Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արդեմ Փաթափության» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայ փոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021 թ. Նոբելյան մրցանակակիր, «Scripps Research» ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը:
Վերջինս Հայաստանում է գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և գործարարության օրեր» միջոցառման շրջանակում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ օրը, հիրավի, նշանակալի է, քանի որ անվանական նամականիշի վրա պատկերված է հայազգի առաջին Նոբելյան մրցանակակիրը. «Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր հյուրընկալել ենք Ձեզ: Այս օրը հիշարժան է լինելու ոչ միայն միջոցառման մասնակիցների, այլև բոլոր ֆիլատելիստների համար: Շնորհավորում եմ բոլորիս»:
Կարդացեք նաև
Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է Արտեմ Փաթափությանի՝ անձամբ անվանական նամականիշի մարման արարողությանը մասնակցելը. «Վստահ եմ, որ Արդեմ Փաթափությանի օրինակով ոգեշնչված երիտասարդները համալրելու են գիտության նվիրյալների շարքերը և շարունակելու նրա սկսած գործը: Կրկին շնորհավորում եմ և հույս հայտնում, որ գիտնականի այցելությունները Հայաստան հաճախ կլինեն, ինչի արդյունքում հնարավոր կլինի կապ հաստատել գիտական տարբեր շրջանակների հետ` ընդլայնելով համագործակցությունը»,- ասել է փոխնախարարը:
Արդեմ Փաթափությանը շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար. «Կարծում եմ՝ Նոբելյան մրցանակակիրներից ոչ ոք չի կարող պարծենալ անվանական նամականիշ ունենալու փաստով: Ամենուր կազմակերպվող ջերմ ընդունելություններն ու այսօրվա իրադարձությունը՝ անվանական նամականիշի ստեղծումը, ցույց են տալիս, որ Հայաստանն իր զարգացման հեռանկարում մեծ տեղ է տալիս գիտությանը: Ինձ համար կրկնակի ուրախություն է, քանի որ դեռևս մանկուց եղբորս հետ հայկական նամականիշներ ենք հավաքում: Երբևէ կարո՞ղ էի պատկերացնել, որ մի օր իմ պատկերով հայկական նամականիշ կթողարկվի: Ինձ համար նույնպես մեծ պատիվ է, շնորհակալ եմ»:
Հավելենք, որ Արդեմ Փաթափությանի պատկերով 350 դրամ անվանական արժեքով նամականիշի դիզայնն իրականացրել է Դավիթ Դովլաթյանը: Նամականիշը 20.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայում:
ՀՀ ԿԳՄՍ