Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է մնացել՝ 9.25 տոկոս. կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի

Հունիս 14,2022 17:10
kentronakan bank

2022թ. հունիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%:
2022թ. մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8.4%:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Համաշխարհային արժեշղթաների պահպանվող խաթարումները և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների շարունակական աճը հանգեցնում են համաշխարհային գնաճային միջավայրի ընդլայնմանը:

Զարգացած երկրների կենտրոնական բանկերը նախանշում են դրամավարկային քաղաքականության՝ համեմատաբար ավելի արագ տեմպերով խստացման մասին: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է:
2022թ-ի երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և գնաճային սպասումների աճին: ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ:

Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռևս պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2022թ. հունիսի 28-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2022թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930