Այսօր՝ արյան դոնորի համաշխարհային օրը, առողջապահության նախարարությունը, «Պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն» ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել են «Արյուն հանձնելը համերաշխության քայլ է» խորագիրը կրող արշավ: Նպատակն է խրախուսել արյան կամավոր դոնորությունը՝ հանրապետության արյան բանկը համալրելու համար:
Լոռու մարզային արյան փոխներարկման կայան այսօր արյունատվության էին գնացել ինչպես քաղաքացիներ, այնպես էլ պաշտոնատար անձիք: Լոռու մարզպետարանի աշխատակցուհի Լուսինե Վարդանյանն արդեն մի քանի տարի է ինչ կամավոր դոնոր է հանդիսանում: «Արդեն մի քանի տարի է մասնակցում եմ այս ակցիային մեծագույն ոգեւորությամբ եւ հորդորում եմ բոլորին, ովքեր, որ ունեն հնարավորություն եւ իրենց առողջական վիճակը թույլ է տալիս, հանդիսանալ արյան դոնոր: Կարեւորում եմ անվճար, կամավոր դոնորությունը, քանի որ մեր բնակիչների մոտ սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողանում արյան բանկի ծառայություններից օգտվել, եւ կամավոր դոնորությունն այս պահին բավականին կարեւոր է»:
Հայկական կարմիր խաչի Լոռու մարզային մասնաճյուղի կամավորների պատասխանատու Միլենա Քոչարյանն ասում է, որ մինչ այս կատարել են իրազեկման ակցիաներ. «Մենք արյան կայանում աջակցում ենք արյուն հանձնողներին, ուղեկցում ենք նրանց խորհրդատվության սենյակ, այնուհետեւ արյուն հանձնելու կայան, որից հետո հետեւում ենք, որ հանգստանան: Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում հանրային վայրերում իրազեկման թերթիկներ ենք բաժանել մարդկանց, հորդորելով՝ միանալ ակցիային եւ արյուն հանձնել»:
Կարդացեք նաև
Լոռու մարզային արյան փոխներարկման կայանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Մուրադյանն ասում է, որ կայանում, թեեւ արյուն հանձնողներ լինում են, սակայն արյան պաշարները մշտապես թարմացնելու կարիք կա. «Արյան պաշար միշտ ունենք, բայց խնդրում եմ մեր հասարակությանը, որ հանդիսանան արյան դոնոր: Մենք պետք է միշտ ունենանք արյուն, որ կարողանանք թարմացնել եւ ապահովենք բոլոր հիվանդներին: Մենք ունենք 3 կատեգորիայի դոնորներ, որոնք հիվանդների հարազատներն են, կամավոր անհատույց դոնորներն են եւ փոխհատուցվող դոնորներն են, այսինքն վճարովի»:
Լիանա Մուրադյանի վստահեցմամբ արյան պաշարները հիմնականում պահպանվում են փոխհատուցվող դոնորների շնորհիվ: Իսկ կամավոր դոնորների թիվը բավականին փոքր է: Տնօրենի խոսքով՝ այսօր հասարակությունն ու իրազեկման կարիք, որպեսզի կամավոր դոնորների թիվն ավելանա:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ