Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիզնեսն էլ է ինձ համար արվեստ»

Հունիս 15,2022 13:00

Երիտասարդ ազատ արվեստագետի բազմավեկտոր գործունեությունը

Շուրջ երեսուն տարի մեր իրականությունում խոսվում է «ազատ արվեստագետ» (գրող, նկարիչ, քանդակագործ, կոմպոզիտոր, դերասան եւ այլն) կարգավիճակի մասին։ Առհասարակ, արվեստագետների այդ խավը տասնամյակներ շարունակ հայտնվել է ամենաանպաշտպան վիճակում։ 2020թ. երբ այդ հարցը արվեստագետների կողմից բարձրացվեց համացանցում ու լայնորեն քննարկվեց, խնդիրը «հասավ» Ազգային ժողով, բայց ոչ գործադիրը եւ ոչ էլ օրենսդիրը հստակ լուծումներ չտվեցին։ Այսօր այս հարցը քննարկվում է նաեւ Ռուսաստանի դումայում. ստեղծագործական աշխատողի իրավական կարգավիճակի եւ ստեղծագործական միությունների գործունեության հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորող օրենքի նախագիծ պատրաստելու անհաջող փորձերը, ըստ ռուսաստանյան մամուլի, շարունակվում են։ Ռուս փորձագետները պարզել են, որ ազատ արվեստագետի աշխատանքը միջինը 1,5-2 անգամ ավելի գումար է բերում, քան գործատուի հետ աշխատանքային հարաբերություններ ունեցող արվեստագետի աշխատավարձն է։ Ըստ փորձագիտական հետազոտության՝ 2014թ. ՌԴ հարկային մարմիններում գործատուների կողմից հայտարարագրված արվեստագետների միջին ամսական աշխատավարձը կազմել է 22-30 հազար ռուբլի…

«Առավոտի» հետ զրույցում «ազատ արվեստագետ» կարգավիճակը մշտապես հուզել է նույնիսկ մեր մշակույթի անվանի գործիչներին։ Մենք զրույցի հրավիրեցինք նշյալ կարգավիճակով դերասան, մնջախաղաց, կրկեսի արտիստ Արմեն Սարգսյանին։ Ի դեպ, այս երիտասարդ արվեստագետի անունը մեզ ծանոթ էր դեռեւս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում Տիգրան Գասպարյանի արվեստանոցում ուսանելու տարիներից։ Այսօր ազատ արվեստագետի կարգավիճակում գտնվող դերասանին մեկ-երկու անգամ հանդիպել ենք, օրինակ՝ Երեւանի մնջախաղի պետական թատրոնում Մերի Կիրակոսյանի ռեժիսուրայով իրականացված «Անքնություն» ներկայացման մեջ, «Բաբելոն թատրոնում»՝ ռեժիսոր Հարություն Հովհաննիսյանի «Բաբելոն շոու» ինտերակտիվ ներկայացման մեջ։

Ուսանողական տարիներին էլ 3-րդ կուրսում սովորող արտիստի արվեստի մասին հիացմունքով էին արտահայտվում մասնագետները, նույնիսկ երիտասարդի մասնակցությամբ Յուրի Կոստանյանի եւ Զարուհի Անտոնյանի համատեղ ռեժիսուրայով Շեքսպիրի սոնետների ու պիեսների հիման վրա բեմադրված The Best Shakespeare ներկայացումը, որտեղ Արմեն Սարգսյանը հանդես է եկել մի քանի կերպարով, այդ թվում՝ Համլետի, Մոսկվայում կայացած «Քո շանսը» ուսանողական միջազգային փառատոնում արժանացել է մասնագետների բարձր գնահատականին։


Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ ստացվում է, որ դեռ չեք կողմնորոշվել մշակույթի ոլորտի որ ժանրում եք հաստատվելու՝ մանավանդ մեզ հասել է տեղեկություն, թե հիմա էլ ընտրել եք ոսկե զարդերի մոդելավորողի մասնագիտությունը, մեր զրուցակիցը նախ նշեց, որ տեղեկությունը իրականություն է, իսկ մոդելավորումը նույնպես մշակույթ է եւ ասաց, որ դիտարկմանը լիարժեք պատասխանելու համար պետք է սկսի թատերական ինստիտուտում սովորելու տարիներից. «Թատերականում ուսանելու տարիներին էր, երբ 2017թ. մեկնեցի Վիեննա՝ ուսումս շարունակելու նպատակով։ Ստացվեց այնպես, որ Վիեննայի կոնսերվատորիայում ընդունվեցի փոփ-երգեցողության բաժինը։ Ըստ էության դա էլ կիսատ թողեցի, վերադարձա Հայաստան՝ պարտադիր զինվորական ծառայության։ Այն ավարտելուց հետո ընկերոջս՝ ռեժիսոր Հարություն Հովհաննիսյանի հետ հիմնեցինք «Բաբելոն թատրոնը», որտեղ մեկ-երկու աշխատանք իրականացնելուց հետո հեռացա (չմանրամասնեց- Ս. Դ.)։ Հաջողություններ եմ գրանցել նաեւ իբրեւ կրկեսի օդային մարմնամարզիկ, հանդես եկել «Շապիտո» շրջիկ կրկեսի հետ, ելույթներ ունեցել Ղազախստանի, Լիբանանի, Մոսկվայի, Վիեննայի կրկեսային արենաներում… Ինչ վերաբերում է ոսկե զարդեր մոդելավորողի մասնագիտությանս, կարող եմ հստակ ու պարզ պատասխանել. նպատակս էր վաստակել գումար՝ հերթական անգամ ստեղծագործելու հնարավորություն ունենալու համար կամ՝ ցանկություն ունեմ իմ սեփական մտքերն իրագործել, ինչի համար գումարը պարզապես անհրաժեշտություն է»։

Հավելեց նաեւ. «Կմտածեք՝ բիզնեսի ուղին եմ բռնել։ Դրան էլ պատասխան ունեմ. բիզնեսն էլ է ինձ համար արվեստ։ Գուցե մտածեք, որ բիզնեսմենի ուղեղը 24 ժամ զբաղված է տալու եւ առնելիքի խնդիրներով, բայց դրան էլ պատասխանեմ, որ մեկին հետաքրքրում է գումարը, մյուսին՝ հոգեւոր մասը կամ ոգեղենը։ Կրկնում եմ՝ չմոռանանք, որ մոդելավորումն էլ է մշակութային մասնագիտություն ու ինձ հետաքրքրում է բոլորը միասին վերցրած»։

Հետաքրքրությանը՝ այսօր կա՞ մի նախագիծ, որից հրավեր է ստացել, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Փակագծեր չեմ բացի, բայց կասեմ, որ բալետմայստեր Աիդա Սիմոնը ձեռնամուխ է եղել իր սցենարով ու ռեժիսուրայով մի պլաստիկ ներկայացման, հրավիրել է նաեւ ինձ։ Ներկայացումը նախատեսված է ցուցադրել Եվրոպայում, քանի որ բալետմայստերը խուսափում է սկանդալներից»։ Ռեպլիկին՝ ծանոթ ենք Աիդա Սիմոնի այդ պարային պլաստիկ նախագծին, հիմա էլ ստացվում է, որ դուք նաեւ պարող եք, մեր զրուցակիցը ժպտալով ասաց, թե ինքն իրեն ավելի շատ շարժվող է համարում՝ քան պարող, քանի որ կյանքն ինքնին շարժում է, հետո էլ պատասխանեց. «Աիդա Սիմոնի հերթական ներկայացումը, ըստ իս՝ ոչ մի ժանրում էլ չէ։ Սա բոլորովին նոր գաղափար է եւ նոր մոտեցում, ավելի շուտ՝ ժամանակակից պար հիշեցնող, հիմնված իմպրովիզացիայի վրա»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Արմեն Սարգսյանը տարբեր ներկայացումներում։

«Առավոտ» օրաթերթ
14.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930