Չարենցավանի թիվ 5 դպրոցում կրքերը չեն հանդարտվում, հունիսի 16-ին պետք կայանա տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Երեք թեկնածուներից՝ Մարիամ Քոչարյանը թղթերը հետ է վերցրել, մնացել են 2 թեկնածուներ՝ Սոսե Պողոսյանն ու Վարդուհի Աֆյանը: Դպրոցի գործող տնօրենը՝ Ալլա Խաչատրյանը, չունի ղեկավարման իրավունքի հավաստագիր, այդ պատճառով չի կարողացել մասնակցել մրցույթին:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին դպրոցի ծնողները եւ որոշ ուսուցիչներ, քանի որ տնօրենը չի կարողանում մասնակցել մրցույթին, իրենց տպավորությամբ՝ ամեն գնով փորձում է տապալել այն, մինչեւ հավաստագիր ստանա ու մասնակցի: Ըստ մեր աղբյուրի, նա օգտագործում է բոլոր լծակները՝ ընդհուպ ԿԳՄՍ նախարարությունում աշխատող եղբորը, ճնշումներ է գործադրում ծնողների եւ ուսուցիչների վրա, իսկ ինչ վերաբերվում է իր յուրային մանկավարժներին, յուրաքանչյուրը մի քանի առարկա է դասավանդում՝ սկսած փոխտնօրենից ու նրա աղջկանից:
Ինչպես հայտնեցին Aravot.am-ին, եւ ծնողական, եւ մանկավարժական խորհուրդներից որեւէ ձայն չի գնացել երկու հավակնորդների օգտին, քանի որ ծնողական խորհրդի քվեարկության օրը 23 ծնողից ներկայացել է 16-ը, ու բացի երկու քվեաթերթիկից՝ մնացածն անվավեր են եղել, ծնողները ինչ-որ խորհրդանիշներ են նկարել, ինչ-որ բաներ գրել՝ քվեաթերթիկները հատուկ անվավեր դարձնելու նպատակով: Նույն պատկերն է եղել նաեւ մանկավարժների դեպքում, նրանց պարագայում էլ՝ 44-ից 29-ն է ներկա եղել:
Դպրոցի գործող տնօրեն Ալլա Խաչատրյանի հետ որեւէ հեռախոսահամարով կապվել չհաջողվեց, ուստի մեկնաբանություն խնդրեցինք խորհրդի նախագահ Վարուժան Բարսամյանից, որն ի դեպ, տնօրենի հարեւանն է, իսկ խորհրդի անդամներից մեկը դասվարի որդի է, մյուսը դպրոցի ճաշարանի աշխատակից, մեկն էլ փոխտնօրենը:
Պարոն Բարսամյանն ասաց, որ Չարենցավանը փոքր քաղաք է, եւ շատերը կարող են միմյանց հարեւան ու բարեկամ լինել: Նա հավելեց, որ երեք հավակնորդներն էլ մոտ մարդիկ են: Ինչ վերաբերվում է քվեարկությանը, ասաց, որ ծնողներն ու մանկավարժներն իրենց ցանկությամբ են իրենց ընտրությունը կատարել՝ փակ քվեարկությամբ: Նա սակայն, չկարողացավ բացատրել, թե ինչպես է ստացվել, որ համարյա բոլոր քվեաթերթիկներն անվավեր են եղել:
Այլ մանրամասներ՝ առաջիկայում: Պատրաստ ենք հրապարակել նաեւ թեմայի վերաբերյալ գործող տնօրենի տեսակետը, ինչպես նաեւ այլ տեսակետներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից: