Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլարային ներհոսքը ՀՀ ապրիլ ամսին երկու անգամ աճել է

Հունիս 14,2022 19:15

Այս տարվա մարտ ամսվա վերջին Հայաստանի համախառն պահուստները կազմել են 2 մլրդ 940 մլն դոլար, ապրիլի վերջին` 3 մլրդ 68 մլն դոլար, մայիսի վերջին` 3 մլրդ 151 մլն դոլար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի  ժամանակ ասաց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը։ Նա ասաց, որ ՀՀ պահուստները բոլոր չափանիշներով բավարարում են ՀՀ արտաքին պարտավորությունները կատարելու համար։

«Կենտրոնական բանկը ներկա պահին ՀՀ ֆինանսական շուկայից էժանացած դոլար գնելու ու դրանով դոլարի փոխարժեքի անկումը դադարեցնելու խնդիր չի տեսնում»,-ասաց Նուրբեկյանը։

Անդրադառնալով դոլարի արժեզրկմանը եւ բանկային փոխանցումներին, նա նշեց՝ Հայաստանում արտարժույթի գինը որոշվում է առաջարկի եւ պահանջարկի հիման վրա, այդ գործոններից մեկը բացի նրանից, որ Հայաստան են գալիս միջազգային այցելուներ եւ ՀՀ-ում սպառում են դրամով, նաեւ հենց փոխանցումներ են․ «Այդ փոխանցումների թիվը ապրիլի համար հրապարակված է, ներհոսքը ապրիլ ամսին եղել է 357 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մոտ երկու անգամ աճել է։ Մայիս ամսվա նախնական տվյալները չեմ կարող հնչեցնել, բայց այնտեղ նույնպես ունենք էական աճ։ Մենք մեր հիմնական ծրագրի կանխատեսումները հնչեցնելու ժամանակ ասացել էինք, որ տրանսֆերտների նվազում ենք սպասում։ Եւ այստեղ մի կարեւոր բան կա, այս թվերը, որոնք հնչեցնում եմ, ամբողջ բանկային համակարգով փոխանցումներն են, որոնց ընդամենը մի մասն է վիճակագրորեն տրանսֆերտ ասածը, որը մարդիկ փոխանցում են իրենց հարազատներին։

Այսինքն՝ այս թվի հիմնական աճը ոչ թե ոչ առեւտրային տրանսֆերտներն են, այլ հենց առեւտրային բնույթի եւ այլ տիպի փոխանցումներն են։ Եւ հենց դրա հաշվին է ներհոսքն աճել։ Այսինքն՝ մեր սպասածի համեմատ տրանսֆերտները, որոնք հենց հարազատներին փոխանցած գումարն է, այդ թվերը ավելի քիչ են նվազել, քանի որ ռուբլին արժեւորվել է ավելի շատ, քան սպասում էինք, բայց ընդհանուր գումարները, քանի որ ընդհանուր հոսքերն էապես մեծացել են, կտրուկ աճել են։ Սա պատճառներից մեկն է, որ ունենք դրամի էական արժեւորում»,- ասաց նա։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ հավելեց՝ ԱՄՆ-ից ֆիզիկական անձանց կողմից փոխանցումներն այս տարի ավելի քիչ են, քան նախորդ տարի էր։ «Այս պահին ԱՄՆ-ից տրանսֆերտները կան, բայց աճի տեմպերն ավելի նվազ են, քան 2020-2021 թվականներին»։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930