Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Գրադարանում վարչապետին դիմավորել է գրադարանի նախագահ, պետական նախարար Համադ Բին Աբդուլազիզ Ալ-Քավարին: Վերջինիս ուղեկցությամբ վարչապետը ծանոթացել է ցուցադարությանը ներկայացված ցուցանմուշներին, այնուհետև շրջայց կատարել գրադարանում, գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում:
Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։
Ցուցադրական պաստառներում կներկայացվեն հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։
Կարդացեք նաև
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ցուցանմուշները հայ-արաբական բազմադարյա բարեկամական կապերի ևս վկայությունն են, որոնք մեծապես կհետաքրքրեն ինչպես տեղացիներին, այնպես էլ այստեղ այցելող զբոսաշրջիկներին:
Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։
Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի ազգային թանգարան:
Վարչապետի պաշտոնական այցը Կատարի Պետություն ավարտվել է:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ