Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:
Բերկառատ տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորը Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մարտիրոս սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին:
Սուրբ Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատավոր հայորդիներ:
Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:
Կարդացեք նաև
Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի կյանքին և նահատակության պատմությանը, ընդգծեց, որ նրանք իրենց անբասիր մաքրությամբ, անսասան հավատքով, առաքինի վարքով, քաջությամբ ու համարձակությամբ, առ Աստված տոգորված սիրով դարձան Տիրոջ երկնավոր արքայության ընտրյալները։
«Հռիփսիմյանց ու Գայանյանց նահատակությամբ և Միածնի էջքով հայոց երկիրն ու ժողովուրդը դարձան Աստծո ընտրյալը», – ասաց Հայր Մատթեոսը՝ հորդորելով հավատացյալ ժողովրդին մշտապես հայցել Սուրբ Գայանյանց և Հռիփսիմյանց բարեխոսությունն առ Աստված, որպեսզի Տերը միշտ պահապան լինի մեր երկրին ու ժողովրդին և Քրիստոսի բարեբեր խաղաղությունն իջնի աշխարհի վրա:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին