Լրահոս
Օրվա լրահոսը

Արաքս Եդոյանը՝ էսթետիկ բժշկության, ոլորտի նրբությունների ու ռիսկերի մասին

Հունիս 15,2022 12:00

 – Ինչո՞ւ ընտրեցիք էսթետիկ բժշկությունը:

– Դա ամուսնուս նախապատվությունն էր, նա չէր ուզում, որ ես հիվանդանոցում հերթափոխով աշխատեմ: Ես սկսել եմ կոսմետոլոգիայից եւ հասել մինչեւ էսթետիկ միջամտություն: Քանի որ բնավորությամբ անհամբեր մարդ եմ, ուզում եմ արդյունք ունենալ միանգամից եւ որը կպահպանվի երկարատեւ, իսկ այդ հնարավորությունը մեզ տալիս է միայն էսթետիկ բժշկությունը… Շատերը, երբ մի բան սովորում են, էլ ցանկություն չեն ունենում նորից սովորելու, բայց բժիշկը, ըստ իս՝ դատապարտված է անընդհատ սովորել… Ինձ համար շատ կարեւոր է յուրաքանչյուր կնոջ ժպիտը եւ ինքնավստահությունը: Ինձ մոտ եկել են շատ կանայք եւ միանգամից իրենց կյանքում լիքը բան փոխել:

– Ե՞րբ էսթետիկ միջամտություն կատարելը դարձավ ակտուալ:

– Ես ոլորտում եմ արդեն 15 տարի, բայց մասնագիտության մեջ հմտացել եմ արտերկրում վերապատրաստվելով: Սկզբում պացիենտները թերահավատորեն էին մոտենում ներարկումներին: Վերջին 7-8 տարվա ընթացքում այն Հայաստանում ավելի մեծ պահանջարկ ունեցավ, օգտվողների քանակը կտրուկ աճ է գրանցել: Ընդհանրապես էսթետիկ միջամտություն կատարելը բավական բարձր վարձատրվող աշխատանք է, բայց ցավալի է, որ շատերը չունենալով բժշկական կրթություն՝ կատարում են ներարկումներ: Աշխարհում նման գործունեությամբ զբաղվելը թույլատրվում է միայն բժշկական բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, բայց մեր երկրում ոլորտը լավ չի վերահսկվում: Եղել են դեպքեր, երբ բոտեքսից աչքն է փակվել, հեմատոմա է առաջացել:

– Ինչո՞ւ է կարեւոր ընտրել բժիշկ, որը աշխատում է կլինիկայում:

– Կլինիկաները վերահսկվում են առողջապահության նախարարության կողմից: Կլինիկան ունի իր ախտահանման չափանիշները, այստեղ աշխատում են միայն բժշկական կրթություն ունեցող անձինք: Իսկ գեղեցկության սրահում ոչ մի փորձառու բժիշկ չի աշխատի:

– Կա՞ն միջամտության տեսակներ, որոնք դուք չեք իրականացնում:

– Ես դեմ եմ քթին ֆիլլեր ներարկելուն: Դա միակ հատվածն է, որ ֆիլլեր չի կարելի ներարկել, որովհետեւ այն աճառների վրա ներարկելիս քայքայման պրոցես է ընթանում: Մարդու անատոմիական կառուցվածքը թույլ չի տալիս նման ներարկում կատարել: Ես ավելի շատ կողմ եմ պլաստիկ միջամտություններին, եթե դրա կարիքը կա: Բժիշկը չպետք է կորցնի չափի զգացողությունը, անգամ երբ գումարը գայթակղիչ է:

– Ի՞նչ տեխնիկաներ եք օգտագործում, արդյոք ունե՞ք հեղինակային տեխնիկա:

– Ունեմ բոտուլինոթերապիայի հատուկ տեխնիկա, որի շնորհիվ մենք չենք քարացնում դեմքը, պահպանվում է դիմային խաղը եւ փոխարենը մենք չենք ունենում որեւէ կնճիռ: Դեմքը դառնում է ավելի փափուկ, հայացքը ավելի արտահայտիչ, կոպերը ավելի բարձր են լինում եւ այս տեխնիկայի շնորհիվ կարողանում ենք փոխել աչքի ձեւը: Այս տեխնիկայով արդեն աշխատում եմ 1 տարի: Ես ստացել եմ նաեւ հեղինակային կոկտեյլներ, մեկ ներարկումից արդեն ստանում ենք մկանների տոնուսավորում, մաշկի շերտերի առաձգականություն, խոնավություն եւ մաշկի հավասար գույն: Նաեւ շրթունքների տեխնիկայի մեջ ունեմ իմ ձեռագիրը, որ տվյալ մեթոդով աշխատում եմ ես եւ միայն իմ ուսանողները: Եվ մի կարեոր ընդգծում՝ նախքան որոշում կայացնելը, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչո՞ւ եք ցանկանում միջամտություն կատարել եւ ի՞նչ եք ակնկալում դրանից, մտածեք եւ անպայման քննարկեք դա ձեր բժշկի հետ:

Զրուցեց Հայկուշ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930