինչ ասաց երիտասարդի սիրտը սաղմոսերգուին)

    Ինձ մի ասա դու տրտմագին,

    Թե կյանքն երազ է դատարկ –

    Զի մեռնում է նիրհող հոգին,

    Եվ իրերն են անհստակ։

    Իրական է կյանքն իսկապես,

    Եվ մահվան չէ այն միտված,

    «Զի հող էիր եւ հող դարձիս»՝

    Հոգու մասին չէ ասված։

    Ոչ վայելքն է, ոչ թախծելը

    Կյանքի իմաստն հիրավի,

    Այլ գործելը, որ նոր օրը

    Մի քայլ առաջ մեզ տանի։

    Գործը շատ է, կյանքն՝ անցողիկ –

    Մեր քաջ սրտերն անհարկի

    Հիշեցնում են խուլ ու մեղմիկ

    Թմբուկ թաղման քայլերգի։

    Աշխարհի լայն ասպարեզում,

    Կյանքի կռվում հարափոխ,

    Մի եղիր խեղճ ու անլեզու,

    Եղիր հերոս մարտնչող:

    Հույսդ մի դիր ապագային,

    Ոչ էլ կառչիր անցյալից,

    Գործիր հիմա, ներկա պահին՝

    Աստծուն ի տես, սրտալից։

    Մեծ մարդկանց պես մենք էլ փորձենք

    Շտկել կյանքը միասին,

    Որ մեկնելիս հետքեր թողնենք

    Ժամանակի ավազին։

    Հետքեր, որոնք գուցե մի օր,

    Կյանքի ծովում անսահման,

    Նավաբեկյալ քո մի եղբորն

    Կօգնի գտնել հանգրվան:

    Օն ուրեմն, գործենք արդար

    Ու հավատով աներեր:

    Եվ սովորենք առանց դադար

    Սպասել ու արարել։

    A Psalm of Life

    (What The Heart Of The Young Man Said To The Psalmist)

    Tell me not, in mournful numbers,
    Life is but an empty dream!—
    For the soul is dead that slumbers,
    And things are not what they seem.

    Life is real! Life is earnest!
    And the grave is not its goal;
    Dust thou art, to dust returnest,
    Was not spoken of the soul.

    Not enjoyment, and not sorrow,
    Is our destined end or way;
    But to act, that each to-morrow
    Find us farther than to-day.

    Art is long, and Time is fleeting,
    And our hearts, though stout and brave,
    Still, like muffled drums, are beating
    Funeral marches to the grave.

    In the world’s broad field of battle,
    In the bivouac of Life,
    Be not like dumb, driven cattle!
    Be a hero in the strife!

    Trust no Future, howe’er pleasant!
    Let the dead Past bury its dead!
    Act,—act in the living Present!
    Heart within, and God o’erhead!

    Lives of great men all remind us
    We can make our lives sublime,
    And, departing, leave behind us
    Footprints on the sands of time;

    Footprints, that perhaps another,
    Sailing o’er life’s solemn main,
    A forlorn and shipwrecked brother,
    Seeing, shall take heart again.

    Let us, then, be up and doing,
    With a heart for any fate;
    Still achieving, still pursuing,
    Learn to labor and to wait.

  4. Gohar says:

    Հարգելի խմբագրություն Ուղարկածս բանաստեղծությունը կարծես գրվել է հայերիս համար։ Ցավում եմ որ չ՜պահպանվեց ֆորմատը։ համակարգիչով այն չտտացվեց

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930