ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ավարտել է աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նրա վերջին հանդիպումները Լոս Անջելեսում էին:
Գլխավոր հանձնակատարը առանձին հանդիպումներ է ունեցել Հայ կրթական հիմնարկության, «Փարոս» և «Հայ դպրոց» հիմնադրամների ղեկավար կազմերի, SERVICE Armenia երիտասարդական ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են կազմակերպությունների կողմից սփյուռքում, Հայաստանում և Արցախում ցուցաբերվող կրթական, սոցիալ-տնտեսական զարգացման և այլ ծրագրերը՝ կրթաթոշակների հանձնում, ռոբոտաշինական լաբորատորիաների բացում, դպրոցաշինություն և գույքի ապահովում և այլն:
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ում Զարեհ Սինանյանը հանդիպել է պրոֆեսորական կազմի հետ: Քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցության ուղղությունները հետազոտությունների, կրթության և քաղաքականության ոլորտներում:
Կարդացեք նաև
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը Լոս Անջելեսում ներկա է գտնվել ԱՐՓԱ ինստիտուտի 30-ամյակի գալային։ Ինստիտուտի նպատակն է խթանել համագործակցությունն ու փոխըմբռնումը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրթության, տնտեսագիտության, քաղաքականության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտներում խորհրդատվական, վերլուծական, հետազոտական և պլանավորման ծառայությունների մատուցման միջոցով: Զարեհ Սինանյանը ինստիտուտի նախագահ դոկտոր Հակոբ Փանոսյանին հանձնել է շնորհակալագիր: «ԱՐՓԱ-ն, հիմնադրվելով Կալիֆոռնիայում, իր առաքելության, աշխատանքի, գիտական և հետազոտական լայն շրջանակների ներգրավման, անհատ սփյուռքահայերի նվիրվման շնորհիվ կարողացավ ձեռք բերել համահայկական ճանաչելիություն: Կարճ ժամանակում ինստիտուտն արդեն ներկայություն ուներ Հայաստանի և Արցախի կրթության, առողջապահության, տնտեսության, էներգետիկայի և այլ կարևոր ոլորտներում: Այն նաև իր ուրույն դերն ուներ և շարունակում է ունենալ Հայաստան-սփյուռք գործակցության շրջանակներում»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատարը: Միջոցառմանը ներկա էին գիտության հայ առաջատար գործիչներ, պաշտոնյաներ, անդամներ։
Հաջորդ հանդիպումը Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հոգևոր առաջնորդների հետ էր: Զարեհ Սինանյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող իրադարձությունները և համագործակցության նոր ոլորտները։ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նաև Ավետարանչական ընկերակցությանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ աշխատանքի և ծրագրերի համար, որոնք մասնավորապես վերաբերում են լիբանանահայերի և ուկրաինահայերի աջակցությանը:
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, ապա այցելել «Նարեկ» դպրոց և խնամքի կենտրոն, «Լարք» երաժշտական ընկերություն, ծանոթացել հայկական կրթության և մշակույթի պահպանման միջոցառումներին:
Զարեհ Սինանյանը DISQO ընկերության գլխամասում հանդիպել է հիմնադիրներ Արմեն Աճեմյանի և Դրո Կուչարյանի հետ: Ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն ստարտափ-գործատուներից մեկը: Քննարկվել են Հայաստանում ընկերության մասնաճյուղի ընդլայնման հնարավորությունները, որն ունի արդեն 500 աշխատակից:
Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև Լոս Անջելեսի համայնքային, գործարար շրջանակներ և արվեստի գործիչների հետ:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ