Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկություն ունեմ աշնանը մենահամերգով հանդես գալ Երեւանում, այլ «փակագծեր» չեմ բացի»

Հունիս 15,2022 12:30

Հարցազրույց դաշնակահար, միջազգային մրցույթի դափնեկիր Լաուրա Գալստյանի հետ:

– Դուք վերջերս Իտալիայի Ջոյա դել Կոլե քաղաքում կայացած Պիետրո Արջենտոյի անվան երաժիշտ֊կատարողների 24֊րդ միջազգային մրցույթում արժանացել եք առաջին մրցանակի եւ հատուկ կրթաթոշակի։ Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս նման մրցույթները երիտասարդ երաժիշտներին՝ կարիերայի եւ նոր հեռանկարների առումով:

– Մրցույթները երիտասարդ երաժիշտներին հնարավորություն են տալիս ծանոթանալու այլ շնորհալի երիտասարդ կատարողների հետ: Դրանք հմտությունները զարգացնելու եւ սեփական կարողությունները նորովի դրսեւորելու կարեւոր հարթակ են: Երաժշտական հեռանկարների տեսանկյունից՝ մրցույթները նոր ճանապարհ են բացում դեպի միջազգային ավելի լայն գործունեության՝ համերգային հրավերներ, մրցույթներ, վարպետաց դասեր։

– Ներկայումս դուք սովորում եք Մանհայմի (Գերմանիա) բարձրագույն երաժշտության եւ կատարողական արվեստների համալսարանում` Վոլֆրամ Շմիթ֊Լեոնարդիի դասարանում, կմանրամասնե՞ք, խնդրում եմ, ինչպես ընդունվեցիք այդ համալսարան, ինչն է այդտեղ հատկապես շեշտադրվում ուսումնառության ընթացքում:

– Մանհայմի երաժշտության եւ կատարողական արվեստների համալսարանն ընտրել եմ հատկապես անվանի պրոֆեսոր Վոլֆրամ Շմիթ-Լեոնարդիի դասարանում սովորելու համար, ինչպես նաեւ հաշվի եմ առել 300-ամյա համալսարանի՝ միջազգային մեծ վարկանիշ ունեցող ավանդույթները: Ինձ համար հատկապես գնահատելի է ուսանողին տրվող մասնագիտական ազատությունը:

– Եթե չեմ սխալվում՝ դասեր եք առել նաեւ ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանից, ինչպիսի՞ն էր իր արձագանքը ձեր հաղթանակի առիթով:

– Այո, չեք սխալվում։ Ես 2015թ.-ից մասնագիտացել եմ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մոտ: Անգնահատելի է նրա ավանդը իմ երաժշտական ձեւավորման գործում: Նրա արձագանքը միանշանակ շատ ոգեւորիչ էր եւ մոտիվացնող։

– Ըստ ձեզ՝ «դրսում» հաջողությունների հասնելու համար ավելի շատ տաղա՞նդ է անհրաժեշտ, աշխատասիրություն ու ջա՞նք, թե՞ հաջողակ լինելու գործոնն է նպաստում:

– Կարծում եմ, որ ցանկացած տեղ եւ ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են ձեր կողմից նշված բոլոր գործոնները միասին: Այդ փնջից որեւէ մեկի բացակայության դեպքում՝ ցանկալի արդյունքի հասնել չի հաջողվի:

– Հայաստանի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

– Ապագայի ծրագրերը շատ են։ Մեծ ցանկություն ունեմ աշնանը մենահամերգով հանդես գալ Երեւանում: Մյուս ծրագրերի «փակագծերը» դեռեւս չէի ցանկանա բացել։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930