Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարությամբ է հանդես գալու: Նա ասել էր, որ մարտավարություն են փոխելու:
Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցին՝ որպես իշխանություն մտահոգություններ ունե՞ք դրա հետ կապված ու ի՞նչ սպասելիքներ ունեք՝ պատասխանեց. «Չէ, մտահոգություններ չկան: Ես սպասում եմ, որ իրենք ամենայն հավանականությամբ կհայտարարեն ինչ-որ ընդմիջման մասին: Իրենք տեւական ժամանակ կարողացան ներկա գտնվել փողոցում, հանրության որոշ շրջանակների ուշադրությունը գրավել, հանրության լայն շրջանակների փորձել տեղեկացնել իրենց անելիքների մասին, բայց բոլոր դեպքերում այն օրակարգը, որով իրենք դուրս էին եկել, մասնակիորեն չիրականացվեց: Հետեւաբար ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ իրենք հասան իրենց նպատակին»:
Հարցին, այսինքն, ձեր կարծիքով ընդդիմությունը վրանները կհավաքի ու հետ կգա խորհրդարա՞ն, այսօր էլ դրա մասի՞ն կհայտարարեն՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Խորհրդարանում ներկայացված ուժերը իրենց պայքարի մարտավարությունը պիտի որդեգրեն իրենց կարգավիճակին համապատասխան: Բայց երբ տեսնում են, որ իրենք խորհրդարանում այս կամ այն հարցի հետ կապված չեն կարողանում իշխանությանը մղել իրենց հարմար որոշումների ուղղությամբ, ապա իրենք պետք է դիմեն ժողովրդին, մեկ, երկու հանրահավաք անեն, կողմնորոշվեն իրենց հետագա քայլերի համար, ոչ թե պերմանենտ հանրահավաքներ անեն, բոլորին հոգնեցնեն, իրենք էլ այնտեղ հոգնեն: Հետեւաբար, այո, իրենք պիտի փոխեն իրենց մարտավարությունը: Իրենք իշխանության մի մաս են, ընդդիմության բացակայության պարագայում ԱԺ-ում իշխանությունը լիարժեք չի»:
Ճշտեցինք՝ ասում եք՝ ինչ-որ առումով ընդդիմությունն իր նպատակին հասավ, իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն էր, ինչպե՞ս հասան իրենց նպատակին՝ Աղազարյանը պատասխանեց. «Չեմ ասում նպատակին հասան, բայց իրենց շարժումը ինչ-որ մի արդյունք տվեց: Իրենք տվյալ ժամանակահատվածում ներկայացնում էին օրակարգ, որտեղ կարեւորագույն հարցը՝ Արցախի հետ կապված հարցը գրեթե նույն նպատակին ուղղված, բայց հակադիր կողմից մոտեցումներ էին: Իրենք ներկայացրեցին դա ժողովրդին, իրազեկեցին: Կարծում եմ, ժողովուրդը կարիք չուներ իրազեկվելու, բայց եթե նույնիսկ իրազեկվեցին, ժողովուրդը դուրս չեկավ ու ցույց տվեցին, որ պաշտպանում են իշխող քաղաքական ուժի կուրսը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ