«Ազատություն». Ադրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին Լավրովի հայտարարությունից հինգ օր անց էլ պաշտոնապես չի հստակեցվել՝ ինչ է այն նշանակում, «Ազատությանը», սակայն, որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ընթացող բանակցություններից։
Ըստ այդմ, նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։
Արդյո՞ք նույն պայմաններն են գործելու Ադրբեջանի տարածք մտնող հայաստանյան ուղևորների ու բեռների դեպքում. ըստ նույն աղբյուրների՝ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին օրերս գրել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, ում տեղեկություններով՝ Բաքուն դրել է ռուսական ուղեկալի պահանջը։
«Ազատություն»-ը դիմել է Հայաստանի արտգործնախարարություն, սակայն դեռ պատասխան չի ստացել՝ արդյո՞ք նույն ռեժիմն է գործելու Ադրբեջանի տարածքով դեպի Իրան ու Ռուսաստան գնացող ուղիների դեպքում։
Կարդացեք նաև
«Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին», – ասել է Փաշինյանը՝ շարունակելով. – «Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ` երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։
«Եթե այնտեղ լինում են ռուս սահմանապահներ, եթե այնտեղ լինում են ռուս ուղեկցողներ, եթե, փաստորեն, ինչ-որ հատուկ կարգավիճակ է այդ ամեն ինչը ունենում, ինքը ֆունկցիոնալ իմաստով հենց միջանցքն է: Առավել ևս, եթե նմանատիպ կարգավիճակ չեն ունենում մեր բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները Ադրբեջանի տարածքում», – «Ազատության» հետ զրույցում նշեց Քոչինյանը՝ հավելելով. – «Այսինքն, եթե իրենք որևէ կերպ անվտանգության հավելյալ երաշխիքներ չեն տալիս, և այնտեղ ռուսներ չեն մասնակցում, իսկ մեզ մոտ մասնակցում են, նշանակում է՝ կա արդեն որակական տարբերություն այստեղի օգտագործվող ճանապարհի, և այնտեղի: Նշանակում է՝ իրենք կօգտվեն այս ճանապարհից, որովհետև իրենք ունեն երաշխիքներ հավելյալ, իսկ մենք չենք օգտվի այն ճանապարհից, որովհետև մենք այդ նույն երաշխիքները չունենք»:
«Այսինքն, ըստ էության, հիմա խոսքը գնում է գործնականում միջանցքի մասին՝ առանց տարածքային փոփոխությունների, և ես չեմ բացառում, որ հենց ի սկզբանե էլ խնդիրը եղել է սա, ուղղակի այդ բոլոր ավելորդ պահանջները, որոնք դրվում էին, դրվում էին հետո զիջման իմիտացիա ստեղծելու համար», – ընդգծեց վերլուծաբանը:
Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: