«Դրամի փոխարժեքը Հայաստանում ազատ լողացող է եւ համարվում է շոկերը կլանող լավագույն գործիքը։ ՀՆԱ-ի աճն էլ վերանայել ենք պայմանավորված հիմնականում արտաքին պահանջարկով, այդ ստեղծված արտաքին պահանջարկը նպաստում է դրամի արժեւորմանը»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Դրամի արժեւորման հետեւանքով տուժում են արտահանողները, ծառայություններ արտահանողները։ Թե այս առնչությամբ ինչ պետք է արվի, ԿԲ նախագահը երեկ խորհրդարանում հանգամանալի ներկայացրել է։ Այսօր էլ նա լրագրողների հետ զրույցում ասաց՝ չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժեւորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել որոշ ընկերությունների համար․«Այստեղ հարցն այն է, թե ինչպես ենք լուծելու խնդիրը։ Մի տարբերակը, որը մեզ առաջարկվում էր՝ արհեստականորեն դրամի փոխարժեքն արժեզրկելն էր, ու այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ՝ արտահանողներին։ Եւ եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա կամ դառնա անկառավարելի, այդ նույն արտահանողների մոտ առաջանալու են խնդիրներ»։
Այս պահին, ըստ Գալստյանի, չափազանց կարեւոր է, որ կառավարություն-ԿԲ համատեղ կոորդինացված քաղաքականություն լինի, որի շրջանակներում կկարողանան զբաղվել գնաճի խնդիրներով։ ԿԲ նախագահի կարծիքով՝ կառավարությունում պետք է հասցեական մոտեցում լինի ոլորտային այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դրամի արժեւորման հետեւանքով։
Դրամի արժեւորման արդյունքում պետք է ներմուծվող ապրանքների գները ինչո՞ւ չեն նվազում։ Ի պատասխան այս հարցին, Գալստյանն ասաց՝ այս պահին գնաճը 9% է, բայց հնարավոր է, որ ամռան ամիսներին ավելի բարձրանա։ Թե որքան կբարձրանան գները, Գալստյանն ասաց, որ ճշգրիտ չի կարող ասել, քանի որ այս ամիսները շատ տատանողական են` կապված սպասվող բերքի առատ կամ սակավ լինելու հետ, թանկ կամ էժան լինելու հետ․ «Բայց տարին, ըստ էության, կավարտենք 8% ավելի բարձր ցուցանիշով:
Կարդացեք նաև
Բացի այս, Գալստյանը նշեց, նաեւ Լարսի անցակետի խնդիրը, որը եւս ազդում է գների վրա։ Նշենք, որ Լարսում հայկական բեռնատարները օրերով հերթի մեջ են։ Գալստյանն ասաց, որ փոխադրումների գներն էլ բարձրացել են։
ԿԲ նախագահն ասաց, որ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է, եւ ռուբլով արտահանողները, ըստ ԿԲ նախագահի, խնդիր չունեն, բայց կարող են լինեն արտահանողները, որ ունենան խնդիր։
Ներկայացնելով շուկաներում գրանցված գները, ԿԲ նախագահն ասաց՝ նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցորենն աշխարհում թանկացել է 57% -ով, եգիպտացորենը` 22.5% -ով, սուրճը` մոտ 60 %-ով, նավթը` 73.2%-ով․«Իսկ մեր ներքին գները, ըստ էության, նույն չափով չեն աճել։ Այսինքն` փոխարժեքի արժեւորումը, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն ունենում է։ Որովհետեւ ես մամուլում որոշ հրապարակումներ տեսա, որ կուրսը իջել է, ինչու ներմուծվող ապրանքների գները չեն կայունանում։ Պետք է ավելի խորը նայել խնդիրներին»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ