Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է պակասում ժողովրդավարության համար

Հունիս 15,2022 14:30

Ռոբերտ Դալի «պոլիարխիան» եւ հայաստանյան իրականությունը

Խոսակցությունն այն մասին, թե քաղաքական ինչպիսի ռեժիմ է Հայաստանում եւ ինչպիսին պետք է այն լինի, սովորաբար հանգեցնում է այս կամ այն իշխանության հասցեին մեղադրանքների, այն դեպքում, երբ այդ խոսակցությունը վարվում է զուտ հրապարակախոսական շրջանակներում: Իրականում, անգամ տեսական մակարդակով, մենք պատկերացում չունենք, թե ինչպիսի երկրում ենք մենք ապրում:

Եթե ասենք, որ ռեժիմը ժողովրդավարական է (ինչի հետ ես համաձայն չեմ), ապա պետք է պարզաբանենք, թե որոնք են այդ հասկացության բաղադրիչները: Սովորաբար նշվում են ազատ, թափանցիկ ընտրությունները: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր են մասնակցում այդ ընտրություններին: Եթե, օրինակ, չեն մասնակցում կանայք, ստրուկները եւ այլազգիները, ինչպես հին հունական «պոլիսներում» էր, ապա դա կլինի, համաձայնեք, ժողովրդավարության՝ պատմականորեն հնացած մի դրսեւորում: Նույնը կարելի է ասել 19-րդ դարի առաջին կեսի Միացյալ Նահանգների մասին, որտեղ դարձյալ կանայք եւ ստրուկներն իրավունք չունեին քվեարկելու: Իսկ նույն 19-րդ դարի կեսերին Ֆրանսիայում առաջին համընդհանուր ընտրությունների արդյունքում նախագահ դարձած անձնավորությունը՝ չորս տարի նախագահ «աշխատելով», այնուհետեւ հայտարարել էր, որ ինքն ամենեւին չի ուզում «սովորական նախագահ» լինել եւ դարձավ կայսր, այսինքն՝ իրեն ամենեւին «ոչ ժողովրդավար» կերպով դրսեւորեց:

Իհարկե, կարելի է ընդհանրապես չհուզվել այդ հարցերով եւ միանալ ավստրիացի տնտեսագետ Յոզեֆ Շումպետերի տեսակետին, ըստ որի՝ ժողովրդավարությունը սահամանափակվում է քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելով. Դա, այսպես կոչված, «էլիտիստական ժողովրդավարությունն» է: Չորս կամ հինգ տարին մեկ մենք ընտրում ենք իշխանություն եւ մի կողմ ենք քաշվում: Այսինքն՝ մենք որոշում ենք, թե ովքեր են դերակատարները բեմում, սակայն մեզ հնարավորություն չի տրվում բեմ բարձրանալ եւ մասնակցել ներկայացմանը: Ակնհայտ է, որ թվային, սոցցանցային դարում բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն «բեմում» հայտնվելու (առնվազն դեկորացիայի դերում):

Ընդհանրապես, 20-21-րդ դարերի ընթացքում քաղաքագետներն անընդհատ ճշգրտումներ են մտցնում «ժողովրդավարություն» հասկացության մեջ՝ այն հարստացնելով ժամանակին համահունչ երանգներով եւ տարատեսակներով. ըստ որոշ գնահատականների, դրանք մի քանի տասնյակ են: Իհարկե, եթե ինչ-որ բան չափից դուրս շատ տարատեսակներ ունի, ապա վտանգ կա, որ երեւույթի էությունը կարող է կորել այդ բազմաթիվ շերտավորումների տակ: Բայց հատկանիշները, որոնք 1953 թվականին նշում էր ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Դալը, որքան գիտեմ, ոչ մեկի մոտ առանձնապես առարկություններ չեն առաջացնում:

«Ժողովրդավարություն» բառի փոխարեն Դալը գերադասում է օգտագործել «պոլիարխիա» եզրը՝ «շատերի իշխանություն»: Իշխանությունը, նրա պատկերացմամբ պետք է սփռվի, տարածվի ամբողջ պետության եւ հասարակության մեջ, դրա բոլոր կետերում:

Ինչպ՞ես է դա արվում: Առաջին երկու կետերի մասին արդեն խոսվեց: Կառավարությունը պետք է ձեւավորվի ազատ, արդար ընտրությունների միջոցով: Մնացած կետերում էլ որեւէ հայտնագործություն չկա. ինքնարտահայտման հարթակներ, լրատվության այլընտրանքային աղբյուրների հասանելիություն, անկախ հասարակական միավորներ ստեղծելու հնարավորություն:

Այս հինգ կետերի հետ կապված ժամանակակից Հայաստանում, կարծես թե, լուրջ խնդիրներ չկան: Առանձին ուշադրության է արժանի կետերից մեկը, որը նա անվանում է government responsiveness՝ հայերեն գուցե ոչ այնքան հաջող թարգմանությունը կլինի «կառավարության արձագանքողություն»: Քաղաքագետն այստեղ նկատի ունի, որ որոշումները պետք ընդունվեն քննարկումների արդյունքում, որ կառավարությունը պարտավոր է աշխատել ամբողջ հասարակության, այդ թվում՝ ընդդիմադիր շրջանակների հետ եւ ոչ մի դեպքում «չդեմոնացնի» այլընտրանքային կարծիքը: Հակառակ դեպքում «պոլիարխիան» կայուն չի լինի:

Այս առիթով Դալը առաջ է քաշում «պոլիարխիայի» եւս մի քանի պայման: 1/ Քաղաքական լիդերներն իշխանությունը պահպանելու համար չպիտի դիմեն բռնությունների՝ բանակի, ոստիկանության օգնությանը: 2/ Հասարակությունը պետք է լինի դինամիկ՝ հիմնված բազմակարծության (պլյուրալիզմի) սկզբունքների վրա: 3/ Ցանկացած ենթամշակութային պլյուրալիզմը պետք է հիմնված լինի հանդուրժողականության բարձր մակարդակի վրա: 4/ Քաղաքացիների, հատկապես հասարակության քաղաքականապես ակտիվ անդամների մոտ պետք է գերիշխի այնպիսի քաղաքական մշակույթ, որը մոտ է ժողովրդավարության գաղափարներին:

Այստեղ՝ «կառավարության արձագանքողության», ինչպես նաեւ քաղաքական մշակույթին վերաբերող 4 կետերում, ինչպես տեսնում եք, մենք լուրջ խնդիրներ ունենք: Հայաստանի կառավարությունը, եթե արձագանքում է, ապա միայն իր ընտրազանգվածի պահանջմունքներին, այն էլ մասամբ՝ հիմնականում հռետորաբանության մակարդակում: Կառավարությունը պարբերաբար դիմում է բռնությունների՝ իշխանությունը պահելու համար: Հասարակությունն ապրում է բազմաթիվ կարծրատիպերով. բացի քաղաքականացված երկու մասերի անհանդուրժողականությունից, մեր քաղաքացիները հանդուրժող չեն նաեւ ցանկացած այլընտրանքային տեսակետների եւ ապրելակերպի հանդեպ, պատրաստ չեն «բազմակարծության ոգով» քննարկել կնճռոտ խնդիրները: Այնպես որ, եթե առաջնորդվենք Ռոբերտ Դալի «պոլիարխիայի» մոդելով, ապա Հայաստանը, մեղմ ասած, դեռ ճանապարհ ունի անցնելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ անչափահաս երեխան հանցանք է գործում, այդ երեխան չի կարող հատուցել իր արած հանցանքի դիմաց, երեխայի համար պատասխանատվություն են կրում ծնողներն ու բարեկամները, հարեւաններն ու ազգակիցներն ու պարզապես բարի կամքի մարդիկ: Այդ պատասխանատվություն կրողներն ու անչափահասի հանցանքի հատուցողներն են որոշում կայացնողները, ոչ թե անչափահաս երեխան պետք է ծնողների հետ հավասար ձայնի իրավունքով ընտանեկան ընտրություններին մասնակցի: Երեխային սկզբից դաստիարակում են պատասխանատվություն կրելու եւ իր եւ իր բարեկամ ազգակիցների հանցանքի հատուցման համար պատասխան տալու համար եւ նոր միայն հնարավորություն տալիս մասնակցել ընտանեկան խորհրդակցություններին: Մեր պետությունը պետք է ծնողի դերն իր վրա վերցնի եւ իր քաղաքականապես անչափահաս ժողովրդին դաստիարակի պատասխանատվություն կրելու ոգով, այսինքն՝ չափահաս ազգին վայել սկզբունքներ՝ բնազդի մակարդակով: Բայց երբ պետություն ինքն է անչափահաս, էլ ի՞նչ պահանջենք ժողովրդից: Երբ ասում եմ ազգի ազնվականություն, դա հենց ժողովրդի ծնողներն են, որոնք բնազդորեն պատասխան են տալիս ժողովրդի անվտանգության, դաստիարակության համար, որոնք ծնողական բնազդով են պաշտպանում ժողովրդին, ծնողական բնազդով են սիրում ժողովրդին, ինչքան էլ բողոքեն իրենց երեխայից: Ժողովրդի ծնողներ, տատիկներ ու պապիկներ, բարեկամներ ու ազգակիցներ եւ պարզապես բարի կամքի մարդիկ, պետության իշխանությունը խաղալիք չի, մեր քաղաքականապես անչափահաս իշխանությունընդդիմության ձեռքից վերցրեք իշխանությունն ու ընդդիմությունը, առաջին հերթին նրանք իրենք իրենց վնաս կտան ու ժողովրդին էլ ու պետությանը կվնասեն: Ձեր համեստությունը թողեք մի կողմ, ամեն օր գնացեք դիմում գրեք, ասեք թող հրաժարական տան, մի բան մտածեք, դուք եք նրանց պատասխանատու ծնողները, դուք եք պատասխան տալու ազգի ապագայի առաջ այսօրվա եւ երեկվա անչափահաս անպատասխանատու իշխանության եւ ընդդիմության հանցանքների համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930