Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք այդ ժամանակ ֆինանսների նախարար էիք․ շահերի բախում չի լինի՞»․ Բաթոյանը՝ Ջանջուղազյանին

Հունիս 14,2022 16:07

«Ընդդիմադիր գործընկերների նախաձեռնությամբ ստեղծվել էր «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից փոխանցված միջոցներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի նիստերին նաեւ ես եմ հրավիրվել եւ բոլոր պատասխանատուները։ Մանրամասն ներկայացվել են բոլոր գործընթացները, որոնց հետ կապված մեր գործընկերներն ունեին մտահոգություններ»,-ԱԺ այսօրվա նիստում հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման զեկուցման ժամանակ պալատի նախագահ, ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա շարունակեց․ «Քննիչ հանձնաժողովը դադարեց գործել օրենքի ուժով, որովհետեւ ժամկետը երկարաձգելու հայտ չեղավ ընդդիմադիր գործընկերների կողմից։ Իմ տեղեկություններով՝ որեւէ էական բացահայտում չկա։ Իսկ հաշվեքննիչ պալատը որեւէ դեպք գրանցե՞լ է, որ հիմնադրամից պետբյուջե փոխանցված գումարները նպատակային չեն օգտագործվել։ Նաեւ դուք եք մասնակցել այդ նիստերին»։

Ատոմ Ջանջուղազյանը նախ նշեց՝ անկախ քննիչ հանձնաժողովի գործել-չգործելուց՝ իրենք հարցին համակարգային տեսանկյունից են մոտենում․ «Ըստ հաշվեքննիչ պալատի ծրագրում կատարված փոփոխության՝ Ձեր նշած գործընթացը դարձել է հաշվեքննության առարկա, հետեւաբար, ինչպես այլ դեպքերում, այս դեպքում եւս մեր մոտեցումը համակարգային է։ Դեռ չենք ավարտել հաշվեքննությունը, հետեւաբար, ժամանակավրեպ կլինի հիմա դատողություն անել։ Հաշվեքննիչներն աշխատում են։ Ենթադրաբար, մինչեւ ամսվա վերջ կունենանք արդյունքներ։ Ինչպես դուք, այնպես էլ ես հրավիրվել էի հանձնաժողով եւ տվել պարզաբանումներ։ Այս դեպքում խոսքը ոչ թե իմ անձի, այլ հաշվեքննության արդյունքների մասին է։ Ինչը կպարունակի պետական գաղտնիք, կքննարկենք համապատասխան ռեժիմում»։

Զարուհի Բաթոյանը նաեւ հետաքրքրվեց․ «Փորձեմ հնչեցնել նաեւ ընդդիմադիրներին հետաքրքրող հարցերից մեկը։ Դուք այդ ժամանակ ֆինանսների նախարար էիք։ Շահերի բախում չի լինի՞։ Զերծ կմնա՞նք ազդեցությունից, պալատն արդյոք ունի՞ կարողություններ, որ գործընթացը քննի անկախ անձերից»։

Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց, որ պալատն ունի համապատասխան կարողություններ․ «Սա իմ անձի հարցը չի, ես ավելի ուշ եմ միացել պալատի գործունեությանը, քան սկսվել է հաշվեքննությունը։ Ես ստանձնել եմ պարտավորություն՝ պալատի աշխատանքի վրա որեւէ պարագայում բացասական ազդեցություն չունենալու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930