Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը «ղարաբաղյան» նժույգ է նվիրել Անգլիայի թագուհուն. ակնհայտ կաշառք․․․

Հունիս 14,2022 23:50

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին Անգլիայի թագուհուն նվիրել է «ղարաբաղյան հազվագյուտ նժույգ»՝ «Շոհրաթ» (փառք) անունով՝ որպես «ընծա» նախագահ Իլհամ Ալիևից։

Ադրբեջանը հրավիրված էր ելույթ ունենալու Նորին Մեծության գահակալման Պլատինե հոբելյանի տոնակատարություններին։ Մայիսի 12-15-ը Վինձորի թագավորական ձիերի շոուի մասնակիցների թվում էին ադրբեջանական հեծելազորային ջոկատը և սահմանապահ ծառայության պարային համույթը ազգային տարազով, որոնք կատարեցին «Հրո երկիր» խորագիրը կրող հայտագիրը: Ադրբեջանը 2012 թվականից սկսած մասնակցում է այս շոուին:

96-ամյա Էլիզաբեթ երկրորդ թագուհին, շարժողականության խնդիրների պատճառով ձեռնափայտը ձեռքին, սպասել է Վինձորի ամրոցի բակում, որպեսզի անձամբ ընդունի Ադրբեջանի «նվերը»: Միապետը, որն իր ողջ կյանքի ընթացքում սիրել է ձիերին, ասել է, որ դա «շատ սիրալիր, շատ առատաձեռն» վարմունք էր: Վերջերս աճուրդում նման մի ձի վաճառվել է 17 հազար դոլարով: Թագուհուն նվիրել են նաև ձիերի երկու քանդակ, որոնք պատրաստել էր ադրբեջանցի քանդակագործ Ֆաիք Հաջիևը։ Հետաքրքիր է, որ Խորհրդային Միության Կոմկուսի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը 1956 թվականին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Էլիզաբեթ երկրորդ թագուհուն ևս նվիրել էր «ղարաբաղյան նժույգ»՝ «Զաման» անունով։

Չթաքցնելով թագուհուն ընծայված ադրբեջանական «նվերի» քարոզչական արժեքը՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը, պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ, բացահայտ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ձիերի շոուն «չափազանց կարևոր հարթակ է դարձել ադրբեջանական հնագույն և եզակի մշակույթը գովազդելու համար»։

Այնուամենայնիվ, ադրբեջանական քարոզչությունը հակառակ արդյունքն ունեցավ, երբ «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա» կայքի գլխավոր լրագրող Ֆիլ Միլլերը խիստ քննադատական հոդված գրեց՝ «Զայրալից է, որ թագուհին «առատաձեռն» նվեր է  ստանում  բռնապետից» վերնագրով: Հոդվածը սկսվում էր հետևյալ կերպ. «Մինչ թագուհին նշում է  իր Պլատինե հոբելյանը, նա բախվում է հորդորների՝ վերադարձնելու այն նժույգը, որ նա վերջերս ստացել է բռնապետական վարչակարգից․ երրորդ բռնակալությունը, որից նա նման նվեր է ընդունել»:

Միլլերը հայտնում է՝ «Հանրապետություն խումբը, որը ցանկանում է վերացնել միապետությունը և այն փոխարինել ընտրված պետության ղեկավարով, քննադատել է թագուհուն «մտերիմ հարաբերությունների համար, որտեղ նա ձիեր է ստանում բռնապետություններից»: Հանրապետություն խմբի խոսնակ Գրեհեմ Սմիթն ասել է «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա»-ին. «Բրիտանական պետության ղեկավարի համար այնքան էլ լավ չէ նման հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, որոնք շատ կասկածելի ձեռքբերումներ ունեն իրենց պաշտոնում և ճնշում են սեփական ժողովրդին։ Ես կարծում եմ, որ դա տհաճ է և այնպիսի մի բան, որը մեկ այլ պետության ղեկավար իրեն թույլ չէր տա անել: Ես զարմանում եմ, որ կառավարությունը նրան խորհուրդ չի տվել հրաժարվել նման ընծաներից, բայց ենթադրում եմ, որ դա այն է, ինչում նա մեծապես ներգրավված է՝ ձիարշավը։ Կարծում եմ՝ լավագույն բանը, որ նա կարող էր անել, նվերները վերադարձնելն է ու խնդրելը, որ հետագայում իրեն նման բան այլևս չառաջարկեն»:

Միլլերը հավելել է. «Ալիևների ընտանեկան ցանցը մեծապես մեղադրվում է պետական միջոցների յուրացման և Լոնդոնում ավելի քան 500 միլիոն դոլարի սեփականություն ձեռք բերելու մեջ, որոնցից մեկը վաճառվել է թագուհու ունեցած կալվածքին՝ 82 միլիոն դոլար արժողությամբ գործարքով»։

Միլլերը մեջբերել է վտարանդի ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևային. «Նախագահ Իլհամ Ալիևը  հայտնի է ոչ միայն իր մենատիրական ղեկավարությամբ, այլև նա հաջողությամբ կարողացել է փչացնել կառավարման ողջ համակարգը՝ կամակատարներին,  օլիգարխներին և ընտանիքի անդամներին տեղավորելով բարձրագույն ղեկավար պաշտոններում»։

Հունիսի 2-ին Բրիտանական Համագործակցության բոլոր չորս երկրների՝ Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբերը համատեղ հայտարարություն են տարածել՝ «Ձերդ մեծությո՛ւն, զգուշացեք ընծաներ բերող բռնապետերից» վերնագրով: Հայ Դատի հանձնախմբերն ասել են, որ Ադրբեջանը փորձում է «իրենց ուղին հարթել՝ մաքրագործելու համար իրենց սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում»։ Հայ Դատի հանձնախմբերը նվերն անվանել են «Ադրբեջանի  մենատիրական վարչակարգի կողմից իրենց թերությունները դրական լույսի ներքո ներկայացնելու վերջին լկտի փորձերից մեկը»: Համատեղ հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «իրավապաշտպան կազմակերպությունները հետևողականորեն բացահայտել են Ադրբեջանի կողմից խավիարային դիվանագիտության օգտագործումը մի շարք կոռուպցիոն սկանդալներում, որտեղ պարզվել է, որ նրանք վճարում են՝ միջազգային հանրության շրջանում երկրի հեղինակությունը բարձրացնելու համար»:

Հայ Դատի չորս հանձնախմբերը  հիշեցրել են, որ «2012 թվականին նախագահ Ալիևը դարձել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի տարվա մարդ մրցանակի անդրանիկ հաղթողը, որը շնորհվում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից»: Հայ Դատի հանձնախմբերն ահազանգել են թագուհուն, որ «Freedom House-ն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ամփոփել է հետևյալ կերպ. «Ադրբեջանի ավտորիտար վարչակարգում իշխանությունը շարունակում է կենտրոնացած լինել 2003 թվականից ի վեր նախագահ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում»: Կոռուպցիան համատարած բնույթ է կրում, իսկ պաշտոնական քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները մեծ ճնշում են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ չնչին տեղ թողնելով ազատ արտահայտվելու կամ ակտիվության համար»:

Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը հայտարարել է. «Մենք  կասկած իսկ չունենք, որ նվերը դիտավորյալ և նպատակաուղղված գործողություն է ադրբեջանական վարչակարգի կողմից՝ փառաբանելու իր ռազմական հանցագործությունները և հոգեբանական վնաս պատճառելու հայերին Համագործակցության երկրներում, ինչպես նաև Արցախում՝ իրենց նախնիների հայրենիքում, որոնք կանգնած են գոյատևման վտանգի առաջ և ականատես են եղել, որ իրենց նախնիների հայրենիքի որոշ հատվածներ բռնազավթվել և էթնիկ զտման են ենթարկվել օտար բռնապետության կողմից»:

Կանադայում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը հավելել է. «Մենք վստահ ենք, որ վերոնշյալի մասին լիովին տեղեկացված լինելուց հետո Նորին Մեծությունը պետք է իրավացիորեն վերանայի այս «նվերի» ընդունումը և մերժի Ադրբեջանի բացահայտ և ստոր խավիարային դիվանագիտությունը»:

Քիչ հավանական է, որ թագուհին վերադարձնի Ադրբեջանի ընծայած նժույգը, քանի դեռ բրիտանական հասարակությունը ճնշում չի գործադրել իրենց կառավարության վրա, որ այս «նվերը» ոչ այլ ինչ է, քան գռեհիկ կաշառք՝ արդարացնելու Ալիևի վարչակազմի հանցագործություններն Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի ժողովուրդների դեմ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930