Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Արցախի պետական դրոշը դարձել է անարգանքի առարկա». Վահագն Մելիքյան

Հունիս 14,2022 21:30

ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն այսօր «Դիմադրություն» շարժման հանրահավաքին, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի հրապարակում, հիշեցրեց Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերը, որն ասել էր 29 տարի առաջ՝ եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը: Վահագն Մելիքյանն ասաց, որ արդեն 29 տարի է՝ անկախ բոլոր վայրիվերումներից, սխալներից ու թերացումներից, հայության բոլոր հատվածներն առաջնորդվել են այս գիտակցությամբ:

«Ցավալիորեն, ազգակործան եւ կանխամտածված քաղաքականության հետեւանքով, այսօր մենք հասել ենք ճակատագրական հանգրվանի»,-ասաց նա: Վահագն Մելիքյանի համոզմամբ, մոտեցել ենք վտանգի չափազանց բարձր աստիճան ունեցող մի կիզակետի, որի հատումն ուղղակիորեն սպառնում է ՀՀ-ի ինքնիշխանությանը, Արցախի հանրապետության գոյությանը եւ մեր պետականությանը:

Նրա խոսքով, սրանք լոկ ենթադրություններ չեն, այլ իրողություն, որի հետ հաշվի չեն նստում մեր շատ հայրենակիցները. «Կամ ընկալում են, բայց դեռ անտարբեր են: Այս վտանգի դեմն անելը շատ ավելի կարեւորություն ունի, քան մոլագար մեկնաբանությունները՝ նախկիններ-ներկաներ հիվանդագին մրցավազքի մեջ»:

Ըստ նրա, ամեն գնով խաղաղության օրակարգի առաջ մղումը բթացրել է մարդկանց գիտակցությունը, որ վաղն արդեն կարող է ուշ լինել եւ թշնամին կթակի բոլորիս դուռը. «Ովքեր այսօր այս հրապարակում չեն, պետք է իմանան, որ բոլորս նստած ենք ժամացույցը միացված, գործարկված դանդաղ ռումբի վրա: Ես ավելի քան վստահ եմ, որ 34 տարվա ընթացքում երեք պատերազմների բովով անցած հայ ժողովրդի մեջ դժվար թե գտնվի որեւէ ողջախոհ մեկ հայ, որը չի ուզում խաղաղություն: Բայց այստեղ կա շատ կարեւոր բայց, այդ խաղաղությունը որեւէ պարագայում չպետք է լինի նվաստացման ու սպառնալիքի ճանապարհով, չպետք է զոհասեղանին դրվի մեր ազգային, պետական շահը, մեր արժանապատվությունը»:

Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դիվանագիտության համար բացվել էր շատ լայն դաշտ. «Նույնիսկ այդ դժվարին պայմաններում կային, թեեւ քիչ, բայց ծանրակշիռ հնարավորություններ՝ իրավիճակը որոշակի շտկելու եւ հետագայում անդառնալի կորուստներից խուսափելու համար, սակայն իշխանությունները ականջալուր չեղան մասնագիտական կարծիքին:

Նրա խոսքով, համակարգից հեռացած բոլոր դիվանագետներն ունեին 25-30 տարվա դիվանագիտական աշխատանքի հսկայական փորձ, որի վրա պետությունն ահռելի գումարներ էր ծախսել: Ըստ նրա, նույնը՝ պաշտպանական համակարգում. «Այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Արցախի պետական դրոշը դարձել է անարգանքի առարկա, այդ նույն դրոշը պոկում են, քերում են, դեն են շպրտում»:
Նա քաղաքացիներին կոչ արեց բարձրացնել Արցախի դրոշը:
«Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»,-ասաց նա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930