Լրահոս
Օրվա լրահոսը

Բաժանիր, որ տիրես

Հունիս 14,2022 21:40

Վերջերս վաղեմի ընկերներով հավաքվել, սրճում, զրուցում էինք։ Բնականաբար, զրույցի հիմնական թեման Հայաստանի այսօրվա իրավիճակն էր, դրա առաջացման պատճառները, հնարավոր ելքերն իրավիճակից դուրս գալու և այլն։ Միանգամից նշեմ, որ հավաքվածների մեջ, բարեբախտաբար այս դավադիր իշխանության կողմնակիցներ չկային։ Զրույցի ընթացքում հիշեցինք նաև հայոց պատմությունից տարբեր դրվագներ, քննարկեցինք մեր ժողովրդի բնավորության գծերը։

Հիշեցինք մեր դասականներին՝ Ռաֆայել Պատկանյան, Միքայել Նալբանդյան, Ղևոնդ Ալիշան, Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, թե ինչպիսի ցավ են ապրել հայ ժողովրդի բացասական տարբեր հատկանիշների համար՝ նախանձ, չարություն, չկամություն, մեծամտություն, օտարամոլություն, նյութապաշտություն և այլն։ Իհարկե, նրանք իրենց գեղարվեստական գործերում՝ պոեմներ, բանաստեղծություններ, վեպեր, փորձել են բարձրացնել հայ ժողովրդի ոգին, արժանապատվությունը, իսկ հոդվածներում ցավով, տառապանքով ներկայացրել իրական վիճակը։ Այս խոսակցության ընթացքում, ընկերներիցս` Գուրգեն Մալխասյանը, շատ դիպուկ միտք հայտնեց,թե ինչպիսին է այսօրվա վարչապետի կառավարման ձևը, որն էլ նրա համաձայնությամբ, դարձավ սույն հոդվածի գաղափարը։

Կարելի է վերը բերված հայ դասականների հոդվածներից շատ օրինակներ բերել, բայց սկսենք Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածից (1910թ)։

«․․․Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։

Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։

Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։

Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով»։

«․․․Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի՛ առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։

Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում»։

Եվ վերջապես․

«․․․Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Հարց է առաջանում, մի՞թե միայն մենք ենք «փչացած», արդյոք մյուս ազգերն, այսպես ասած մաքրամաքուր են և երբևէ չեն եղել «փչացած»։ Իհարկե՝ ոչ։ Բոլոր ազգերը, կախված իրենց ուրույն պատմական, կրոնական և այլ ավանդույթներից, ունեցել են և ունեն իրենց առանձնահատկությունները։ Սակայն, հատկապես պետականության ավանդույթներ ունեցող ժողովուրդները, դարերի ընթացքում «հղկվել», կրթվել են և դարձել արժանապատվություն, հավաքական բնավորություն ունեցող պետության քաղաքացիներ։ Դրանում իրենց ներդրումն են ունեցել, ինչպես այդ ժողովուրդների փիլիսոփաները, լուսավորիչները, գրողներն ու արվեստագետները, այնպես էլ նրանց պետական այրերը՝ իրենց օրինակով, նաև պետական համակարգով՝ դատաիրավական, կրթական և իհարկե՝ պետական գաղափարախոսությամբ։

Հարց է առաջանում, ինչպես շատերի կողմից ընդունված է, թե գուցե այս ամենի պատճառը, մեր՝ հայերիս դարեր շարունակ պետականության բացակայությունն է եղել։ Կարելի էր համաձայնել, բայց մեջբերենք Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան»(1914թ.) հոդվածից մեկ հատված․ «․․․ Ընդհակառակը, ինչպես հայ բուրժուազիան, այնպես և ինտելիգենցիան, ապազգայնացած է: Նրա համար գոյություն չունի հայ կուլտուրա: Անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավոր գործոններին – լեզվին, գրականությանը, արվեստին… Արհամարհում է այդ ամենը:

«Փոքր ազգ ենք» պատճառաբանությունը սխալ է: Ո՛չ լեհ, ո՛չ ֆինն, ո՛չ մալոռուս, ո՛չ վրացի ինտելիգենցիան այդպես չէ: Հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը, տոգորվել է ոգևորությամբ, ազգասիրությամբ: Նա ևս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»… Ստացվում է մի սքանչելի պատկեր. հայության բերանը հայերեն չի խոսում:

Հնարավո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ. որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա՝ լեհերեն չիմանա: Պայմանները, որոնք մատնանշում է հայ ինտելիգենցիան, չեն խանգարում լեհերին ու մալոռուսներին սիրել ու ճանաչել իրենց լեզուն, գրականությունը, պատմությունն ու արվեստը»:

Փաստորեն, նույն ռուսական կայսրության այլ ժողովուրդներ, ինչպես ֆինները, ուկրաինացիները (մալոռուսները), որոնք, ի տարբերություն մեզ, ընդհանրապես պետություն չեն ունեցել, շատ ավելի ազգային արժանապատվությամբ են օժտված եղել, քան մենք՝ հայերս։

1918-20 թվականների Հայաստանի Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, լինելով պերմանենտ պատերազմների մեջ։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, հիմնականում եղել են իսկապես նվիրյալներ, ապրել ասկետական կյանքով, ստեղծել պետական կառույցներ, Համալսարան։ Առաջին Հանրապետության երկու վարչապետեր Հովհաննես Քաջազնունին և Սիմոն Վրացյանը անձնական օրինակով՝ փոխելով իրենց ազգանունները (Գռուզյան, Իգիթխանյան), փորձել են սերմանել ազգային արժանապատվության զգացում։

Հովհաննես Քաջազնունու երեք որդիները կամավոր մեկնել են ռազմաճակատ, հետագայում 1918թ․ մասնակցել Ղարաքիլիսայի ճակատամարտին, որտեղ մեկ որդին՝ Աշոտը զոհվել է, հետագայում, մյուս որդին՝ Արամը զոհվել է 1920թ․ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, իսկ երրորդ որդին՝ Ռուբենը, զոհվել է նույն 1920թ․ Կարսի անկումից հետո, թուրքական գերության մեջ։ Չդիմանալով պանդխտական կյանքին, գիտակցելով թե ինչ ճակատագրի կարժանանա հայրենիքում, Հովհաննես Քաջազնունին վերադարձավ արդեն Խորհրդային Հայաստան։ Իհարկե, Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայանի, Հովհաննես Քաջազնունու օրինակները, նրանց ապրելակերպը, այսօր շատերի համար անհասկանալի են, իսկ նրանք՝ «հարիֆներ»։

Հետագայում, Հայաստանը դառնալով ԽՍՀՄ հանրապետություններից մեկը․․․վերադարձավ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան»-ում նկարագրված իրավիճակին։

Բացի Ռուսաստանից և արևելյան Ուկրաինայից, ոչ մի հանրապետությունում այդքան սովետահունչ անվանումներով շրջաններ, քաղաքներ, փողոցներ, էլ չեմ ասում անձնանուններ չկային։ Բա համատարած ռուսականացու՞մը։

Ինչևէ, 1991թ․ստանալով անկախություն, հնարավորություն ստեղծվեց, եթե ոչ վերականգնելու, ապա սերմանելու ազգային արժանապատվության զգացողություն։ Դրա հիմնական երաշխիքը պետք է լիներ նոր իշխանությունների անձնական օրինակը, ազգային, նույնն է թե՝ պետական գաղափարախոսության առկայությունը, նրա վրա հիմնված կրթությունը, պետական կառույցները։

Բայց ի՞նչ կատարվեց։ Հայաստանի նոր ղեկավարները, իշխանության գալու հենց առաջին օրը, կտրվեցին իրականությունից, մոռացան Արցախի միավորում, խոստումներ և «մեկուսացան» կառավարական առանձնատներում։ Եվ սա դարձավ «պետական» գաղափարախոսություն՝ ամեն գնով պահել իշխանությունը։ Պատահակա՞ն էր, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգային գաղափարախոսությունն անվանեց կեղծ կատեգորիա։ Եվ անկախ Հայաստանում ոչինչ չարվեց փոխելու մեր դասականների նկարագրած հայ ժողովրդի արատավոր բնավորության գծերը։ Ի տարբերություն Հովհաննես Քաջազնունու որդիների, Հայաստանի պաշտոնյաններն ու նրանց որդիների գերակշիռ մասը չեն ծառայել հայոց բանակում։ Հայաստանում շարունակեց ծաղկել օտարամոլությունը։ Խանութները դարձան տարբեր օտարաշունչ անվանումներով «մարկետներ», բա սրճարաններն ու ռեստորաններն ու այլ «օբյեկտնե՞րը», հաճախ առանց հայերեն տառերի։ Խորհրդա-կոմունիստական անձնանունները՝ Վիլեն, Լենդրոշ․ փոխարինվեցին արևմտյան, «ժողովրդավարական» անուններով՝ Ալեն, Սարկոզի և այլն։ Խրախուսվեց նյութապաշտությունը, այն հակադրելով հայրենիքին․ «Մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի (այն է՝ մինչև չհանձնենք Ա․Ի․), Սերգո ջան, լավ չես ապրելու»։

Այսպիսով, մինչև 2018թ․ Հայաստանի իշխանությունները, կտրված լինելով իրականությունից, նաև անտեսելով վերոնշյալ հանգամանքները ջանքեր չգործադրեցին փոխելու մեր ժողովրդի հոգեբանությունը, բարձրացնելու ազգային արժանապատվության զգացումը՝ մշակելով պետական գաղափարախոսություն, բարձր մակարդակի ազգային կրթական ծրագրեր։

Իսկ արդեն 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում իշխանության եկավ մի երևույթ, որը ոչ միայն կիլոմետրերով հեռու էր ազգային մտածողության և արժանապատվության զգացումից, այլև կիսագրագետ և տիպիկ այն նախանձ ու չար հայի կերպարը, որին նկարագրել է Հովհաննես Թումանյանը իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածում։ Ի տարբերություն, և Խորհրդային և անկախ Հայաստանի ղեկավարների, որոնք ջանքեր չգործադրեցին փոխելու մեր ժողովրդի հոգեբանությունը, այսօրվա վարչապետ կոչեցյալը հենվեց և հենվում է մեր ժողովրդի հենց ամենաբացասական հատկությունների վրա՝ չարություն, նախանձ, չկամություն, նյութապաշտություն, նաև բանսարկություն և մատնություն։ Ավելին, նրա կողմից խրախուսվում է ատելությունն ու չարությունը(սևեր և սպիտակներ,նախկիններ,վնգստացող դատավորներ և այլն), նախանձն ու բանսարկությունը, հպատակությունն ու նյութապաշտությունը։ Հայտնի է, որ նվաճող, կայսերական որևէ երկիր ունի կարգախոս, նվաճված երկրներին տիրելու համար, այն է՝ տվյալ ժողովրդին բաժանիր, գտնելով որևէ հատկություն, այն կլինի կրոնական, լեզվա-բարբառային, թե անգամ աշխարհագրական, որ՝ տիրես։

Ճակատագրի հեգնանքով, Հայաստանի ղեկավար դարձավ մեկը, որը փոխանակ միավորելու հակասություններ ունեցող ժողովրդի տարբեր խավերին, գործեց և գործում է որպես Հայաստանը նվաճող, օտար՝ ներազգային հակասությունները խորացնելով, հասցնելով թշնամության (հայաստանցիներ- ղարաբաղցիներ)։ Արդյունքը․․․ պարտություն, հազարավոր զոհեր, հայրենիքի կորուստ։ Նա Հայաստանում ստեղծեց  երկու շերտեր․ իրեն հպատակ, իր նկարի առջև խոնարհվող նախարարներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, նախկին քաղհասարակության ներկայացուցիչներ և թշնամիներ, բոլոր նրանք ովքեր չեն հաշտվում հայրենիքի կորստի հետ և չեն խոնարհվում նրա առջև։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930