Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորովին չեմ բացառում, որ, այո, որոշ մարդիկ, հետապնդվում են քաղաքական նկատառումներով». Վարդան Հարությունյան

Հունիս 14,2022 21:35

«Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որ քաղաքական նկատառումներով դատապարտված անձինք արդարացվեն: Խոսքը, միայն արդարացմանն է վերաբերվում, փոխհատուցման մասին դեռեւս խոսք չկա: Գործընթաց է, որը շատ դանդաղ եւ շատ դժվար է ընթանում, որովհետեւ դատաիրավական բարեփոխումները տեղի չեն ունեցել, դատարաններում նույն դատավորներն են մնացել եւ, ըստ էության, նրանք, ովքեր անօրինական դատապարտել են մարդկանց՝ մեկ ոստիկանի ցուցմունքով, կեղծ ցուցմունքներով, շինծու գործերով, պետք է ստիպված լինեն իրենց իսկ կայացրած վճիռների դեմ բողոքարկման վճիռները հարգել, ինչը շատ բարդ է: Բայց սա մեր իրականությունն է, որը պետք է հաղթահարենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց խորհրդային տարիներին բռնադատված Վարդան Հարությունյանը:

Այսօր, հունիսի 14-ը, հայկական տոնացույցում նշվում է, որպես Բռնադատվածների հիշատակի օր:

Վարդան Հարությունյանը նկատում է՝ քաղաքական նպատակներով հետապնդումները մեզանում դեռ խորհրդային տարիներից են սկսվում եւ հասնում են մինչեւ մեր օրեր. տարբեր շրջաններում դրանք ունեցել են զարգացման պիկեր, տարբեր շրջաններում նվազել են: Օրինակ, 2004-ին, 2008-ին, մարտի 1-ից առաջ եւ հետո, ըստ մեր զրուցակցի, բավական շատ մարդիկ դատապարտվեցին՝ քաղաքական նկատառումներից ելնելով:

Հարցին՝ հիմա մենք ունե՞նք քաղաքական նկատառումներով դատապարտվածներ, համենայնդեպս, ընդդիմադիրները պնդում են, որ կան. օրինակ, Ավետիք Չալաբյանը, Արմեն Գրիգորյանը, Իգոր Խաչատուրովը, Հայկ Սարգսյանը եւ այլոք: Փաստաբաններն էլ ահազանգում են, որ մարդիկ շարունակում են դատապարտումների արատավոր պրակտիկան՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Այս դեպքում, որքանով ես եմ տեղյակ, ես, իհարկե, ամբողջությամբ նյութին չեմ տիրապետում, բայց ոստիկանները, որոնք որ ցուցմունքներ են տալիս, եղել են դեպքի վայրում, կամ մասնակից են եղել դեպքին, քաշքշուկին. մի դեպքում, գուցե, ոստիկաններն են քաշքշել, մեկ այլ դեպքում, գուցե, ոստիկաններին են քաշքշել: Իսկ իմ ասած դեպքերում, ցուցմունք տված ոստիկաններն, ընդհանրապես, դեպքի վայրում էլ չէին լինում, նրանք ուղղակի հանձնարարությամբ, գնում էին դատարան եւ ցուցմունքներ էին տալիս: Այս առումով են այս գործերը մի փոքր տարբեր: Իսկ ինչ վերաբերվում է՝ դրանք քաղաքական հետապնդումներ են, թե՝ ոչ, դա պետք է երեւա ոչ թե նախաքննության փուլում, այլ դատարանում՝ դատաքննական փուլում. իրավապաշտպանները, իրավապաշտպան կազմակերպությունները՝ տեղական, միջազգային, նրանք են տալիս այդ գնահատականները, այնպես, ինչպես տվել են 2004-ի դեպքում, 2008-ի դեպքում, գործընթաց է, որը պետք է տեղի ունենա: Բոլորովին չեմ բացառում, որ, այո, որոշ մարդիկ, հետապնդվում են քաղաքական նկատառումներով, բայց նյութին լիարժեք չեմ տիրապետում՝ մի շարք պատճառներով. դրանցից մեկն էլ այն է, որ վերջին զարգացումների ժամանակ հանրապետությունում չեմ եղել»:

Դատելով դատաիրավական բարեփոխումների տեմպից՝ ի՞նչ արդյունքներ կունենանք մոտ ապագայում. 2018-ին գալով՝ այս իշխանությունը խոսեց արագ եւ համակարգային փոփոխությունների մասին, բայց բարեփոխումների տեմպը կարծես դանդաղեց՝ հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չեմ տեսնում նույնիսկ դանդաղ տեմպ, ես տեսնում եմ դադար: Խոստումներ, զրույց այդ մասին, բայց շոշափելի քայլեր, գոնե այսօրվա դրությամբ, չեմ տեսնում: Այսօր էլ դարձյալ կան խոսակցություններ այդ մասին, բայց արդեն ես սկսել եմ այդ խոսակցություններին լուրջ չվերաբերվել եւ չհավատալ դրանց: Տարիներ են արդեն անցել, եթե լիներ նպատակ, միտում, կարծում եմ, արդեն էական փոփոխություններ պետք է տեսած լինեինք: Ցավում եմ, որ դա գոյություն չունի: Գոնե ես, մեծ սպասելիքներ եմ ունեցել, որոնք չեն արդարացել»:

Պատճառը, Վարդան Հարությունյանը համարում է քաղաքական կամքի եւ ծրագրի բացակայությունը: Իր գնահատմամբ, իշխանության գալուց արդեն ՔՊ-ն փոփոխություններ իրականացնելու ծրագիր չուներ եւ դատաիրավական բարեփոխումների մասին տարբեր հարթակներից արված բոլոր հայտարարությունները զուտ ականջահաճո, պոպուլիստական բնույթ են ունեցել: Կամ՝ չգիտեն՝ ի՞նչ եւ ինչպե՞ս անել, որը նույնպես նա արդարացում չի համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930