Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիզմի վրացի մասնագետը դժգոհեց՝ ռուսների գալով հյուրանոցներում տեղ չկա, գները թանկացել են, հայ փորձագետը գոհ է՝ ՀՆԱ-ն աճում է, 90 %-ով տուրիզմը վերականգնվում է

Հունիս 14,2022 15:38

Համավարակն ավարտվել է, բայց սպասել, որ զբոսաշրջությունը կվերադառնա 2019 թ.-ի արդյունքներին` իրատեսական չէ: Այսօր այս մասին ասաց Վրաստանի GTA զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Իյա Գեդեւանիշվիլին: Նա մասնակցում էր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն  կենտրոնում կազմակերպած տեսակամուրջին:

Նրա խոսքով, Վրաստանում էլ, ինչպես Հայաստանում այս օրերին կան մոտ 120 հազար օտարերկրացիներ, որոնք ոչ թե զբոսաշրջիկ են, այլ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Վրաստան տեղափոխված քաղաքացիներ. «Այս թվերը դժվարացնում են զբոսաշրջիկների մասին ճիշտ թվային տվյալներ ունենալու հարցը: Նրանք այստեղ կապրեն առնվազն 3 ամիս: Ե՛վ Հայաստանում ե՛ւ Վրաստանում ենթակառուցվածքների դժվարություններ են առաջանում: Լիքն են ռեստորանները, հյուրանոցները, գները անընդհատ աճում են եւ այս ամենը, բնականաբար, չի նպաստում զբոսաշրջության զարգացմանը: Չնայած, թվերը բարելավվում են, բայց զբոսաշրջության համար դա այնքան էլ լավ չէ»:

 

Իյա Գեդեւանիշվիլին իր հայ գործընկերոջից հետաքրքրվեց՝ այս առումով ինչպե՞ս է վիճակը Հայաստանում:

Զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գեւորգյանն ասաց, որ նույն իրավիճակն էլ մեզ մոտ է. «Այո տների գները աճել են, ռեստորանները լիքն են, բայց այստեղ մի կարեւոր բան կա, այդ ամենը դրականորեն ազդում է ՀՆԱ-ի վրա: Այո, նրանք զբոսաշրջիկ չեն, բայց, մեծ հաշվով նրանց ներկայությունը մեր երկրում ազդում է բյուջեի վրա եւ այդ գումարները գնում են Հայաստանի բյուջե»:

Ըստ Վլադիմիր Գեւորգյանի, թե այս իրավիճակում ինչպես է զարգանում զբոսաշրջությունը կերեւա տարեվերջին, իսկ այս պահին արդյունքները լավ են. «Եթե մենք հիմա հաշվում ենք՝ որքան մարդ ենք ընդունել, մենք այն ցուցանիշներին ենք հասել, որն արձանագրվում էր 2018-19 թվականներին: Բայց տարեվերջին արդեն պարզ կլինի, որ եթե ոչ 100 տոկոսով, առնվազն 90 տոկոսով մեզ մոտ տուրիզմը վերականգնվել է»:

 

Վլադիմիր Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ այսօր մեծ թիվ են կազմում ԱՊՀ երկրներից Հայաստան եկող զբոսաշրջիկները, քանի որ Հայաստանը նրանց համար նոր ուղղություն է:

Վրացի գործընկերոջից Վլադիմիր Գեւորգյանը հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ սահմանափակումներ կան, պե՞տք է արդյոք զբոսաշրջիկները ՊՇՌ թեստ հանձնեն Վրաստան մուտք գործելու համար:

«Սահմանափակումները Վրաստանը հանել է, այսինքն, եթե պատվաստված քաղաքացիները գալիս են, ՊՇՌ թեստ անհրաժեշտ չէ, դիմակները հանված են ամեն տեղ՝ բացի առողջապահական հաստատություններից եւ հասարակական տրանսպորտից»:

 

Իյա Գեդեւանիշվիլին ասաց, որ շատ զբոսաշրջիկներ ունեն Ռուսաստանից եւ Բելառուսից, անգամ Ուկրաինայից. Նրանց մի մասը Երեւանով է եկել:

Իյա Գեդեւանիշվիլի

Նա կրկին մտահոգություն հայտնեց. «Չգիտենք՝ այս տարի ինչպե՞ս ենք աշխատելու, տները, բնակարանները, փոքր, մեծ հյուրանոցները տեղ չկա, զբաղված են: Մինչեւ նոյեմբեր ամրագրված են»:

Տիկին Գեդեւանիշվիլին էլ ասաց, որ Վրաստանում կտրուկ բարձրացել են գները՝ ինչը որ կապված է զբոսաշրջության հետ, եւ այն, ինչ անցյալ տարի կարելի էր գնել օրինակ՝ 10 լարիով, այսօր դարձել է 20:

Վլադիմիր Գեւորգյան

Վլադիմիր Գեւորգյանի խոսքով՝ Հայաստանում էլ տների գները 100 տոկոսով աճել են, եւ եթե նախորդ տարի բնակարանը կարելի էր վարձակալել 300 դոլարով, այսօր 600 է. «Մեզ մոտ մարդիկ կան, որոնք այդ թանկացումների պատճառով չեն կարողանում տուն վարձակալել: Բայց ընդհանուր առմամբ՝ այլ ապրանքների թանկացումները ոչ այնքան ՌԴ-ից եկած քաղաքացիների գալով են պայմանավորված, որքան միջազգային շուկաներում ապրանքների թանկացմամբ ու ճգնաժամով»:

Թե՛ Վլադիմիր Գեւորգյանը եւ, թե՛ Իյա Գեդեւանիշվիլին մտահոգություն հայտնեցին, որ այս իրավիճակը փոխվելուց հետո էլ հնարավոր է ծառայությունների գները չիջնեն եւ մնան այն մակարդակին, ինչը կա, քանի որ այդ ոլորտում, եթե բարձրանում է, այլեւս չի իջնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930