Արթիկի համայնքային զբոսայգին, որն առաջին հայացքից դրախտավայր է հիշեցնում՝ ծառերի առատությամբ ու այնտեղ տիրող անդորրով, թաղված է աղբի մեջ։ Աղբը թափված է թե՛ հատակին, թե՛ աղբամանների շուրջբոլորը։
Ակնհայտ է, որ համայնքապատկան զբոսայգին, ուր պիտի հատուկ հսկողություն սահմանվեր, անտեսված է։
Արթիկի երիտասարդական խորհրդի անդամները մեզ հետ զրույցում ասացին, որ երիտասարդների խումբը հաճախակի է շաբաթօրյակներ անցկացնում։ Վերջին անգամ շաբաթօրյակ անցկացրել են 1,5 ամիս առաջ, մոտ 13 պարկ աղբ են թափել, սակայն մեկ շաբաթ անց նույն վիճակն է։
Կարդացեք նաև
Ըստ նրանց, այգին անտեսված է թե՛ համայնքային իշխանության կողմից, և թե՛ բնակիչների, որոնք անցնում-դառնում, աղբը բերում ու նետում են այգում։
«Միշտ պայքարում ենք այգու մաքրության համար, մի քանի անգամ դիմել ենք համայնքապետարան, սակայն նորմալ պատասխան դեռ չենք ստացել։ Այգին՝ որպես հանգստի գոտի, չի ծառայում, հազվադեպ են մարդիկ գալիս։
Հիմնականում տարեց մարդիկ ենք հավաքվում խաղալու համար՝ նարդի կամ ուրիշ խաղ, բայց երիտասարդների կամ բնակիչների կողմից չի օգտագործվում որպես հանգստի վայր, որպես այգի»,-ասաց երիտասարդական խորհրդի անդամներից մեկը՝ Անուշավան Նահապետյանը։
Հիշեցնենք, որ այս այգում է գտնվում վետերանների միության շենքը, որտեղ երեկ անհասկանալի պատճառներով հրդեհ էր բռնկվել։ Շենքի սենյակներից երկուսը հատկացված են Արթիկի երիտասարդական խորհրդի անդամներին։ Երեկ՝ վետերանների շենքում բռնկված հրդեհի օրը տարօրինակ զուգադիպությամբ կոտրել էին նաև երիտասարդական խորհրդի սենյակի դուռը ու հայհոյանքներ գրել պատին (տես լուսանկարում)։
Երիտասարդները կասկածներ ունեն, որ պատահականություն չկա․ հարձակում է տեղի ունեցել շենքի վրա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ