Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Անդրանիկ Փիլոյանին վերագրվող 1 միլիոն դրամ կաշառքը պահվել նրա օգնականի սեյֆում

Հունիս 14,2022 14:59

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը շարունակում է մնալ անազատության մեջ: Նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը կալանքի երկարացման դեմ բողոք է ներկայացրել: Բողոքի քննությունը առաջիկա օրերին է:

Անդրանիկ Փիլոյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար երեք դրվագով: Նրա պաշտպանը Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց պաշտպանյալին վերագրվող կաշառք ստանալու վերաբերյալ: Փաստորեն, ըստ վարույթ իրականացնող մարմնի, առաջին դրվագով նախկին նախարարը կաշառք է ստացել իր մարտական ընկերոջը՝ Արթուր Օհանյանին աշխատանքի ընդունելու համար:

Տիգրան Սարգսյանի նկարը՝ Փաստաբանների պալատի կայքէջից

«Ասում են՝ նրանից կաշառք է վերցրել աշխատանքի ընդունելու դիմաց: Անտրամաբանական է, չէ՞, էն էլ ինչքա՞ն՝ 300.000 դրամի սահմաններում ինչ-որ ոսկու փոքրիկ ձուլակտոր, որ բանկերում վաճառում են: Հիմա ի՞նչ, հավատա՞նք».- նման հարցադրում է անում փաստաբանը: Ի դեպ, Արթուր Օհանյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:

Երկրորդ դրվագով՝ ԱԻ նախկին նախարարը, կաշառք է ստացել անհայտ անձից (ըստ պաշտպանի՝ անհայտ անձ է նշվում վարույթ իրականացնող մարմնի կողմից) կրկին աշխատանքի ընդունելու դիմաց, իսկ երրորդ դրվագով՝ «Sos systems» ընկերության սեփականատեր Ա․Յ․–ից:

«Ա․ Յ․–ի ցուցմունքն է մեջբերվում ու այդ ցուցմունքով է վարույթ իրականացնող մարմինը հիմնավորում, որ Փիլոյանը կաշառք է ստացել: Բայց այդ ցուցմունքի մեջ կաշառք տալու մասին մեկ բառ նույնիսկ չկա: Դեռեւս 2012-ից «Sos systems»-ընկերության եւ ԱԻՆ-ի միջեւ պայմանագիր է եղել, որ ընկերությունը, ծառայություններ մատուցելով ԱԻՆ-ին՝ իր եկամուտների 20 տոկոսը վերադարձնելու է ԱԻՆ-ի ծախսերի համար: Այդպես էլ եղել է: Տարիներ շարունակ այդ ընկերությունը գումարներ է տրամադրել ԱԻՆ-ի կարիքների համար: Դա պայմանագրի հիման վրա է եղել: Եկել է ժամանակ, որ մի այլ ընկերություն ցանկություն է ունեցել նույնպես ծառայություններ մատուցել եւ նկատել են, որ մրցակցության խախտում կա, «Sos systems -ին արգելել ծառայություններ մատուցել: Դա եղել է 2020-ին, բայց «Sos systems»-ը շարունակել է յուրօրինակ բարեգործություններ անել: Մեր հայ իրականության մեջ տենդերները սկսում են ապրիլին, այսինքն` հունվարին ոչ մի հիմնարկ ծախսելու գումար չունի: Պետությունն է ստիպում կեղծիքների գնալ, մարդը, որ գոնե իրենց ներքին կարիքները հոգա, թղթերը, ծրարները, օրացույցները… սպասարկման համար, օգնականի միջոցով ասում է՝ մեկ միլիոն դրամ է պետք: Ավելի շուտ իրական գործարք են կազմում, որ երկու շարժիչ վերանորոգեն: Ասում է՝ լավ է մեկը վերանորոգեն, մյուսի մեկ միլիոն դրամը բերենք կարիքների համար: Ընդ որում՝ այդ խոսակցությունը չի գնում ոչ Փիլոյանի, ոչ Ա․ Յ․–ի, իր օգնականն է նախաձեռնում ու տեւական ժամանակ այդ մեկ միլիոն դրամը գտնվել է օգնականի սեյֆում: Այնտեղից են հայտնաբերել: Եթե կաշառք էր վերցնում՝ վազելով պետք է բերեր, տար, չէ՞: Ա․ Յ․–ն ասում է, ինչ կաշառք, ես որ նույնիսկ արգելքի պայմաններում պատրաստ էի աջակցություն ցույց տալ ԱԻՆ-ին»,- պատմեց Անդրանիկ Փիլոյանի պաշտպանը: Ա․ Յ․–ին նույնպես մեղադրանք են առաջադրել:

Պաշտպան Սարգսյանը միջնորդել է առերեսումներ անել իր պաշտպանյալի եւ գործով այլ կարգավիճակ ունեցող անձանց հետ: Դեռ առերեսումներ չեն եղել:

Ինչ վերաբերում է BAXI-ի համակարգը Անդրանիկ Փիլոյանի կողմից որպես կաշառք ընդունելու դրվագին, փաստաբանը շարունակեց. «Գոնե դա գրեք, որ BAXI-ի համակարգը երբեք նախարարության հաշվեկշռում չի եղել: Դա գնվել է իր օգնականի կողմից իր իսկ տված գումարով 2021-ի գարնանը: Անդրանիկ Փիլոյանն անձամբ 800.000 դրամ է տվել այդ ջեռուցման համակարգը գնելու համար: Դավիթաշենում տուն էր գնել, այդ բնակարանում տեղադրելու համար էր նախատեսված: Գնման վերաբերյալ բոլոր կտրոնները կան: Այդ մարդը այնտեղից բան չի տարել: Անդրանիկ Փիլոյանը, հենց այդպես էլ ասում են, փողն ավելի շատ է տվել, օգնականն ավելի էժան բան է գնել: Ձայնագրառումների մեջ հենց այդ թեմայով էլ գնում է, զրույցը գնացել է իր օգնական Աշոտի միջեւ, թե քեզ խաբել է, էժան է գնել, ինչու այդպես լինի, էդ փողերը պոկելու ենք, բերենք»:

Ում միջեւ է այդ խոսակցությունը գնացել՝ մեր հարցին պարոն Սարգսյանը պատասխանեց, որ կգա ժամանակը՝ փակագծերը կբացեն, հիմա իր պաշտպանյալը թույլ չի տալիս խոսել:

Նախկին նախարար Փիլոյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու համար հիմք են հանդիսացել նաեւ ԱԻՆ-ի աշխատակիցների գաղտնալսումները: Ըստ Փիլոյանի պաշտպանի՝ «Երկու աշխատակցի զրույց կա, թե այսինչի ծնունդն է, տանենք, նվիրենք, հունվարին, դա կարելի՞ է կապել, թե Անդրանիկ Փիլոյանին են նվիրելու, երբ Փիլոյանի ծնունդը օգոստոսի 14-ին է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930